Լուսանկարը՝ Հասմիկ Հակոբյանի
«Հարևաններն ինձ տանում էին տխուր առիթների, որպեսզի ես արտասանեմ: Մինչև մի օր, երբ հայրս իմացավ, որ որդին «թաղման բյուրոյի» մասնակից է, ջղայնացավ ու ապտակեց ինձ կյանքում առաջին անգամ, որը ո՛չ նա, ո՛չ ես չենք մոռացել երկար տարիներ: Հայրս չէր կարողանում ներել իրեն այդ ապտակի համար: Ես էլ հորս փոխարեն լինեի, կապտակեի, քանի որ առանձնապես հաճելի բան չկա, երբ անծանոթ մեռելի տանը մարդիկ լացում են քո արտասանության տակ: Այդ օրվանից հետո ավելի լուրջ վերաբերեցի իմ գործողություններին. ես զգացի խոսքի ազդեցությունը»․ Հովհաննես Գրիգորյան։
Այսօր բանաստեղծ, ԽՍՀՄ գրողների միության անդամ Հովհաննես Գրիգորյանի մահվան օրն է:
Պետական համալսարանի «կիրառական լեզվաբանություն և մեքենական թարգմանություն» ֆակուլտետում ուսանելու տարիներին Հովհաննես Գրիգորյանը ծանոթանում է իր սերնդակից այն գրողների հետ, որոնց հետ պիտի անցներ գրական ճանապարհը: Գրական ուժերը նրան ու նրա սերնդակիցներին մեղադրում էին ավանդույթներից հեռանալու, ազգայինը մոռանալու, անթույլատրելի ազատ լինելու համար․․․
1960-ական թվականները կարելի է համարել հայաստանյան նորագույն բանաստեղծության ծաղկուն շրջանը։ Գրականությունը թելադրում է նոր ուժերի, նոր բանաստեղծների, և ասպարեզ են գալիս Հովհաննես Գրիգորյանը, Հենրիկ Էդոյանը, Դավիթ Հովհաննեսը, Արմեն Մարտիրոսյանը, Արմեն Շեկոյանը, որոնք որպես հեղինակներ առանձին-առանձին էին սկսել իրենց գրական ուղին, իսկ հետագայում դարձան գրական նոր շարժման անդամներ։
«Վերջին տարիներին հաճախ էր ասում, որ իր երիտասարդության ժամանակ ավելի հեշտ էր իրենց կյանքը. իրենք գիտեին՝ ինչի դեմ են պայքարում, կար մի համակարգ, որը լավը չի: Հովհաննեսը փախչում էր դասերից, գնում ցույցերի, ակտիվ պայքարում էր ցեղասպանության հուշարձանի կառուցման համար: Շատ ակտիվ երիտասարդություն է ունեցել», - պատմել է Սոնա Գրիգորյանը՝ Հովհաննես Գրիգորյանի դուստրը։
Բանաստեղծական ժողովածուներն են`
«Երգեր առանց երաժշտության» (1975)
«Բոլորովին ուրիշ աշուն» (1979)
«Անձրև մի տխուր առիթով» (1982)
«Դանդաղ ժամեր» (1986)
«Հրեշտակներ մանկության երկնքից» (1992)
«Երկու ջրհեղեղի արանքում» (1996)
«Կես ժամանակ» (2002)
«Գիշերահավասար» (2006)
«Երբեք չմեռնես – ահա թե ինչ կասեմ քեզ» (2010)
Հովհաննես Գրիգորյանը մի շարք գրական մրցանակների դափնեկիր է: Պարգևատրվել է Մովսես Խորենացու մեդալով: 2011-ին արժանացել է ՀՀ պետական մրցանակի գրականության և հրապարակախոսության ոլորտում իր «Երբեք չմեռնես, ահա թե ինչ կասեմ քեզ» գրքի համար:
***
Երբեք չմեռնես, – մահվան մահճում
Թախանձագին հորդորում էր ինձ հայրս:
Եվ նայելով նրա մշուշված աչքերին՝
Ես դառնությամբ հասկացա, թե ինչ ծանր է
Մեռնել ցերեկվա լույսերի մեջ ողողված,
Երբ պատուհանից երևում է դիմացի պատշգամբը,
և մի կին պատշգամբում
պարանից կախ է տալիս իր մաքրամաքուր լվացքը,
հետո զնգում է սխալված հեռախոսը, և տղամարդու
մի ջահել ձայն բացատրում է, որ այն, ինչ վերցրել է վաղուց,
հենց հիմա չի կարող վերադարձնել, որովհետև…
հետո վերևի հարկում շրխկոցով բացվում է դուռը,
և երեխաների զվարթ ճիչ ու աղմուկը
լցվում է միջանցք, տարածվում վերև ու ներքև,
այնուհետև՝ աշխարհով մեկ
և դրանից երկնքի կապույտն ավելի է պայծառանում
և ավելի է թանձրանում դառնությունը…
երբեք չմեռնես, ահա թե ինչ կասեմ քեզ, –
խնդրեց հայրս վերջին անգամ
և փակեց աչքերը:
«ՀԱՅԱՍՏԱՆ» բանաստեղծությունը, որը շատ է սիրվել հայ ընթերցողի շրջանում, նույնպես այդ ժողովածուից է․
Սա իմ երկիրն է – չափսերով այնպիսին,
որ կարող եմ վերցնել հետս,
թե մի հեռու տեղ գնամ:
Փոքրիկ` ինչպես ծերացած մայր,
փոքրիկ` ինչպես նորածին զավակ,
իսկ քարտեզի վրա
ընդամենը արցունքի մի կաթիլ…
Սա իմ երկիրն է – չափսերով այնպիսին,
որ ազատորեն տեղավորել եմ սրտիս մեջ,
որ չկորցնեմ հանկարծ…


