Երևանի Ռոմանոս Մելիքյանի անվան պետական երաժշտական քոլեջն այս տարի նշում է հիմնադրման 100-ամյակը:
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, նախարարի տեղակալ Արա Խզմալյանը և ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանն այցելել են երաժշտական քոլեջ՝ մասնակցելու վերանորոգված լսարանների բացմանն ու անվանակոչմանը: Դրանք անվանակոչվել են երաժշտարվեստի հայտնի դեմքերի, մեծանուն կոմպոզիտորների անուններով, որոնք նաև կրթօջախի շրջանավարտներն են եղել, այդ թվում՝ Լուսինե Զաքարյանի, Էդուարդ Բաղդասարյանի, Գեորգի Մինասովի, Ռաֆայել Մանգասարյանի, Բորիս Սակկիլարիի: Լսարաններ են անվանակոչվել նաև մերօրյա կոմպոզիտորներ Արմեն Բուդաղյանի և Ռոբերտ Ամիրխանյանի անուններով, որոնք ներկա էին միջոցառմանը: Նորաբաց լսարաններից յուրաքանչյուրում քոլեջի սաները ներկայացրել են տվյալ հայտնի մարդու ստեղծագործություններից ընտրված կատարումներ:
«Ռոմանոս Մելիքյանի անվան պետական երաժշտական քոլեջն այն կառույցներից է, որի գործունեությունը և պատմությունը վերաճել են կրթական բովանդակությունից և ձեռք են բերել մշակութաբանական նշանակություն, որովհետև սա թրծարան է, որից դուրս են գալիս մեր մշակութային, հոգևոր կյանքը հարստացնող ստեղծագործողները: Ըստ էության՝ նման կառույցների գործունեությամբ է, որ մենք մեզ կարող ենք համարվել քաղաքակիրթ հասարակություն»,- ասել է Արա Խզմալյանը։
Երևանի Ռոմանոս Մելիքյանի անվան պետական երաժշտական քոլեջի տնօրեն Վարազդատ Խաչումյանի տեղեկացմամբ՝ կատարված նորոգման աշխատանքներն իրականացվել են բարերարների աջակցությամբ՝ որպես նվեր 100-ամյա երաժշտական ուսհաստատությանը:
Վերանորոգվել է քոլեջի 8 լսարան և դահլիճը:


