Logo

Սերժ Օրյան․ ծագումով հայ լիբանանցի կինոռեժիսոր, գեղանկարիչ, լուսանկարիչ

14:29 / 16.11.2023Կինո
null

Նա հայերեն չի խոսում, բայց մեծ հպարտությամբ է պատմում իր հայկական արմատների մասին։ Օրերս կինոռեժիսոր Սերժ Օրյանն առաջին անգամ այցելեց Հայաստան:

Մեծ պապը ցեղասպանությունից փրկվելով՝ Սասունից գաղթում է Հալեպ։ Այնուհետև Հալեպից ընտանիքը տեղափոխվում է Լիբանան։ Այստեղ ընտանիքը կիսվում է․ որդու ծնունդից հետո մեծ պապը որոշում է ապրել սարերում։ Այդ պատճառով է, որ հետագայում Օրյան ընտանիքի սերունդները հայերեն լեզվից և մշակույթից կտրվում են։

Սերժ Օրյանն, իմանալով իր հայ լինելու, հայկական ընտանիքի մասին պատմող պատմություններ, միշտ ցանկացել է լինել Հայաստանում։

«Ուզում եմ ձեզ պատմել այն ապշեցուցիչ զգացողության մասին, որ ունեցա այստեղ։ Երբ դու նոր քաղաք ես գնում, այնտեղ դու կարծես անծանոթ լինես։ Ինչ-որ ժամանակ է պետք, որ սկսես հարմարվել նոր միջավայրին։ Այստեղ առաջին վայրկյանից ես տանն էի․ իսկապես զգում էի՝ կարծես տուն վերադարձած լինեմ»,- նշում է Սերժ Օրյանը։

Օրյանը կարիերան սկսել է գովազդի և մարքեթինգի ոլորտում: Ութ տարիների ընթացքում աշխատել է Դուբայում։ Նկարահանել է գովազդային հոլովակներ աշխարհահռչակ մի շարք բրենդների համար: Այդ թվում են BMW-ն, «Բենթլին», «Ռոլս-ռոյսը», «Կոկա-Կոլան», «Նեսկաֆեն», «Մաքդոնալթսը» և այլն։ 2008 թվականին Լիբանանում հիմնել է իր կինոարտադրության ստուդիան։ Նկարահանել է կարճամետրաժ, կոմերցիոն ֆիլմեր, երեխաների շահագործման և կանանց թրաֆիկինգի մասին սոցիալական ֆիլմեր։

Իր ռեժիսորական կարիերայի գագաթնակետը համարում է Բեյրութ Սիթի հեռուստասերիալը, որը լիբանանյան NBC և MTV հեռուստաընկերություններով ցուցադրվել է 2017, 2018 թվականներին։ Հեռուստասերիալը մեծ հաջողություն է ունեցել ոչ միայն Լիբանանում, այլև տարածաշրջանում։ Ֆիլմը պատմություն է 4 աղջկա մասին, ովքեր ապրում են Բեյրութում։ Ներկայացնում են Բեյրութի իրական կյանքը. տեսախցիկները շրջում են քաղաքում և բացահայտում կանանց։

Ֆիլմարտադրությունից բացի, նա հետաքրքրվում է նաև լուսանկարչությամբ և նկարչությամբ։ Իր երկար տարիների մեծ ցանկությունն է նկարահանել ֆիլմ Սողոմոն Թեհլերյանի մասին։ Ֆիլմի սցենարը տարիներ առաջ է գրել, բայց առ այսօր չի կարողացել իրագործել ցանկությունը։

Սերժ Օրյանն առաջիկայում ծրագրում է ցուցահանդես ունենալ Եվրոպայում։ Հայաստան այցից հետո ցանկություն ունի իր աշխատանքները ներկայացնել նաև հայրենիքում։ Տպավորված է Երևանով, հայերի հյուրընկալությամբ և ջերմ վերաբերմունքով։ Հաջորդ այցը Հայաստան կլինի ընտանիքի հետ՝ կնոջ և երկու դուստրերի ուղեկցությամբ։

Մանրամասները՝ տեսանյութում

fastnews-ads-banner