Logo

Քսո՞ւկ, թե՞ քսուք. ինչո՞ւ ենք շփոթում այս բառերը

12:01 / 31.01.2023ՄՇԱԿՈՒՅԹ
null

Բառեր կան, որոնք հայերենի զարգացման տարբեր շրջաններում, ունենալով նույն արմատն ու նշանակությունը, գրելաձևի որոշակի տարբերություն են ունեցել և ունեն։ Այս զուգաձև գրությունների մեջ առանձին խումբ են կազմում -ուկ/-ուք ածանցներով բառերը՝ քերուկ/քերուք, տաշուկ/տաշուք, թափթփուկ/թափթփուք, արևայրուկ/արևայրուք և այլն։ Հնարավոր է, որ երկձև գրությամբ այս բառերը նախապես -ուկ վերջածանցն են ունեցել։ Ածանցին գումարվել է գրաբարյան –ք հոգնակերտը, և ժամանակի ընթացքում կ-ն ընկել է։ Հիշենք գրաբարյան ընտրուկքցայտուկք և այլ բառեր, որ մեզ են հասել ընտրուքցայտուք ձևերով։

Այս բառազույգերը, ինչպես ասացինք, նույնիմաստ են։

Կան նաև -ուկ/-ուք ածանցներով նույնարմատ բառեր, որոնք տարբեր իմաստներ ունեն։ Դրանցից են կտրուկ (սուր, հատու, կտրող) և կտրուք (կտրվածք), գինարբուկ (ծաղկի մի տեսակ), գինարբուք (կերուխում, խրախճանք) բառերը։

Այս երկու խմբերից որի՞ն է պատկանում քսուկ-քսուք զույգը։ Իմաստով նո՞ւյնն են այս բառերը, թե՞ տարբեր են։

Բառարանները քսուկ բառը մեկնաբանում են որպես անհայտ ծագմամբ փշոտ մի բույս՝ սրափուշ, իսկ քսուքը-ը՝ որպես քսայուղ՝ մածուկ։ Ուրեմն ինչո՞ւ ենք շփոթում այս բառերը, ինչո՞ւ ենք դրանք հաճախ համարում միևնույն՝ «քսայուղ» իմաստի զուգաձև գրություններ։ Այս մոտեցումը կգտնենք նաև բառարաններում։ Է․ Աղայանն իր բացատրական բառարանում քսուկ-ը համարում է սխալ ձև և հղում է անում քսուք-ին՝ տալով «քսայուղ» բացատրությունը։ Ա․ Սուքիասյանի հոմանիշների բառարանում քսուկ-ն ունի երկու իմաստ՝ 1․ սրափուշ, 2․ քսայուղ, իսկ քսուք-ը՝ քսուկ-ի երկրորդ իմաստը։

Թվում է՝ մի բան կարող ենք վերջնական համարել․ այն, որ քսուք-ը երբեք չի մեկնաբանվում որպես սրափուշ։ Բայց ահա Ղևոնդ Ալիշանի «Հայբուսակ կամ Հայկական բուսաբառութիւն» բառարանի քսուկ բառահոդվածում կարդում ենք․ «․․․ և քսուկք՝ առանց մշակութեան բուսանին» և նույն բառահոդվածի շարունակությամբ՝ «քսուք՝ սուր փուշ»։ Նույն մեկնաբանությունը կա Մխիթարյան միաբանության հայրերի ստեղծած «Նոր բառգիրք հայկազեան լեզուի» նշանավոր բառարանում։ Գրաբարի կ/ք-ի հերթագայությունից հետո գրելաձևերից մեկը պիտի հաղթեր, կամ այս զույգը պիտի համարվեր նույնիմաստ բառի երկձև գրություն։ Ինչո՞ւ չեն զատվել երկու բառերի սահմանները։

Առաջ գնալով տեսնում ենք, որ թարգմանական բառարաններում նույնպես այս բառերի հետ կապված խառնաշփոթ կա։ Իսկ Արևելահայերենի ազգային կորպուսում (ԱՐԵՎԱԿ) բերված նմուշներում երկուսն էլ  գործածված են «քսայուղ» իմաստով։

Ինչպե՞ս լուծել բառավեճը։ Կարծես մեղավորը վերջածանցներն են։ Դիմենք դրանց իմաստներին։

Ա․ Սուքիասյանի «Ժամանակակից հայոց լեզու» համալսարանական դասագրքում կարդում ենք, որ –ուկ վերջածանցը, ի թիվս այլ բառերի, կազմում է «գիտական տարբեր բնագավառների տերմիններ, բուսանուններ», իսկ -ուք  վերջածանցը՝ «գոյականներ՝ «գործողության արդյունք» բառակազմական ընդհանուր նշանակությամբ»։ Ակնհայտ է, թե վեճի առարկա բառերից որը ո՛ւր պիտի «գնա»։

Այնուամենայնիվ, ինչո՞ւ ենք փշոտ բույսի ու փափուկ յուղի՝ մածուկի անունները շփոթում։ Շփոթում ենք այնքան, որ դրանցից մեկը տեղ է գտնում հայոց լեզվի թեստերի ուղղագրության բաժնում՝ փաստացի բացառելով մյուսը։ Արտաքին նմանությա՞ն, կամ գուցե դրանցից առաջինը չգործածելու, իսկ երկրորդը ավելի ու ավելի հաճախ գործածելո՞ւ պատճառով։ Համենայն դեպս ակնհայտ է, որ քսուկ/քսուք բառազույգը քսայուղ-ի մենաշնորհը չէ։ Սա երկձևություն չէ, և արժե վերականգնել «լեզվական արդարությունը»՝ տարանջատելով այդ բառազույգը։

Այսպիսով, քսուկ-ը բուսաբանական եզրաբառ է (ինչպես վերևում՝ գինարբուկ-ը), նշանակում է «փշոտ բույս՝ սրափուշ»։ Ի տարբերություն մենիմաստ քսուկ-ի՝ քսուք-ը նկարագրվում է որպես քսայուղ, սպեղանի, մածուկ, օծանելիք, անվաքսուք։ Այդպես է կոչվում դեմքի խնամքի կրեմը։ Քսուք է կոչվում նաև արյան ու լորձի նմուշը, որ բժշկական հիմնարկներում բջջաբանական հետազոտության համար վերցնում են այցելուից։ Սա նույնպես հաճախ գործածվում է անհանձնարարելի քսուկ ձևով։

Վերևում մենք խոսեցինք այս բառերի վերջածանցների մասին։ Իսկ ի՞նչ է հուշում դրանց արմատը։ Քսուք-ը քսել բառի հիմքով է ստեղծված։ Դա արտահայտվում է քսուք-ի բոլոր իմաստներում։ Իսկ քսուկ սրափուշն ի՞նչ կապ ունի քսելու հետ։

Հրաչյա Աճառյանի «Հայերէն արմատական բառարանում» (Երևան, 1926 թ․, էջ 580) քիս բառի դիմաց կարդում ենք․ «քսել «զօծել, մածնուլ», քսուիլ «շփել, շփուիլ»»։ Նույն բառարանում քիս-ը հանդիպում է նաև քիստ բառահոդվածում, որտեղ կարդում ենք․ «ցորենի հասկը պատող փշոտ մազերը» (քստումն «փշաքաղումն ․․․․ »)։ Քիստ-քիս-ը նույնպես  հնչյունափոխվելով դառնում է քս, ու եթե անգամ այս երկու քիս-երը  «հեռավոր ազգական» են, մեկից առաջացել են քսել, քսայուղ, քսուք, մյուսից՝  քստմնելի, քստախոս և այլ բառեր։ Վերջին շարքում թեև քսուկ-ը չկա, բայց նրա «սրափուշ, փշոտ բույս» բառարանային իմաստը խոսում է այն մասին, որ արժե այդ շարքում «տեղ ազատել» քսուկ-ի համար։

Այսպիսով, քսուք-ն ու քսուկ-ը տարիմաստ բառեր են, և ժամանակն է դրանք միմյանց փոխարեն չգործածելու, եթե անգամ այդ բառերը որոշ բառարաններ շփոթում են։

Աղբյուրը՝ Լեզվի կոմիտե

fastnews-ads-banner