Այսօր դժվար է սերիալների սիրահար լինել ու երբևիցե նայած չլինել Ռայան Մերֆիի սերիալներից գոնե մեկը։ Սցենարիստ, ռեժիսոր ու պրոդյուսեր Մերֆին հայտնի է ոչ միայն իր բեղմնավոր գործունեությամբ (կարիերայի ընթացքում ավելի քան 30 նախագծի հեղինակ է, որոնց զգալի մասը բավականին երկար ընթացքով սերիալներ են), այլև ժանրային լայն սպեկտրով` սկսած կենսագրական, պատմական պատումներից մինչև հորրոր։
Սերիական մարդասպանները Մերֆիի ստեղծագործական գործունեության մեջ կարևոր դեր են խաղում։ Թե՛ «Սարսափների ամերիկյան պատմությունը» (American Horror Story), ու թե՛ Մերֆիի վերջին աղմկոտ գործը` «Հրեշը. Ջեֆրի Դամերի պատմությունը» (Monster: The Jeffrey Dahmer Story) փորձում են իրական վավերագրությունն ու կինեմատոգրաֆիկ հնարքներն օգտագործելով` «մտնել սերիական մարդասպանի մաշկի տակ», հասկանալ, թե որ գործոնները կարող են մարդուն վերածել հրեշի, ու, ընդհանրապես, հնարավո՞ր է արդյոք խոսել նման հակասոցիալական վարքագիծ դրսևորողի` երբևիցե մարդ եղած լինելու մասին։
Ջեֆրի Դամերի անունը հայտնի է ցանկացած ամերիկացու։ 1978-1991 թվականներին Դամերի զոհ էին դարձել 14-ից 36 տարեկան 17 մարդ, ու նա կշարունակեր սպանել, եթե զուտ պատահականության շնորհիվ չձերբակալվեր։ Ռայան Մերֆիի սերիալը, որը (ով էլ կասկածեր), դարձել է Netflix սթրիմինգային ծառայության երբևիցե ամենադիտվածներից մեկը, փորձում է հնարավորինս հավատարիմ մնալ պատմական իրողություններին (երբեմն ստացվում է, երբեմն` ոչ այնքան, բայց զուտ գեղարվեստական պայմանականությունները պահպանելու համար), սակայն, միաժամանակ, սեփական «հետաքննությունն» է անցկացնում` փորելով ավելի խորը, նպատակ ունենալով հասկանալ հրեշին։
Ու հենց այստեղ է սերիալի հիմնական առավելությունը, որովհետև հազար անգամ պատմված պատմությունը նույնությամբ դիտելը, անգամ եթե պատմում են հենց մարդասպանի տեսանկյունից, կարող է ձանձրացնել։ Սակայն սերիալը վերլուծում է. արդյո՞ք միայն Դամերն էր պատասխանատու 17 մարդու մահվան համար։ Միանշանակ հնչող պատասխանը բացասական է։
Իհարկե, Դամերը հրեշ է։ Հավանաբար, հենց գլխավոր «հերոսի» խոսքերով ասած, նա այդպիսին է եղել ի սկզբանե։ Սակայն նրա հրեշավոր գործունեության մեջ մեղավոր են նաև ընտանեկան ու հասարակական անտարբերությունը, իրավապահների անգործությունը, այն ժամանակների (ինչո՞ւ միայն այն ժամանակների) Միացյալ Նահանգների հանրային կյանքում հանդիպող նախապաշարմունքները, ծնողների` «կարմիր ազդանշանները» տեսնելու անկարողությունը, իրավապահ համակարգում սերիական մարդասպանների հոգեբանական պատկերը բացահայտելու հնարավորության բացակայությունը. վերջինի մեթոդոլոգիան կմշակվի շատ ավելի ուշ, ինչի մասին պատմում է Դեյվիդ Ֆինչերի հիանալի «Բանականություն որսացողը» (Minshunter):
Մեղավորների այսպիսի մեծ բանակ գտնելով անգամ` սերիալը չի կորցնում ֆոկուսը, չի կենտրոնանում երկրորդականի վրա` սկուրպուլյոզ ճշգրտությամբ բացահայտելով Դամերի հոգեբանական կերպարը. 17 մարդու կյանք խլած մոլագարը, ինչպես հաճախ է լինում ֆիլմերում, ծայրահեղ խորամանկ ու ոստիկանությանը մատnերի վրա խաղացնող մարդասպան չէր, այլ իր հանցագործությունները թաքցնելու հարցում բավականին փնթի, բավականին հիմար ու կոմպլեքսների մի ամբողջ կույտով երիտասարդ։ Ու միայն ոստիկանության է՛լ ավելի փնթիության, մի քիչ էլ պատահականության շնորհիվ էր, որ Դամերին չէին որսում։ Սերիալը ցույց է տալիս, որ, ի տարբերություն ֆիլմերի իդեալականացված իրավիճակի, իրական կյանքում հիմարներն ու նրանց գործած անտրամաբանական հիմարությունները շատ ավելի հաճախ են հանդիպում։
Իհարկե, անհնար է խոսել «Հրեշի» մասին ու չառանձնացնել Էվան Փիթերսի հիանալի խաղը։ «Սարսափների ամերիկյան պատմությունում» անցնելով սերիական մարդասպանների ու մոլագարների մարմնավորման դպրոցը` երիտասարդ դերասանը «Հրեշում» հասնում էր իր տրիումֆալ բենեֆիսին ու իշխում է ամբողջ ընթացքում։ Շարժումները, միմիկան, ակցենտը, անգամ` Դամերի խոսելաձևը Փիթերսն արտահայտում է այնպիսի ճշգրտությամբ, որ անգամ վախենալու է դառնում։
Միանշանակ խորհուրդ տալ սերիալը բոլորին չենք կարող՝ ոչ միայն դաժան տեսարանների առատության, այլև` անդադար ճնշող, մռայլ մթնոլորտի, որոշ դրվագներում` զոհերի կյանքի մանրամասների վրա կենտրոնանալու (ինչը, հավատացեք, ծանր է դիտման համար) պատճառով։ Սակայն «Հրեշը», միանշանակ, հաջողված պրոդուկտ է բոլոր առումներով, ահա թե ինչու Netflix-ը որոշեց այս ուղղությամբ ևս ընդլայնել համագործակցությունը Մերֆիի հետ` մյուս սեզոնները վերածելով սոցիալական առավել մեծ ազդեցություն թողած սերիական մարդասպանների մասին անթոլոգիայի։
Կարդալ նաև՝
Դատապարտվածները. Հաշտվելու ու ապրումակցելու մասին Մայք Ֆլենագանի «Կեսգիշերային ակումբը»


