
Vnews-ը շարունակում է ներկայացնել Հայաստանի մեծ ու փոքր քաղաքներն ու պատմել հետաքրքիր փաստեր վերջիններիս մասին: Մեր այսօրվա կանգառը Կոտայքի մարզի Հրազդան քաղաքն է:
10 փաստ Հրազդանի մասին
1.Հրազդանի տարածաշրջանում մարդը բնակություն է հաստատել հնագույն ժամանակներից։ Քաղաքի բոլոր թաղամասերում էլ ճանապարհային աշխատանքներ կատարելիս գտնվել են հնագիտական կենցաղային իրեր, որոնք թվագրվում են վաղ երկաթի ժամանակաշրջանով:
2.Մինչև 1959 թվականին քաղաքը կոչվել է Ներքին Ախտա։ Ընդգրկված է եղել Երևանի նահանգի Նոր Բայազետի գավառում։
3.Քաղաքի առաջին նախագիծը, որն ընդգրկում էր Ախտա և Աղբյուրակ գյուղերը, 1928 թվականին իրականացվել է ակադեմիկոս Ալեքսանդր Թամանյանի կողմից։ Քաղաքի երկրորդ, հիմնական նախագիծը կազմել է ճարտարապետ Մարկ Գրիգորյանը 1963 թվականին։
4. Հրազդանը մինչև 1963 թվականը եղել է ութ առանձին գյուղերից բաղկացած բնակավայր, որոնց միավորումով 1959-1963 թվականներին ձևավորվել է ներկայիս Հրազդան քաղաքը, որի կազմի մեջ են մտնում Վանատուր, Ջրառատ , Կաքավաձոր, Վերին և Ներքին Ախտա, Մաքրավան, Աղբյուրակ, Կոճոռ գյուղերը, բազմաբնակարանային շենքերից բաղկացած արդյունաբերական միկրոշրջանը և Կենտրոն թաղամասը։
5.Քաղաքը նախկինում ունեցել է մի քանի անվանումներ։ Քաղաքի հնագույն Կորկոտիս անունը ստուգաբանվում է «Կորկոտ» (ճաշատեսակ) արմատից և «իս» ասորերեն վերջածանցից։
6.Հրազդանի թաղամասերից Վանատուր գյուղի անունը խորհրդային տարիներին ի պատիվ հայտնի կոմունիստ, Խորհրդային Հայաստանի Չեկայի առաջին նախագահ Գևորգ Աթարբեկյանի կոչվել է Աթարբեկյան։ Դրանից առաջ Աթարբեկյան գյուղը կրել է Քարվանսարա անվանումը, քանի որ այստեղ եղել է մարդկանց և ձիերի համար նախատեսված ճանապարհային հանգստի կացարան՝ քարվանսարա։
7.Արցախյան ազատագրական պատերազմի տարիներին հրազդանցիներից կազմավորվում և Արցախ են մեկնում «Սասուն», «Կոճոռ» և «Ալաշկերտ» ջոկատները։
8.Քաղաքն ունի 1 դրամատիկական թատրոն,1 պատկերասրահ, 2 թանգարան, 8 գրադարաններ, 1 մասնավոր ԲՈՒՀ, 2 սպորտային, 2 երաժշտական, 2 մանկական արվեստի դպրոցներ:
9. Հրազդանը էներգետիկայի կարևոր հանգույց է, գործում են Հրազդանի պշէկը, Աթարբեկյանի հէկը։
10.Անվանի հրազդանցիների շարքում են րձակագիր Լևոն Խեչոյանը և բանասիրական գիտություննների դոկտոր, պրոֆեսոր, անվանի թարգմանիչ Վազգեն Գևորգյանը: