«Սև հովազ․ Ընդմիշտ Վականդա» («Black Panther. Wakanda Forever») ֆիլմը ռեկորդ է սահմանել սթրիմինգային ծառայությունով թողարկվելուց 5 օր անց, հայտնում է Variety-ն:
«Սև հովազ»-ի շարունակությունը թողարկվել է Disney+-ում փետրվարի 1-ին՝ կինոթատրոններում հայտնվելուց գրեթե 3 ամիս անց։ Մեկ շաբաթից էլ քիչ ժամանակ պահանջվեց, որպեսզի այն դառնա ծառայության ամենապոպուլյար դեբյուտը Marvel-ի կինոկոմիքսների շրջանում: Վարկանիշը հիմնված է դիտման ժամերի տվյալների վրա:
Ռայան Քուգլերի ֆիլմում գործողությունները տեղի են ունենում թագավոր Տ'Չալայի մահից հետո (դերակատար Չեդվիկ Բոուզմանը մահացել է քաղցկեղից 2020 թվականին)։ Վականդայի բնակիչները սգում են նրա կորուստը, պաշտպանում են երկիրը համաշխարհային ուժերի միջամտությունից, ինչպես նաև բախվում են նոր սպառնալիքի՝ ստորջրյա քաղաքակրթության տիրակալ Նեմորին:
«Սև հովազ 2»-ը նոմինացվել է «Օսկար»-ի 5 անվանակարգում, ներառյալ՝ «Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի»։ Ռամոնդա թագուհու դերակատար Անջելա Բասեթը դարձել է առաջին կինը, առաջին սևամորթ մարդը և Marvel Studios-ի առաջին դերասանը, որն առաջադրվել է «Օսկար»-ի՝ կոմիքսների կինոադապտացիայում դերակատարման համար։

.jpg)
