Logo

Ո՞վ է Միշել Յեոն. Հետաքրքիր փաստեր օսկարակիր դերասանուհու մասին

17:50 / 15.03.2023ՄՇԱԿՈՒՅԹ
Միշել Յեոն

«Բոլոր այն տղաների ու աղջիկների համար, որոնք ինձ նման արտաքին ունեն։ Թող այս մրցանակը լինի ձեր հնարավորությունների փարոսը և ապացույցն առ այն, որ երազանքներն իրականանում են: Եվ մի բան էլ... Կանա՛յք, թույլ մի՛ տվեք, որ որևէ մեկը ձեզ ասի, որ դուք արդեն «այն տարիքում չեք» ձեր նպատակին հասնելու համար։ Մի՛ հանձնվեք»:

Առաջին ասիացի կնոջ ելույթը, որն արժանացավ «Օսկարի»՝ «Լավագույն դերասանուհի» անվանակարգում: Միշելը, ավելի ճիշտ՝ Յեո Չուու Կհենգը (նա ստիպված էր փոխել իր անունը Հոլիվուդում աշխատելու համար) օգոստոսին դարձավ 60 տարեկան։

Մալայզիացի չինացիների դուստրը մանկուց մեծ ջանքեր է գործադրել բալետի պարուհի դառնալու համար, սակայն ողնաշարի վնասվածքի պատճառով ստիպված է եղել իր երազանքը մի կողմ դնել։ 1982 թվականին նա ստացել է արվեստի բակալավրի աստիճան և սկսել իր կարիերան: Նրա ճանապարհին եղել է և՛ արտագաղթ, և՛ մոդելային բիզնես, և՛ կարծրատիպային դերեր, և՛ երկար ճանապարհ՝ որպես դերասանուհի ընդունվելու համար:

Ներկայացնենք այլ փաստեր ևս.

1. Միսս Մալայզիա 1983

21 տարեկանում նա որոշեց մասնակցել «Միսս Մալայզիա 1983» գեղեցկության մրցույթին և կարողացավ նվաճել տիտղոսը։ Հենց այս իրադարձությունն էլ Յեոյին բերեց կինո, ճիշտ է` դեռ միայն Հոնկոնգում: Հաղթանակից հետո ապագա դերասանուհին Ջեքի Չանի հետ նկարահանվել է գովազդային հոլովակում, որտեղ էլ նրան նկատել է D&B Films-ը։ Ավելին, նա ներկայացրել է Մալայզիան Լոնդոնում կայացած «Միսս աշխարհ 1983» մրցույթում։

2. 30+ տարի կինոյում

Այժմ Միշել Յեոն 60 տարեկան է, իսկ ֆիլմերում նկարահանվել սկսել է 22 տարեկանից: Առաջին դերն էպիզոդիկ է եղել, նկարահանվել է «Բուն և փիղը» կատակերգական մարտաֆիլմում (1984): Բայց հաջողությունը չուշացավ. արդեն 1985-ին թողարկվեց «Այո, տիկին» ֆիլմը, որտեղ դերասանուհին մարմնավորում էր ոստիկանի, որը կարողանում էր և՛կրակել, և՛ հանցագործներին շատ արագ բռնել: Մարտաֆիլմը վերածվեց ֆիլմաշարի` թողարկվեց 9 ֆիլմ` մինչև 1996 թվականը։ Միշելը նկարահանվեց միայն առաջին երկու մասերում և գնաց նվաճելու մարտաֆիլմերի ժանրը իր ընկերոջ և մրցակցի՝ Ջեքի Չանի հետ:

3. Մրցում էր Ջեքի Չանի հետ

Այն, որ Միշելը նկարահանման հրապարակում անձամբ է կատարում բոլոր հնարքներն՝ արդեն հայտնի փաստ է։ Բայց քչերը գիտեն, որ նրա վարպետության մակարդակը կարելի է համեմատել միայն Ջեքի Չանի կարողությունների հետ. դերասանուհին այդքան լավ է կառավարում իր մարմինը: Մարտարվեստում նրանց վարպետությունը դրսևորվեց  «Ոստիկանական պատմություն 3. Սուպերոստիկանը» և «Սուպերոստիկանը 2» ֆիլմերում:

Երբ 2016-ին Ջեքի Չանին շնորհվեց պատվավոր «Օսկար» մրցանակը, Միշելը ելույթ ունեցավ, որում նա հիշեց, թե ինչպես են նրանք մրցել «Սուպերոստիկանի» նկարահանման հրապարակում. «Երբ ես հնարք էի անում, Ջեքին ստիպված էր անել ավելի տպավորիչ բան… Ինչ-որ պահի Ջեքին ասաց. «Մենք պետք է կանգ առնենք, քանի որ երբ դու մեքենայի տանիքից ես գլորվում, ես պետք է գլորվեմ շենքի տանիքից, դու ցատկում ես մոտոցիկլետից, ես պետք է նույնը կրկնեմ ուղղաթիռով։ Եթե ​​այսպես շարունակվի, ես պարզապես կմեռնեմ»: Ստացվում է, որ Ջեքի Չանն ինքն ընդունել է մադամ Յեոյի վարպետությունն ավելի քան 30 տարի առաջ։

Հետաքրքիր է, որ ի սկզբանե հենց Չանն էր հավակնում «Ամեն ինչ, ամենուր և միանգամից» բլոկբաստերի գլխավոր դերին։ Իսկ երբ նա մերժեց դերը, Միշելը նրան SMS ուղարկեց «Քո կորուստը» տեքստով։ Սակայն հենց նրա մերժման շնորհիվ է, որ գլխավոր հերոսը կին դարձավ, և պատմության էությունը վերաշարադրվեց։

4. Ընտրեց կարիերան

Դերասանուհին երեխաներ չունի, քանի որ իր կյանքը նվիրել է կինոյին։ Ավելի ճիշտ՝ 28 տարեկանում Միշելը լրջորեն մտածում էր կինոն թողնելու և ընտանիք կազմելու մասին։ Բացի այդ, մայրը նրան պարբերաբար ասում էր, որ «ճիշտ տղամարդուց» ավելի կարևոր բան չկա կյանքում։

«Այդ ժամանակ ես որոշեցի հեռանալ, քանի որ չէի կարող բազմաֆունկցիոնալ լինել: Ես հիացմունքով էի նայում այն ​​դերասանուհիներին, որոնք երեխաներին տանում էին դպրոց և շարունակում դերասան կամ պրոդյուսեր լինել: Զգում էի, որ եթե շարունակեմ դերասանություն անել, անընդհատ տնից բացակայելու եմ։ Ես չէի կարողանում հասկանալ, թե ինչպես կարելի է լիարժեք կարիերա անել ամուսնացած լինելով հանդերձ», - հիշում է Յեոն:

Ավաղ, չստացվեց։ Այդ ժամանակ դերասանուհին վերադարձավ կինո իր իսկական Յեո ազգանունով և իրեն ներկայացրեց բառացիորեն ամբողջ աշխարհին: 1997 թվականին թողարկվեց Բոնդի մասին բլոկբաստերը` «Վաղը չի մեռնի երբեք», տարիներ անց՝ «Գեյշայի հուշերը»։

5. Կարող էր նկարահանվել «Մատրիցայում»

Միշելին առաջարկել են խաղալ Սերաֆիմի դերը «Մատրիցայի» սիքվելում և տրիքվելում, բայց նա մերժել է: Աշխատանքային զբաղված գրաֆիկը թույլ չտվեց Յեոյին հավերժացնել իրեն 2000-ականների գլխավոր ֆրանշիզում և ստիպեց սցենարիստներին կերպարը փոխել և դարձնել տղամարդու (դերն ի վերջո բաժին հասավ Քոլին Չոուին):

6. Ամուսինն ավտոարշավորդ է

Միշելն ամուսնացել է երկու անգամ՝ առաջինը՝ գործարար Դիքսոն Փունի հետ 1988-ից 1992 թվականներին։ Իսկ երկրորդ ամուսինը 2004 թվականին դարձավ ֆրանսիացի մարզիկ և կոնստրուկտոր Ժան Թոդտը։ Ավելին, Թոդտը եղել է Ավտոմոբիլային միջազգային ֆեդերացիայի նախագահն ու Ֆորմուլա 1-ի Ferrari թիմի մարզական տնօրենը: Եվ ահա թե ինչն է հետաքրքիր. Յեոն այնքան լավ հարաբերությունների մեջ է իր առաջին ամուսնու ընտանիքի հետ, որ նրա դստեր կնքամայրն է։

fastnews-ads-banner