Logo

«Օսկարը և վարդագույն տիկինը»՝ AV թատրոնում․ Անի Բայաթյանը և՛ բեմադրել է, և՛ խաղում է

Հեղինակ
Նարինե Մելիքյան
23:58 / 09.04.2025• Լուրեր
null

Փետրվարի 22-ին  «AV թատրոնում» տեղի ունեցավ  «Օսկարը և վարդագույն տիկինը» ներկայացման պրեմիերան։ Պատմություն՝ ընկերության ոգեշնչող ուժի, հավատի, ապրած ամեն օրվա արժեքի մասին, որը ցույց է տալիս, թե որքան սեր ու բարություն կարող է պարունակել նույնիսկ ամենակարճ կյանքը: Դերերում են Անի Բայաթյանը, Դավիթ Խաչատրյանը, Անդրանիկ Հակոբյանն ու Վիոլա Ղարիբյանը (Անի Բայաթյանի դուստրը)։ Բեմադրիչը ևս Անի Բայաթյանն է։

«Այս գործն ապրելու մասին է, իսկ մենք հիմա դրա կարիքն ամենաշատն ունենք։ Պետք է նույնիիսկ ամենակարճ ժամանակահատվածն ապրենք ուրախ, վայելենք ու չտխրենք։ «Օսկարը և վարդագույն տիկինը» չկարդացած մարդիկ գիտեն, որ այն քաղցկեղով հիվանդ երեխայի մասին է ու խուսափում են այս գործից», - անկեղծացել է Անի Բայաթյանը։ Դերասանուհու խոսքով՝ դժվար չէ նույն ներկայացումում և՛ խաղալը, և՛ ռեժիսորությունը։ Պնդում է՝ ոչինչ բարդ չէ, եթե կա ցանկություն և սեր աշխատանքի նկատմամբ։ «Երևակայական աչքերը թողել էի հանդիսատեսի շարքում և բեմում խաղում էի։ Բնականաբար, բարդ էր, բայց կողքիս այնպիսի մարդիկ էին, որոնց ասում էի՝ հետևեք՝ ինչպես է ստացվում։ Եղել է՝ դստերս եմ ասել իմ տեղում կանգնիր, գնամ, դահլիճից նայեմ բեմը, դերասաններին։ Կարծում եմ՝ ստացվել է։ Մենք գոհ ենք», - նշել է ռեժիսորը։

Ըստ Անիի՝ հանդիսատեսը հուզված է լքում թատրոնը։ Հուզմունքի պատճառը ոչ թե տղայի մահն է, այլ այն, թե որքան բան կարող է լինել մարդու կյանքում շատ կարճ ժամանակում։ «Օսկարի դերակատար Դավիթ Խաչատրյանը և դուստրս սովորում էին Երևանի տարածաշրջանային թիվ 1 պետական քոլեջում։ Դավիթը շատ էր ուզում որևէ գործ բեմադրել։ Ընտրեց «Օսկարը և վարդագույն տիկինը», ես էլ օգնեցի նրանց։ Այդ գործը դարձավ նրանց դիպլոմային աշխատանքը։ Հետագայում «AV թատրոնից» ստացա առաջարկ և զրոյից բեմադրեցի այս գործը», - պատմել է Անին։

Անիի բեմադրությունում գլխավոր դերակարտարը հենց Դավիթ Խաչատրյանն է։ «Բժշկական ստուգման էի գնացել։ Պատասխանները դեռ չունեի, բայց մտածում էի՝ քաղցկեղ ունեմ։ Մեկուսացել էի աշխարհից, ոչ ոքի հետ չէի խոսում։ Այդ ընթացքում համացանցում փնտրում եմ քաղցկեղի վերաբերյալ տեղեկություններ ու հանկարծ տեսնում եմ այս պատմությունը։ Սկզբի տողերը հավանում եմ, վերցնում եմ և անմիջապես մտածում՝ կհասցնե՞մ բեմադրել», - պատմել է Օսկարին մարմնավորող Դավիթը։ Նա տեղեկացրել է, որ այս տարի պատրաստվում է ընդունվել Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի դերասանական բաժին։

«Բոլորս Օսկարից սովորելու բան ունենք։ Նա իր կյանքի վերջին 12 օրն ապրեց այնպես, ինչպես մարդը կապրեր իր 120 տարին։ Այս պիեսը սովորեցնում է գնահատել յուրաքանչյուր վայրկյանը», - նշել է բժիշկ Դյուսելդորֆին մարմնավորող Անդրանիկ Հակոբյանը։

fastnews-ads-banner