Logo

Փարաջանովի ֆիլմերը միջազգային կինոփառատոններում

11:13 / 03.12.2025ՄՇԱԿՈՒՅԹ
null

«Ոսկե ծիրան» Երևանի միջազգային կինոփառատոնը շարունակում է տարբեր երկրների կինոմշակութային հարթակներում ներկայացնել Սերգեյ Փարաջանովի ֆիլմերը՝ մեծանուն լեգենդի 100-ամյակին նվիրված միջոցառումների  շրջանակում։

Իրանի Շիրազ քաղաքում «Ֆաջր» հեղինակավոր միջազգային կինոփառատոնի ընթացքում մինչև դեկտեմբերի 2-ը անցկացվել է Փարաջանովի «Աշուղ Ղարիբ․ Կորսված հետնաբեմ» լուսանկարչական ցուցահանդեսը։ Ցուցահանդեսը կազմակերպվել էր Հայաստանի և Իրանի միջև ստորագրված համագործակցության հուշագրի շրջանակում։ Իրանի կինոյի թանգարանում անցկացվել են նաև Փարաջանովի ֆիլմերի եռօրյա ցուցադրություններ ու դրանց շուրջ քննարկումներ։ Ցուցադրվել են «Նռան գույնը», «Սուրամի ամրոցը» և «Աշուղ Ղարիբ» ֆիլմերը, քննարկումներին մասնակցել են կինոգետ Ռոբերտ Սաֆարյանը, «Ոսկե ծիրան» ՀԿ-ի տնօրեն Կարեն Ավետիսյանը, կինոռեժիսոր Անահիդ Աբադը և այլք։

Մեկ այլ՝ «Մար Դել Պլատայի» միջազգային կինոփառատոնի շրջանակներում Փարաջանովի ֆիլմերի հետահայաց ցուցադրությունը յուրահատուկ խորհուրդ ուներ։ 1965-ին նույն այս փառատոնում նրա «Մոռացված նախնիների ստվերները» ֆիլմը արժանացել էր ժյուրիի հատուկ մրցանակին, սակայն հեղինակը չի կարողացել ներկա լինել։ Մոտ վաթսուն տարի անց նրա ֆիլմերը կրկին ցուցադրվել են քաղաքի երկու պատմական կինոթատրոնների մեծ դահլիճներում։

Բելգրադում նույնպես իրականացվել են Փարաջանովի հարյուրամյակին նվիրված միջոցառումներ՝ հեղինակային ֆիլմերի 30-րդ կինոփառատոնի շրջանակներում։

Այս երեք երկրներում իրականացված ցուցադրությունները և մշակութային նախաձեռնությունները ոչ միայն հարգանքի տուրք էր Փարաջանովի գեղարվեստական ժառանգությանը և նրա 100-ամյա հոբելյանին, այլև լուրջ ներդրում՝ հայկական կինոյի միջազգային ճանաչմանը։

 

fastnews-ads-banner