Ապրիլի 29-ին նշվում է Պարի միջազգային օրը։ Տոն, որը նվիրված է պարին ու պարողներին։
Պարի միջազգային օր ունենալու նախաձեռնությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի պարի միջազգային խորհրդինն է, որն իրականություն է դարձել 1982 թվականին։ Օրը պատահական չի ընտրված։ Ապրիլի 29-ը ֆրանսիացի բալետմեյստեր, պարարվեստի տեսաբան ու ռեֆորմատոր Ժան-Ժորժ Նովերի (1727-1810) ծննդյան օրն է։ Նովերին համարում են ժամանակակից բալետի հայր։ Նովերը մշակել է հերոսական բալետի ու բալետ-ողբերգության սկզբունքները։ 1752–ին հրատարակվել է նրա հանրահայտ «Ընդհանուր պարի տեսություն և պրակտիկա, դրան ուղեկցող բալետային կոմպոզիցիաներ, երաժշտություններ, կոստյումներ և դեկորացիաներ» աշխատությունը, որտեղ հեղինակը ներկայացրել էր պարի, մասնավորապես` բալետի մասին իր սկզբունքները։
Հիմնադիրների մտահղացմամբ, այս տոնի հիմնական գաղափարը բոլոր ուղղությունների, ժանրերի ու ոճերի պարերի միավորումն է` որպես արվեստի միասնական ձեւ։ Իսկ Պարի միջազգային օրը առիթ է մեծարելու, գնահատելու արվեստի այս ճյուղն ու նրա ներկայացուցիչներին։ Ըստ նախաձեռնողների, պարն ունակ է հաղթահարել բոլոր քաղաքական, մշակութային ու էթնիկ սահմանները, միավորել մարդկանց՝ հանուն բարեկամության ու խաղաղության՝ թույլ տալով նրանց խոսել նույն ու բոլորին հասկանալի լեզվով։ Դա պարի լեզուն է։
Բոլոր ժամանակներում պարը, պարողներն ու հատկապես` պարուհիները ոգեշնչել են նկարիչներին։ Նրանց ոգեշնչումը կերպարանք է ստացել իրենց կտավներում։ Այսօր առանձնացրել ենք համաշխարհային կերպարվեստի մի շարք գլուգործոցներ` նվիրված պարին ու պարողներին։














