Logo

Օրվա տերմինը. Էքսպրեսիոնիզմ

Հեղինակ
Մարինե Մելիքյան
00:00 / 07.09.2021ՍՊՈՐՏ
Famous expressionist artists - Օրվա տերմինը. Էքսպրեսիոնիզմ

Ի՞նչ է էքսպրեսիոնիզմը

Գրականության և արվեստի ուղղություն, որը միակ իրականությունը համարում է մարդու ենթակայական (սուբյեկտիվ) հոգեկան կյանքը, իսկ նրա արտահայտումը, կերպարավորումը դիտում է որպես արվեստի գլխավոր նպատակ։

Էքսպրեսիոնիզմի մեջ արվեստը կարծես ավելի է հեռանում իրականության պատկերումից. գլխավորը հեղինակի սուբյեկտիվ պատկերացումների արտահայտությունն էր։ Նկարչի ճչացող ՙեսը՚ հետ է մղում փաստը, ՙպատկերը՚ փոխարինվում է ՙարտահայտմամբ՚։ Էքսպրեսիոնիզմի մեջ գերակշռում է իրեն արտահայտելու նկարչի ձգտումը, իր ներաշխարհը՝ առավելագույն մերկությամբ և սրությամբ։ Հաճախ էքսպրեսիոնիստի ներաշխարհը երևում է որպես հակասական, օբյեկտիվ իրականությանն ընդդիմացող, որը նա արտահայտում է կտրուկ աղճատված ձևով։ Դա կարող է համադրվել նկարչի անկեղծ ձգտումով՝ հաստատելու համամարդկային արժեքները, դատապարտել սպառազինությունները, հասարակական անարդարությունը և այլն։

Տերմինը

Ֆրանսերեն Expression (արտահայտություն) տերմինը առաջին անգամ գործածեց Բեռլինում լույս տեսնող ՙՇտուրմ՚ էքսպրեսիոնիստական ամսագրի հրատարակիչ Վալդենը։ Էքսպրեսիոնիզմ տերմինը պետք է բնութագրեր այն արվեստի էությունը, որը իր առջև դրված խնդիրներով ու մեթոդներով հակառակ էր իր հնարավորությունները սպառած նատուրալիզմի և իմպրեսիոնիզմի ուղղություններին։

Պատմական ակնարկ

XX դարի սկզբներին Գերմանիայում սկիզբ առավ մի շարժում, որը գեղանկարչության մեջ դեմ էր ակադեմիզմին։ Դրա նախաձեռնողները Դրեզդենում ՙՄոստ՚ անունը կրող խմբում միավորված ուսանող ճարտարապետներ Կիրխները, Բրեյլը, Հեկելը, Շմիդտ-Ռոտլուֆը և այլք էին։ Նրանցից ոչ մեկը գեղանկարչության մեջ փորձ չուներ, և նրանց գեղարվեստական փորձարարությունները հանգեցրին էքսպրեսիոնիզմի ծնունդին՝ որպես նոր գեղարվեստական ուղղության։ Արվեստում և գրականության մեջ այդ նոր ուղղությունը, որն արտահայտվեց 1-ին համաշխարհային պատերազմի և դրանից հետո հեղափոխական ցնցումների ժամանակ, բուրժուական աշխարհի ճգնաժամի զգացողությունն էր։ Էքսպրեսիոնիզմը ժամանակաշրջանի սուր հակասությունների հետևանք էր, հասարակական հիասթափության պտուղ, տոտալ օտարվածության դեմ անհատականացված արտահայտություն։ Այդ անվանումը խմբի անդամները չտվեցին, այլ քննադատները՝ բնութագրելով դրա գերակշիռ հատկանիշը – գերլարված, բարձր հուզականությունը, արտահայտչականությունը։

 


fastnews-ads-banner