Logo

Պերճ Պռոշյանի խորամանկ քայլը զինվորների նկատմամբ. հունիսի 3-ին հայ վիպասանի ծննդյան օրն է

00:00 / 03.06.2024Լուրեր
null

Հայ վիպասան Պերճ Պռոշյանը (1837-1907 թթ.), ինչպես և մեր շատ գրողներ կեցության դժվարություններից ելնելով՝ գրողի գործին զուգահեռ, կամ դրանից առաջ տարբեր գործերով են զբաղվել: Պերճ Պռոշյանը եղել է ուսուցիչ, դպրոցի տեսուչ, ածխավաճառ և... հայ առաջին լուսանկարիչներից: Սովորելով լուսանկարչական հմտություններ, նա սալոն է բացում, իսկ նկարները ստորագրում  «Պերճ Աշտարակեցի» անունով: Առաջին արվեստանոցը բացել է Թիֆլիսում 1861 թ.: Պռոշյանի լուսանկարները հիմնականում դիմանկարներ են, սակայն կան նաև  հուշարձանների ու եկեղեցիների պատկերներ: Գրողի լուսանկարչական գործունեության մի զավեշտալի դրվագ է ներկայացնում Ալեքսանդր Շիրվանզադեն իր՝ «Կյանքի բովից» հուշագրությունում. 

«Մի ժամանակ Պռոշյանը Երևանում ածխավաճառ էր եղել, հետո լուսանկարիչ, հետո էլ՝ չգիտեմ ինչ: Նրա լուսանկարչական կյանքից պատմում էին հետևյալը: Ռուս-թուրքական պա­տերազմին 1876 թ. մի օր Պռոշյանի արհեստանոցն են մտնում լուսանկարվելու 10-12 շարքային զինվորներ:

- Խմբովի՞ն եք ուզում նկարվել, թե՞ առանձին-առանձին,- հարցնում է Պռոշ­յանը:

- Առանձին-առանձին:

Պռոշյանը, տեսնե­լով որ այդքան մարդկանց լուսանկար­ները զատ-զատ նկարելը շատ ժամանակ պիտի խլի, դիմում է խորամանկության: Նա լուսանկարում է զինվորներից միայն մեկին և ասում է.

- Առաջիկա կիրակի եկեք, բոլորիդ լուսանկարները պատրաստ կլինեն:

Հաջորդ կիրակի զինվորները գալիս են, և Պռոշյանը, յուրաքանչյուրին տալով վեցական օրինակ մի հոգի զինվորի լուսանկարից, հարցնում է.

- Հավանո՞ւմ ես, տես ինչքան նման է քեզ:

- Շատ նման է ինձ, շատ նման,- պատասխանում է ամեն մեկը:

Զինվորները հեռանում են գոհ սրտով:

Այս անեկդոտի եղելությունը Պռոշյանը չէր հերքում

-Եղբայր,- ասում էր նա, - այդ ռուս զինվորներն այնքան են իրար նման, որքան գետնախնձորները մի տոպրակի մեջ»։

fastnews-ads-banner