Logo

Պատանի հանդիսատեսի թատրոնի դերասանները 3 ամիս աշխատավարձ չեն ստացել

23:50 / 15.04.2025Լուրեր
null

Երևանի Պատանի հանդիսատեսի թատրոնի դերասանները բողոքի ակցիա են իրականացրել Երևանի քաղաքապետարանի մոտ։ Թատրոնի անձնակազմը 3 ամիս աշխատավարձ չի ստացել։ «Չեմ պատկերացնում՝ ինչ կարող է ունենալ ղեկավարությունը Հայաստանի միակ մանկական թատրոնի դեմ, որն ապահովում է երեխաների գեղագիտական դաստիարակությունը։ Եթե չնկարվեի ֆիլմերում՝ ինչո՞վ էի ապրելու։ Որևէ մեկն իրեն հարց տալի՞ս է։ Երբ ամեն ինչի գինը բարձրանում է, չե՞ն մտածում, որ դրա հետ աշխատավարձն էլ պետք է բարձրանա։ Ի՞նչ խղճով է քաղաքապետը երեք ամիս շարունակ գնում ման գալու», - ընդգծել է 86․000 դրամ ստացող Անահիտ Ղուկասյանը։

«Երևի թե վարչական հարցեր են։ Կոնկրետ ասացի՝ բացատրեք՝ ինչու մեզ փող չեք տվել։ 100 տարվա թատրոն է, ամեն օր 2-3 ներկայացում էնք խաղում։ Քաղաքապետարանի աշխատակիցը խոստացավ, որ առաջիկա օրերին անպայման կստանանք։ Բայց ինչո՞ւ չեն տվել, ինչպե՞ս են մեկնաբանում, սովորության համաձայն՝ «ни рыба ни мясо»։ Եկանք, որովհետև շատ բորբոքված էինք», - նշել է Արև Սանթրոսյանը։

«Այստեղ բոլորն աշխատավարձով ապրող մարդիկ են, ովքեր այդ գումարը վաստակում են իրենց արդար քրտինքով։ Օրական խաղում են 2-3 ներկայացում։ Աշխատում են երեխաների հետ։ Ինչպե՞ս են մարդիկ գլուխը հանգիստ դնում բարձին, եթե այդ մարդիկ ապրուստի միջոց չունեն։ Օրեցոր ամեն ինչ թանկանում է, իսկ մարդիկ չեն կարողանում իրենց տարրական կարիքներն ապահովել։ Եթե կան տարաձայնություններ․ այդտեղ դերասանները մեղավոր չեն։ Քաղաքապետարանում մեզ խոստացան՝ առաջիկա 5 օրում վճարել։ Թատրոնում կան այլ խնդիրներ ևս, որոնք կցանկանայինք քննարկել պատկան մարմինների հետ», - ասել է Արթուր Կարապետյանը։

fastnews-ads-banner