Logo

«Պետք է կարողանանք լսել, որ չմնանք «փահլևանի» կարգավիճակում». կայացավ Ռաֆոյի նոր մոնոներկայացման պրեմիերան

Հեղինակ
Նարինե Մելիքյան
01:37 / 17.05.2024Լուրեր
Բացառիկ
null

Մայիսի 15-ին Բոհեմ թատրոնում կայացավ Ռաֆայել Երանոսյանի 3-րդ մոնոներկայացման պրեմիերան: Այն կոչվում է «Փահլևան»։ Մոնոներկայացման հեղինակներն են Արմեն Վարդանյանը, Գարիկ Գևորգյանը և Գևորգ Սահակյանը, պրոդյուսերը Վահան Թովմասյանն է։

Ռաֆայելը բեմ բարձրացավ կատարելով «Եվրատեսիլ 2024-ի» Հայաստանի պատվիրակ «Լադանիվայի» «Ժակո» երգը՝ հումորային տարբերակով: Ապա հանդիսատեսի հետ քննարկեց Հայաստանի ներկայիս վայրիվերումները, խոսեց նաև անձնական կյանքից։ Ըստ Ռաֆայելի՝ բեմը այն վայրն է, որտեղից իրենք խոսում են իրենց հուզող հարցերի մասին: «Այս հարթակից ես խոսում եմ արդի թեմաներից և համեմում դրանք ինձ հատուկ հումորով։ Տեսնում ենք, որ այսօր ամեն ինչ խառնվել է իրար: Իմ ու ընկերներիս հիմնական նպատակը նման մոնոներկայացումներով միշտ և ամենուր բարություն և դրական էներգիա քարոզելն է: Պետք է լսենք, հանդուրժենք և ապրումակցենք միմյանց։ Պետք է հաճախ կարողանանք լսել, որ միշտ չմնանք «փահլևանի» կարգավիճակում», - ընդգծեց դերասանը:

Սցենարիստներից Արմեն Վարդանյանն էլ շեշտեց՝ ներկայացման շեշտը դրել են փահլևանի վրա, բալանսավորել ասելիքն ու յուրաքանչյուր թեմայի շուրջ ներկայացրել հավասարազոր կետեր։ «Սցենարական աշխատանքի նախնական փուլում գիտենք, թե ինչպես Ռաֆայելը կկարողանա մատուցել այդ հումորն ու տեսարանները։ Սկզբում տեսնում ենք թեմայի կորիզը, կամ ինչպես մեր ոլորտում են ասում ՝ «պրոբլեմը» և սկսում ենք աշխատել թեմայի շուրջ՝ զարգացնելով այն։ 

Ռաֆոն «Էվոլյուցիա» և «tRaffik» մոնոներկայացումներով արդեն հյուրախաղերով շրջագայել է արտերկրում: Նախագծի պրոդյուսեր Վահան Թովմասյանի խոսքով՝ այս մոնոներկայացմամբ ևս պատրաստվում են շրջագայել: «Պրեմիերան նոր է կայացել, բայց մեզ արդեն սպասում են արտերկրում։ Հավելեմ, որ առաջիկա մոնոներկայացման տոմսերը գրեթե սպառվել են, ինչը նշանակում է, որ հանդիսատեսը Ռաֆայելին սպասում էր բեմում», - ասաց Վահանը: 

 

fastnews-ads-banner