Քանի որ «Ավատար. Ջրի ուղին» շարունակում է գերիշխող մնալ համաշխարհային կինովարձույթում (ներկայում բոլոր ժամանակների 4-րդ ամենաեկամտաբեր ֆիլմն է՝ 2,13 միլիարդ դոլարով), Ջեյմս Քեմերոնի ֆիլմաշարի ապագան ավելի պարզ է դառնում: Քեմերոնն արդեն նկարահանել է «Ավատար 3»-ը և չորրորդից հատվածներ, իսկ երկրորդն այնքան լավ է իրեն դրսևորել, որ հինգերորդ մասը նույնպես կնկարահանվի։
Empire ամսագրին տված նոր հարցազրույցում «Ավատար»-ի պրոդյուսեր Ջոն Լանդաուն մի քանի նոր մանրամասներ է ներկայացրել, թե ինչ կարող են սպասել երկրպագուները հաջորդ երեք շարունակություններից։ Մինչ այդ, Քեմերոնն ասել էր, որ երրորդ մասը կներկայացնի ավելի անտագոնիստական Նա'վի ռասային։ Լանդաուն ասել է, որ այս խումբը «մոխրի ազգն» է, որը Empire-ի կողմից նկարագրված է որպես Նա'վիների «ագրեսիվ, հրաբխային ռասա»՝ Վարանգի գլխավորությամբ: Նրան մարմնավորելու է Չարլի Չապլինի ծոռնուհին՝ Ունա Չապլինը։
Հարցազրույցի շնորհիվ նաև հայտնի է դարձել, որ «Ավատար 4»-ը կունենա «ժամանակային առումով մեծ թռիչք», որն այնուհետև կհանգեցնի «Ավատար 5»-ին և Երկրի վրա պատմությանը:
Ինչպիսի՞ն կլինի Երկիրը «Ավատար»-ի աշխարհում: Երկրպագուները գիտեն, որ մոլորակը մահանում է, այդ իսկ պատճառով Ռեսուրսների զարգացման վարչությունը (RDA) ժամանել է Պանդորա՝ մարդկանց համար նոր կայուն մոլորակ ստեղծելու համար: Լանդաուն Empire-ին ասել է, որ ֆիլմում «գերբնակեցումը և մեր բնական ռեսուրսների սպառումը դժվարացնում են կյանքը» Երկրի վրա։ «Բայց մենք չենք ցանկանում մռայլ պատկեր ներկայացնել, թե ուր է գլորվում մեր աշխարհը: Ֆիլմերը նաև այն գաղափարի մասին են, որ մենք կարող ենք փոխել ընթացքը»։


