Logo

Օգոստոսի 12-ին Շերամի երգիչ Վալյա Սամվելյանի ծննդյան օրն է

Հեղինակ
Նարինե Մելիքյան
18:03 / 12.08.2024Լուրեր
null

«Որքան լավ ու բարի կողմ ունեմ ժառանգել եմ մայրիկիցս: Եվ, բնականաբար, ինչպես ցանկացած ծնող, փոխանցում եմ զավակներիս: Վալյա Սամվելյանն, իրոք աստվածատուր, բարձր տաղանդի տեր երգչուհի էր և հրաշալի մարդ: Նա բոլորին հասնում էր: Ժողովուրդը նրան անչափ սիրում էր»: (Արա Գևորգյան՝ Վալյա Սամվելյանի որդին)

«Ազնիվ ու անարատ հոգու տեր էր մեր Վալյան: Այդպես մաքուր ու ազնիվ էին հնչում նրա կատարած երգերը` ունկնդիրների բազմազան լսարանին հաղորդելով հուզական ու վսեմ զգացմունքներ: (Էդուարդ Միրզոյան)

87 տարի առաջ օգոստոսի 12-ին Երևանում ծնվել է Վալյա Սամվելյանը: Հայրը եկեղեցական խորհրդի նախագահ էր, նաև հրաշալի ձայն ուներ: Մայրը եկեղեցու երգչախմբում էր երգում: Դեռ մանկուց ռադիոյով և հեռուստատեսությամբ լսելով Շարա Տալյանի, Արմենակ Տեր-Աբրահամյանի, Վաղարշակ Սահակյանի, Արաքսյա Գյուլզադյանի, Շողիկ Մկրտչյանի, ապա` Օֆելյա Համբարձումյանի, Հովհաննես Բադալյանի կատարմամբ հայկական ժողովրդական ու գուսանական երգեր` աղջիկը որոշում է դառնալ ժողովրդական երգչուհի: Նրանց տանը պահպանվում էր վանեցի հայրիկի` իր հորից ժառանգած երգարանը, որտեղից էլ օժտված աղջնակն ընտրում է իր առաջին կատարումները:

Դպրոցն ավարտելուց հետո աշխատանքի է անցնում Երևանի ավտոդողերի գործարանում: Նկատելով երիտասարդ աղջկա տաղանդը` նրան հրավիրում են ընդգրկվելու գործարանի երգի-պարի անսամբլում: Կարճ ժամանակում նա դառնում է անսամբլի մեներգչուհին: Շրջագայում և ելույթներ է ունենում Հայաստանի տարբեր շրջաններում, ինչպես նաև աշխարհի մի շարք երկրներում: Վալեչկային (ինչպես սիրում էին նրան անվանել մտերիմները) անվանում են «ժողովրդի ծոցից դուրս եկած» և բնատուր շնորհով օժտված երգչուհի: Ունի միջազգային փառատոնի 4 ոսկե մեդալ։ Թողարկել է ձայնասկավառակներ Մոսկվայի «Մելոդիա» ընկերությունում և ԱՄՆ-ում։ 

Որոշ ժամանակ անց նա աշխատանքի է անցնում «Հայէլեկտրո», այնուհետև` սարքաշինական գործարանում` շարունակելով երգել ինքնագործ անսամբլում: Հենց այդտեղ էլ հանդիպում է իր ապագա ամուսնուն՝ «Ժողգործիք» նվագախմբի գեղարվեստական ղեկավար և թառահար Կարլեն Գևորգյանին: Զույգն ունի 2 որդի՝ Արկադի և Արա Գևորգյանները:

Վալյա Սամվելյանի հայրը դստերը տանում է Թաթուլ Ալթունյանի անվան երգի-պարի պետական անսամբլ: Վալյան քննություն է հանձնում և դառնում վաստակավոր կոլեկտիվի անդամ: Անսամբլում երգելու տարիներին նա ժողովրդական ու գուսանական երգերի մատուցման յուրօրինակ ձեռագիր է մշակում` երգացանկն ընդլայնելով ավելի բարդ ստեղծագործություններով` Կոմիտաս, Սայաթ-Նովա, Ալեքսեյ Հեքիմյան, Խաչատուր Ավետիսյան, գուսան Աշոտ:

Վալյա Սամվելյան երգչուհին վերջնականապես կայացավ պետական ռադիոյի Արամ Մերանգուլյանի անվան ժողովրդական գործիքների վաստակավոր անսամբլում: Մերանգուլյանն անձամբ Վալյային հրավիրեց անսամբլ, որտեղ Սամվելյանը երգեց 38 տարի` մինչև կյանքի վերջին օրը: Համույթում այդ տարիներին երգում էին Արաքս Գյուլզադյանը, Շողիկ Մկրտչյանը, Օֆելյա Համբարձումյանը, Հովհաննես Բադալյանը, Նորայր Մնացականյանը, Ռուբեն Մաթևոսյանը, Րաֆֆի Հովհաննիսյանը, Մանիկ Գրիգորյանը: Նրանց օգնությամբ Վալյա Սամվելյանի կատարողական արվեստը նոր որակ ձեռք բերեց: Այդ գործում մեծ էր Հովհաննես Բադալյանի, դուդուկահար Վաչե Հովսեփյանի, նաև Արաքսյա Գյուլզադյանի ներդրումը: Ինքը` երգչուհին, մեծ երախտագիտությամբ էր հիշում ավագ ընկերուհուն. «Ինձ բախտ է վիճակվել երկար ժամանակ աշխատել Արաքսյա Գյուլզադյանի հետ: Այդ մեծ ու փորձված երգչուհին դարձավ իմ առաջին ուսուցիչը, հատկապես Շերամի ստեղծագործությունների կատարման բնագավառում: Շերամը միշտ իմ երգացանկի զարդն է եղել, ինձ հետ քայլել է մեծ ու փոքր բեմահարթակներով: Այս ամենի համար հիմա և միշտ պարտական եմ մեծ երգչուհի Արաքսյա Գյուլզադյանին»:

Գուցե Արաքսյա Գյուլզադյանի շնորհիվ էլ Վալյա Սամվելյանին համարում են «Շերամի երգիչ»: Բայց աշուղի ստեղծագործությունների հանդեպ երգչուհու սերը պատանեկան է: Դեռ մանուկ հասակից ռադիոյով լսում էր «Սարեր կաղաչեմ», «Շորորա», «Ամպերն ելան բլուր-բլուր», «Ճամփորդ եմ», «Սիրուններ, միք նեղանա» երգերը: Հետագայում Շերամի երգերը հաստատուն և մշտական տեղ գտան նրա երգացանկում` նուրբ երաժշտականություն, հուզական ջերմություն, բեմական կերտվածքի վայելչություն: Այս ամենի շնորհիվ նրա կատարողական արվեստը պրոֆեսիոնալ մակարդակի հասավ:

«Երգը գրելուց հետո երգահանները գալիս էին մեր տուն` այն մայրիկին սովորեցնելու, քանի որ նոտաներ չգիտեր»: Չնայած դրան` մեր դուռը հաճախ էին անծանոթ մարդիկ թակում` խնդրելով, որ մայրս իրենց զավակին երգի դաս տա: Իսկ նա այդ մարդկանց քնքշորեն ուղարկում էր Հովհաննես Բադալյանի մոտ», - հիշում է որդին՝ Արա Գևորգյանը: Երաժշտի խոսքով՝ ընտանիքը զուսպ էր ապրում, բնակվում էին վարձով` նկուղային, մութ, խոնավ բնակարանում: Փոխարենը տիկին Վալյան միջնորդում էր, որ կարիքավոր ընտանիքներին բնակարան տան: Բարեբախտաբար նրա բարությունը գնահատվեց: 1961 թվականին Հայաստանի կոմկուսի կենտկոմի առաջին քարտուղար Յակով Զարուբյանը և այլ բարձրաստիճան պաշտոնյաներ տեղեկանում են երգչուհու բնակարանային պայմանների մասին և բնակարան նվիրում: 

Արա Գևորգյանը հիշում է. «Մի գիշեր առաջին հարկում գտնվող մեր բնակարանի պատուհանը թակեցին անծանոթ ամուսիններ և մայրիկին խնդրեցին, որ իրենց հետ գնա հիվանդանոց: Այնտեղ ծանր այրվածքներով պառկած էր նրանց որդին: Բժիշկներից հիասթափված` նրանք մայրիկին խնդրում էին երեխայի կողքին լինել, որպեսզի բուժաշխատողները զգաստանան: Մայրիկը գնաց հիվանդանոց և ամբողջ օրն անցկացրեց այդ տղայի հիվանդասենյակում»:

«Չեմ մոռանա` երբ միասին շուկա էինք մտնում, բոլորը բղավում էին` էժան տվեք, նա մեր սիրելի երգչուհին է: Հաճախ, երբ մայրիկը տոպրակներով ծանրաբեռնված` շուկայից տուն էր վերադառնում, հետևից մի կին էր գալիս` ծաղկեփնջով: Պարզվեց` ծաղկավաճառ է և իր սիրելի երգչուհուն ծաղիկներ նվիրելու ցանկությամբ նրան ուղեկցում էր մինչև տուն, քանի որ մայրիկի ձեռքերը զբաղված էին: Հենց տանն էլ նվիրում էր ծաղիկները»,- պատմում է Արա Գևորգյանը:

Երգչուհին կյանքից հեռացավ վաղաժամ՝ 53 տարեկանում: 1990 թվականի դեկտեմբերի 3-ին նա միայնակ Կիևյան փողոցով տուն էր վերադառնում: Մտքերով տարված` երգչուհին չի նկատել չարաբաստիկ մեքենան...

Կենդանության օրոք համաժողովրդական սիրելի երգչուհին չարժանացավ ժողովրդական կամ վաստակավոր արտիստուհու կոչման: Շատ տարիներ անց Արա Գևորգյանն արժանանալով վաստակավոր արտիստի կոչման՝ հրապարակայնորեն այն նվիրեց մայրիկին: Գևորգյանի խոսքով՝ մայրն այդ կոչմանն ավելի էր արժանի:

fastnews-ads-banner