Վերջերս մենք գրել էինք Հոլիվուդի կարևորագույն ռեժիսորական դուետներից մեկի՝ Ջոել և Իթան Կոեն եղբայրների «Հադսաքերի վստահված անձը» ֆիլմի մասին, որի դրվագներից մեկում ռեժիսորները օգտագործել են կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի «Սուսերով պար»-ը: Վերհիշելով ռեժիսորների ինքնատիպ ֆիլմագրությունը՝ որոշել ենք հրապարակել իրենց տարբեր ժամանկաշրջանների հարցազրույցներից 10 հարց-պատասխան, որոնք կօգնեն սինեֆիլներին կողմնորոշվել կոենական ոչ միանշանակ և ժանրային կանոններից դուրս ձևավորված աշխարհում:

Ջոել և Իթան Կոենները 2018 թվականին Վենետիկի միջազգային կինոփառատոնում, որտեղ ռեժիսորները ներկայացրեցին «Բասթեր Սքրագսի բալադ»-ը ֆիլմը:
- – Ինչու՞ «Հադսաքերի վստահված անձը» տապալվեց: (Էնդի Լոու)
– Շատ գիտենք… Ինչու՞ «Ֆարգո»-ն չտապալվեց: Մեծամասնությանը «Հադսաքեր»-ը դուր չի գալիս, և ես չգիտեմ դրա պատճառը: Ինձ համար դա նույն հանելուկն է, ինչպես որ այն, որ մարդիկ գնացին «Ֆարգո»-ն նայելու, չնայած, այն նկարելիս, մենք մտածում էինք՝ դե լավ, եթե ցուցադրության վերջում երեք հոգի էլ մնա՝ արդեն լավ է, մենք էլ ուրախ կլինենք… (Ջոել Կոեն)
- – Ճի՞շտ է, որ դուք տեղափոխում եք ֆիլմի նկարահանումները, մինչև ձեր պատկերացրած կատարյալ դերասանները ազատ չլինեն:
– «Մեծ Լեբովսկու» պարագայում միանշանակ այդպես էր: Մենք փորձեցինք ամեն ինչ մեկ վայրում հավաքել և սպասել Ջոն Գուդմանին, մինչ նա ավարտին կհասցնի իր «Ռոզաննա»-ն: Ջեֆ Բրիջիսին էլ էինք սպասում, չնայած, երբ գրում էինք, նկատի չունեինք հենց իրեն: Տարբեր է լինում: «Ֆարգո»-ն մենք գրում էինք հատուկ Ֆրենսիս ՄքԴորմանդի, Պետեր Ստորմարեի և Սթիվ Բուշեմիի համար:
- – «Բարտոն Ֆինկ»-ի համար դուք արժանացել եք Ոսկե արմավենու ճյուղի, իսկ «Ֆարգո»-ի համար երկու Օսկարի: Մրցանակներ ստանալիս շա՞տ եք հուզվում:
– Հոլիվուդի հետ մենք տարօրինակ հարաբերություններ ունենք: Երբեք մեկուսացված չենք զգացել մեզ, եթե միայն ոչ սեփական ցանկությամբ, մենք Լոս-Անջելեսում չենք ապրում, ֆիլմերը ստուդիաներում չենք նկարահանում: Եվ մենք միշտ իրենց (ստուդիաների) հետ ջերմ հարաբերությունների մեջ ենք եղել՝ իրենք են, չէ՞, զբաղվել մեր ֆիլմերի ֆինանսավորմամբ և վարձույթով:

Կադր «Մեծ Լեբովսկի»-ն ֆիլմից
- – Ձեր ֆիլմերի գործողությունները տեղի են ունենում Նոր Օռլեանում, Նյու Յորքում, Հոլիվուդում, Արևմուտքում և Միջին Արևմուտքում: Թվում է, թե դուք սիրում եք ուսումնասիրել Ամերիկայի աշխարհագրությունը: (Միշել Սիման և Յուբեր Նիոգրե)
– Մենք սիրում ենք նկարահանել տնից հեռու, բայց զարմանալի է, որ մտքներիս եկած սուբյեկտները միշտ գտնվում են Ամերիկայում: Ահա թե ինչն է մեզ, կարծես, հրապուրում: (Ջոել Կոեն)
– Տպավորություն կա, որ այն աշխարհը, որտեղ տեղի են ունենում մեր պատմությունները, կապված է մեզ հետ, թեկուզ հեռակա: «Ֆարգո»-ի պարագայում կապը, իհարկե, ավելի ուժեղ էր: (Իթան Կոեն)
- – Ձեր ֆիլմերի ամենամեծ հատկություններից են բացարձակապես անսպասելի շրջապտույտները, հատկապես՝ «Բարտոն Ֆինկ»-ում: Ինչպե՞ս եք հնարում ձեր սցենարները:
– Այդ դեպքում մենք պատկերացնում էինք ֆիլմը սկզբից մինչև վերջ: Կառուցվածքը սովորականից ավելի ազատ էր, և մենք հասկանում էինք, որ պատմության կեսերին պետք է փոխենք բռնած ուղղությունը: Մենք ցանկանում էինք, որպեսզի ֆիլմի սկիզբն ունենա հստակ ռիթմ և հանդիսատեսը մասնակցի որոշակի ճամփորդության: (Ջոել Կոեն)
– Մենք հասկանում էինք, որ բաժանող եզրագիծը շատ նուրբ է: Պետք է զարմացնեինք հանդիսատեսին, բայց չվանեինք ֆիլմից: (Իթան Կոեն)
Հարցազրույցները տեղի են ունեցել տարբեր տարիներին՝ 1991-1996թթ.-երի ժամանակահատվածում:

