Հայկական ազգային պարը սկիզբ է առել դեռևս նախաքրիստոնեական ժամանակաշրջանում՝` Հայկական լեռնաշխարհի տարածքում: Այն արտահայտել է ժողովրդի կենցաղը, մտածողությունն ու վերաբերմունքը կյանքի և բնության հանդեպ:
Հայկական պարի մասին առաջինը հիշատակությունը Պլուտարքոսինն է: Նա վկայում էր, որ մ.թ.ա 1-ին դարում հայերը ամֆիթատրոն են կառուցել՝ կատարելով բեմական ներկայացումներ և պարեր: Այդ ժամանակ պարողները բաժանվել են ըստ սեռի և տարիքի, և հանդես են եկել առանձին: Ամեն ինչ կախված էր տոնից, ծեսից կամ պաշտամունքի առարկայից:
Հայկական պարը սերնդեսերունդ փոխանցվելուց հետո, միևնույն է, պահպանել է միայն իրեն հատուկ շարժական, կառուցվածքային և երաժշտական առանձնահատկությունները։
Հայկական ազգային պարն այսօր բաժանում են երկու խմբի՝ ազգագրականի և ժողովրդականի։
Ժողովրդական պարը ծնվել է խորհրդային «խորեոգրաֆիկ» դպրոցի կաղապարից և ղեկավարվելով դասական և բալետային պարի ներկայացուցիչների կողմից, հեռացել իր ազգային ակունքներից։ Իսկ ազգագրականի հիմքում ընկած է ազգի ընդհանուր նկարագիրը, նրա նյութական և հոգևոր մշակույթը։ Ազգագրական պարը, միահյուսվելով իր միջավայրի ծեսերի, տոնակատարությունների, հավատալիքների և պաշտամունքների հետ, ստեղծում է հայ ժողովրդի հոգեբանությունը և զգացմունքային աշխարհը նկարագրող մի մշակույթ։ Այս առումով շատ տեղին է Կոմիտասի միտքը.
«Պարն արտահայտում է յուրաքանչյուր ազգի բնորոշ գծերը, մանավանդ բարքն ու քաղաքակրթության աստիճանը»։
Պարարվեստ կոչվող զգացմունքային այս աշխարհը անտարբեր չի թողել նաև հայ նկարիչներին, որոնք տարբեր ժամանակներում պատկերել են և՛ ազգային, և՛ համաշխարհային պարն ու պարողներին։ Ձեզ ենք ներկայացնում նկարների մի շարք, որ կարելի է կոչել «Պարը` հայ նկարիչների աչքերով»։















