Logo

Սայաթ-Նովա և Աննա․ հորինվա՞ծ, թե՞ իրական պատմություն

Հեղինակ
Նարինե Մելիքյան
22:59 / 14.06.2025Լուրեր
null

Հունիսի 14-ին ուշ միջնադարի հայ բանաստեղծ-աշուղ, ժողովրդական-աշուղական նոր դպրոցի՝ արևելյան ձևի հիմնադիր Սայաթ-Նովայի ծնունդն է։ Նա ծնվել է 1712 թվականին Թիֆլիսում։
Սայաթ- Նովայի անվան շուրջ հյուսված ամենատարածված առասպելն այն է, որ նա սիրահարված է եղել վրաց Հերակլ II արքայի քրոջը` Աննային։ Նա ամուսնացած էր վրացի իշխանի հետ։ Շատ ուսումնասիրողներ այս վարկածն իրական են համարել՝ փորձելով Աննա անունը գաղտնագրվածել Սայաթ-Նովայի ստեղծագործություններում։ Սայաթ-Նովայի և Աննայի սիրո պատմության վրա է հիմնված նաև «Սայաթ-Նովա» գեղարվեստական ֆիլմը։

Սայաթ-Նովայի և Աննայի սիրո պատմությունը

Վրաստանի Հերակլ արքան արդեն 3 տարի էր, ինչ պալատական երգիչ Սայաթ-Նովային վտարել էր արքունիքից, բայց կարոտում էր նրա երգերն ու տաղերը:
Մի օր այլևս չհամբերելով՝ իր թիկնապահին ուղարկում է նրան պալատ բերելու:
Վերջինս երգչին գտավ Թիֆլիսի մեյդաններից մեկում երգելիս: Մոտեցավ  և ասաց.
- Սայաթ, թագավորը քեզ նորից պալատ է հրավիրում: Իմացիր, սրտի վրա ծանրացած մեղքը քավելու համար քեզ թավադություն է շնորհել:
Երգիչը մի պահ լռեց: Հավանաբար հիշեց, վերապրեց բոլոր դառնությունները: Հոգում բորբոքվեց հին վիրավորանքը, և նա տրտում մրմնջաց․

- Ձեռը վի կալ, վատ մարթութին չիմ ուզում,
Յիս ռամիկ իմ, թավադութին չիմ ուզում ,
Աղուհացիտ ախպերութին չիմ ուզում:

Այսպես պատասխանիր թագավորիդ, Գորգի, - դառնացած խոսեց Սայաթ-Նովան:
Հեշտ չէր համոզել վիրավորված երգչին, բայց, այնուամենայնիվ, նրան վերադարձրին պալատ:
- Սայա՛թ, - ասաց Հերակլը, - դու գիտես, որ քեզ միշտ սիրել ու հովանավորել եմ, բայց լեզվիդ վրա փակ դնել չկարողացա: Քո դեմ լարեցիր և՛ պալատականներին, և՛ իշխաններին, նույնիսկ Անտոն կաթողիկոսին, որովհետև կծու ծաղրով վիրավորեցիր նրան: Սակայն ուզում եմ մոռանալ անցածը ու ցանկանում եմ, որ նորից իմ կողքին լինե, բայց չափավորես խոսքդ ու ոճդ:
Արքային մերժել չէր կարելի: Գլուխ տվեց Սայաթ-Նովան, ապա պատասխանեց բանաստեղծաբար.
-Ցավում եմ, արքա, որ՝

Ամեն մարթ չի կանա կարթա, իմ գիրն ուրիշ գրեն է,
Ամեն մարթ չի կանա խմի, իմ ջուրն ուրիշ ջրեն է,
Բունիաթս ավազ չիմանաս, քարափ է, քարուկրեն է...

Ու նորից շարունակեց երգել Սայաթ-Նովան արքունի զեխ խնջույքներում: Երբ խփում էր լարերին, կարծես, խոսում էր քամանչան, խոսում մարդկանց սրտերի հետ ու արցունքներ քամում նրանց աչքերից:
Բայց չգիտեր բանաստեղծը, որ իր վառվռուն, հազարերանգ երգերով գերել, հրդեհել է արքայի քրոջ՝ Աննայի սիրտը:
Խրախճանք էր պալատում.... հոսում էր վարդակարմիր գինին...Գինի է ըմպում Հերակլ արքան՝ ամենևին չնկատելով քրոջ՝ արտասուքով ողողված աչքերը, դողացող թարթիչները: Բայց սիրո անմրցելի երգիչը կարդում էր օրիորդի հոգին և նրա սիրուն պատասխանում յուրօրինակ խոստովանությամբ.

Աշխարումըս ախ չիմ քաշիի,քանի վուր  ջան իս ինձ ամա,
Անմահական ջրով լիքը օսկե փնջան իս ինձ ամա:
Սուչըս իմացի,էնենց սպանի,սուլթան ու խան իս ինձ ամա:

Ու մի լուսնկա գիշեր, երբ մեղկ քնի մեջ օրորվում էր պալատը, ու շնկշնկշան զեփյուռից խշշում էին տերևները, Սայաթ-Նովան ծաղկանոցում գրկեց սիրած էակին, համբուրեց վարդագույն շրթունքները... Տարված միմյանցով՝ սիրահարները չնկատեցին, որ մի զույգ աչքեր հետևում են իրենց....
Հաջորդ օրը լուրը տարածվեց արքունիքում և հասավ Հերակլին:
- Բամբասանք կա պալատում, Սայաթ, - ասաց նա՝ կանչելով երգչին: - Լսել եմ ՝ սիրում ես քրոջս՝ Աննային: Այսօր ևեթ հեռացիր և ականջիդ օղ արա՝ արքայի քույրը սազանդարի պատկանել չի կարող: Արդեն կարգադրել եմ. կգնաս Հաղպատի վանք, սև սքեմ կհագնես ու հեռու Թիֆլիսից կքավես մեղքերդ: Մոռացիր աշխարհը և իմացիր՝ հետդարձի ճանապարհ չունես: Ընդմիշտ: Մինչև մահ-գերեզման:
Տրտում լսեց Սայաթ-Նովան և քամանչան կրծքին սեղմած, մտամոլոր քայլեց դեպի Քուռը....Այո,իրեն կենդանի-կենդանի փակում են գերեզմանում: Եվ դրա՞ համար իր ամբողջ կյանքում արդարություն երգեց....Ինքը սխա՞լ էր ուրեմն,երբ ասում էր.

Աստված դիփունանցն մին հոգի էրիտ,
Աղկատ սիրե,ղոնաղ սիրե,տար սիրե....

«Մի՞թե սերը հարցնում է աղքատ ու հարուստ, - մտածում էր նա: -Ով հնարեց այդ օրենքը: Չէ՞ որ սիրո սուրբ օրենքների գիրքը մարդու սիրտն է»....Կսկիծը սրտում, քամանչան ուսին՝ մի օր էլ մեծ սիրահարը մտավ Հաղպատի վանք....Հագավ պարեգոտ, վեղար դրեց, բայց հոգու մեջ պահեց աշխարհը.....

Սայաթնովագետ Իշխան Ստեփանյանը հորինված է համարում այս վարկածը՝ շեշտելով, որ եթե Սայաթ-Նովային պալատից հեռացրած լինեին այդ սիրային պատմության բացահայտման պատճառով, ապա նրա հանդեպ անողոք կլինեին և երկրորդ անգամ վերադառնալու հնարավորություն չէին տա։ Հովհաննես Թումանյանն ու առաջին սայաթնովագետ Գևորգ Ախվերդյանը ևս այդ պատմությունը հավաստի չէին համարում:

Ըստ տարբեր աղբյուրների

fastnews-ads-banner