Ռեյ Բրեդբերին գիտաֆանտաստիկ ժանրի գրող է, որը կարողացել է իր մանկության երազանքներն ու մղձավանջները, վատ տեսողությունը (որը ստիպել է նրան հրաժարվել զինվորական ծառայությունից) և սառը պատերազմի պարանոյան վերածել փայլուն գրական կարիերայի, որը տևել է 74 տարի և ներառել սարսափ, ֆանտաստիկա, ֆենթըզի, հումոր, պիեսներ, պատմվածքներ, վեպեր և այլն։
Ձեզ ենք ներկայացնում Ռեյ Բրեդբերիի ստեղծագործություններից երեքը, որոնք խորհուրդ կտանք կարդալ․
«451° ըստ Ֆարենհայթի»
1953 թվականին հրատարակված վեպ է: Համարվում է Բրեդբերիի ամենահայտնի ստեղծագործությունը:
Նրա ապագա աշխարհը լի է միայն հեռուստացույցներով և չմտածված զվարճանքներով, մարդիկ արդեն դադարել են մտածել և շփվել միմյանց հետ, և այդպիսի զանգվածներն այլևս գրականության կարիք չունեն, հետևաբար, Բրեդբերիի այս աշխարհում հրշեջները պետք են ոչ թե կրակը մարելու, այլ գրքեր այրելու համար․․․
Վեպի գաղափարը հիմնված է Բրեդբերիի «Bright Phoenix» (1947) պատմվածքի վրա։ Բրեդբերին, չունենալով իր սեփական գրասենյակը, գրել է վեպը UCLA հանրային գրադարանում վարձակալած գրամեքենայով, որի կես ժամվա համար վճարել է 10 ցենտ։ Վեպը գրել է ընդամենը 9 օրում՝ այդպիսով իր բեսթսելլերի վրա ծախսելով ընդհանուր 9,80 դոլար:
Առաջին անգամ «Ֆարենհայթի» կրճատված տարբերակը (մոտ 25 000 բառ) հրապարակվել է Galaxy Science Fiction ամսագրում, 1951 թվականին, «Հրշեջը» անվամբ։ Վեպի ամբողջական տարբերակը (երկու անգամ ավելի երկար) հրատարակել է Ballantine Books հրատարակչությունը՝ 1953 թվականին:
Բացի «Հրշեջը» պատմվածքից, վեպի համար հիմք է հանդիսացել նաև «Հետիոտնը» ստեղծագործությունը։
«Այս վեպը հիմնված է իրական փաստերի, ինչպես նաև գրքեր այրողների հանդեպ իմ ատելության վրա», - ասել է Բրեդբերին Associated Press-ին 2002 թվականին:
Վեպի իրադարձությունները տեղի են ունենում ապագայում, երբ ամերիկյան հասարակության տոտալիտար ռեժիմն այրում է բոլոր գրքերը՝ սպառողական մտածելակերպն ամրապնդելու նպատակով։ Թաքստոցներում պահվող փոքրաթիվ գրքերը հայտնաբերվում ու հրապարակայնորեն ոչնչացվում են հատուկ այդ աշխատանքի համար ստեղծված հրկիզողների ջոկատի միջոցով:
Մեջբերումներ գրքից՝
«Խատուտիկի գինի»
«Խատուտիկի գինին» առանձնանում է Ռեյ Բրեդբերիի գրական ստեղծագործություններում՝ գրողի անձնական վերապրումներով։ Գիրքը մեծամասամբ ինքնակենսագրական է, որի իրադարձությունները տեղի են ունենում 1928 թվականի ամռանը՝ հորինված քաղաք Գրին Թաունում: Քաղաքի նախատիպն ԱՄՆ-ի Իլինոյս նահանգի Ուոկիգան քաղաքն է (Ռեյ Բրեդբերիի ծննդավայրը)։
Գրքի մեծ մասը նկարագրում է գավառական ամերիկյան քաղաքի առօրյան և անցյալի պարզ ուրախությունները, որոնց կենտրոնը խատուտիկի թերթիկներից գինու պատրաստումն է։ Հենց այս գինին է դառնում այն մետաֆորիկ շիշը, որի մեջ լցվում են ամառվա բոլոր ուրախությունները։ Չնայած այն հանգամանքին, որ գիրքը չի պարունակում գրողին հատուկ գերբնական թեման, կախարդանքն ինքնին պտտվում է մանկության զգացողությունների և փորձառությունների շուրջը, որոնք այլևս հնարավոր չէ կրկնել չափահաս տարիքում:
Սուժեի կենտրոնում Դուգլաս ու Թոմ եղբայրներն են:
Մեջբերումներ՝
«Մարսյան քրոնիկոն»
1950 թվականին Ռեյ Բրեդբերիի դեբյուտային վեպը՝ «Մարսյան քրոնիկոնը», նրան համաշխարհային ճանաչում բերեց: Վեպում նա խոսում է մարդու կողմից ուտոպիստական մարսյան բնակչության ռազմատենչ գաղութացման մասին։ Ստեղծագործությունը կառուցված է պատմությունների շղթայի տեսքով, որոնցից յուրաքանչյուրը ծաղրում է մարդկության այն ժամանակվա իրական խնդիրները՝ ռասիզմը, կապիտալիզմը և մոլորակի նկատմամբ հսկողություն սահմանելու համար չափազանց մեծ պայքարը։
Ամենայն հավանականությամբ, «Մարսյան քրոնիկոնին», ինչպես նաև Բրեդբերիի որոշ այլ ստեղծագործություններին ընթերցողը ծանոթանում է մանկության տարիներին։ Մեծահասակները հեշտությամբ կարող են նկատել, որ հեղինակի բոլոր ֆանտաստիկ աշխարհները պարզապես մեր Երկիր մոլորակն է, որն այնքան զարմանալի է և առեղծվածային, և որին ոչնչացնում են ոչ թե տարօրինակ արարածները, այլ հենց մարդը․․․
Հեղինակն այն նվիրել է կնոջը՝ Մարգարետին։
Վեպում ներկայացվում է, թե ինչպես են հետզհետե ոչնչացող և քայքայվող Երկիր մոլորակից մարդիկ մեկնում Մարս և գաղութացնում այն, և թե ինչպես է զարգանում բնիկ մարսեցիների և նոր գաղութատեր երկրացիների միջև հակամարտությունը։
Գիրքը միջանկյալ տեղ է զբաղեցնում պատվածաշար և էպիզոդիկ վեպ ժանրերի միջև։ Այստեղ նաև զետեղված են Բրեդբերիի՝ դեռևս 1940-ականների վերջին գիտաֆանտաստիկ ամսագրերում հրատարակված պատմվածքները՝ «Հրթիռի ամառ», «Իլլա», «Ամռան գիշեր», «Երկրաբնակները», «Հարկատուն», «Երրորդ արշավախումբը», «...Եվ դրսում լո՜ւյս է սպիտակ»։
Մեջբերումներ «Հրթիռի ամառ» պատմվածքից
Սառույցները սկսեցին փշուր-փշուր հալվել: Դռներն ու պատուհանները բացվեցին: Երեխաներն ազատվեցին իրենց հաստ շորերից, իսկ տատիկները դեն նետեցին իրենց արջի մորթիները:


