Logo

Պրեմիերա՝ Վանաձորի դրամատիկական թատրոնում․ Սովորական հրաշք» ներկայացումը բեմում կլինի մարտին (լուսանկարներ)

Հեղինակ
Նարինե Մելիքյան
18:39 / 23.02.2025Լուրեր
null

Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնը գարունը կսկսի պրեմիերայով։ Մարտի 13-ին և 14-ին բեմ կբարձրանա Եվգենի Շվարցի «Սովորական հրաշք» ներկայացումը, որին ստեղծագործական կազմը նախապատրաստվել է 3 ամիս։

Այն լիրիկական ստեղծագործություն է՝ նվիրված Շվարցի կնոջը՝ Եկատերինա Զիլբերին։ Պիեսն արտասովոր սիրո մասին է։ Հրաշագործ տանտերը կնոջ հետ սիրո մասին խոսելու համար հեքիաթ է պատմում, որի հերոսները կենդանանում են։ Արջը ժամանակավորապես մարդացել է։ Նա կրկին գազանի կերպարանք կընդունի այն ժամանակ, երբ սիրահարվի և համբուրի արքայադստերը։ Երբ Արջը փորձում է համբուրել նրան, վերջինս փախչում է։ Հերոսների համար «Սովորականը» Տանտիրոջ պատմած հեքիաթի դիպաշարն է, իսկ «Հրաշքը» սերն է, որը կապում է հերոսներին։

Բեմադրության և նկարչական ձևավորման հեղինակը Սարգիս Մանուկյանն է։ Երաժշտական ձևավորումը կատարել է Արեն Օսիպյանը, լուսային նկարիչը Աշոտ Գևորգյանն է։ Դերասաններն են՝ Արման Կոլոսովը, Ալլա Դարբինյանը, Մարինե Պետրոսյանը, Համլետ Գյուլզադյանը, Վահրամ Խառատյանը, Մարիամ Ղևոնդյանը, Անի Աբրահամյանը, Դավիթ Չուխուրյանը, ՀՀ վաստակավոր արտիստ Հայկ Թորոսյանը, Էլֆիկ Զոհրաբյանը, Արման Սաքանյանը, Արմինե Վերմիշյանը, Քրիստինե Ալիխանյանը, Արթուր Պապիկյանը, Հովհաննես Հարությունյանը, Հակոբ Դեմիրճյանը, Արմեն Չարչյանը, Վահե Սիմոնյանը, Գայանե Վարդանյանը, Գայանե Մեսրոպյանը, Արաքսյա Քոչարյանը, Թինա Գալոյանը, Ռիմա Գալստյանը, Երանուհի Առաքելյանն ու ԵԹԿՊ ուսանողներ։

Սարգիս Մանուկյանի խոսքով՝ այս գործն ընտրել է պարզ պատճառով՝ այդ հրաշքն այսօր պակասում է մեր հասարակությանը, բոլորին։ «Այդ հրաշքն իրականում հրաշք չէ, սովորական է, որովհետև մենք ենք դրա անունը դրել հրաշք ու պահել։ Ուզում եմ՝ այս ներկայացման միջոցով մարդիկ գտնեն այդ հրաշքը, այդ հաշքի մասին ավելի երկար մտածեն, ավելի բարի դառնան։ Իրականում, իմ կարծիքով, մարդիկ բարի են, ուղղակի մոռացել են։ Ուզում եմ ավելի շատ հիշեցնել նրանց բարության մասին, սովորել զիջել»,- նշել է ռեժիսորը։

fastnews-ads-banner