«Եվրատեսիլ» երգի մրցույթում Հայաստանը ներկայացրած Ռոզա Լինն աճուրդի է հանել իր բաճկոնը, որով հունվարին iHeartRadio ALTer Ego համերգի ընթացքում բեմ էր բարձրացել և աջակցություն հայտնել Արցախին։ Մասնավորապես, բաճկոնի վրա անգլերենով գրված է․ «Դադարեցրեք շրջափակումը» (Stop the blockade)։
«Բաճկոնի վաճառքից ստացված ամբողջ հասույթը կտրամադրվի Արաբկիրում ՀԲԸՄ Մանկական կենտրոնին»,- գրել է նա իր ֆեյսբուքյան էջում։
Ինչպես հաղորդել էինք ավելի վաղ, Ռոզա Լինը հունվարին ելույթ էր ունեցել iHeartRadio ALTer Ego համերգի ընթացքում, որի ժամանակ աջակցություն էր հայտնել Արցախին։
Նա նաև գրառում էր արել իր ֆեյսբուքյան էջում։
«Խնդրում եմ ՁԵԶ՝ միջազգային հանրությանը, կանգնել իմ կողքին՝ ի պաշտպանություն Արցախի հայերի, մենք պետք է #դադարեցնենք շրջափակումը (#STOPTHEBLOCKADE) և թույլ չտանք Ադրբեջանին շարունակել Արցախում հայերի էթնիկ զտումների սարսափելի քաղաքականությունը։ Ինչպե՞ս կարող եք օգնել: Պարզ բան, սեղմեք այս հղումը՝ https://l.linklyhq.com/l/1f9Np, որն ավտոմատ կերպով թվիթ կստեղծի Քամալա Հարիսի համար՝ խնդրելով խախտել լռությունն այս հարցում, դադարեցնել ԱՄՆ ռազմական օգնությունն Ադրբեջանին և սկսել ԱՄՆ-ի մարդասիրական օգնությունն Արցախին…»,- գրել է երգչուհին։


