
Լևոն Շանթը համատեղեց դրամատուրգիան ու մանկավարժությունը, փիլիսոփայությունն ու քաղաքագիտությունը, նա մեկն էր 20-րդ դարի հայ մշակույթի ամենավառ անհատականություններից, ում հայացքն ինքնատիպ էր թե՛ իր, թե՛ մեր ժամանակների համար:
Լևոն Շանթ
Էջմիածնի Գևորգյան ճեմարանի սանն իր ուսումը շարունակում է Լայպցեգի, Ենայի, Մյունխենի համալսարաններում, նրա հետաքրքրությունների շրջանակներում էին մանկավարժությունն ու հոգեբանությունը: Շանթը Թումանյանի, Աղասյանի, Իսահակյանի ու Դեմիրճյանի ընկերն էր, լեգենդար «Վերնատան» հավաքույթների անբաժան մասը: Նա այն բախտավորներից էր, ում ստեղծագործական ուղին տևեց 6 տասնամյակ ու թողեց պատշաճ գրական ժառանգություն: Բազմաթիվ բանաստեղծություններ, պոեմներ ու վիպակներ. սակայն Շանթն առաջին հերթին հայ մշակութային կյանքում մնաց իբրև դրամատուրգ: Շանթն արծարծում էր սուր սոցիալ-հոգեբանական խնդիրներ:
Քաղաքագետը
Լևոն Շանթը և Յովհաննէս Քաջազնունին
Դեռևս Գևորգյան Ճեմարանում ուսանելու տարիներին Շանթի մոտ ձևավորվում են որոշակի հասարակական- քաղաքական դիրքորոշումներ:
«Ես իմ վրա նայած եմ միշտ իբրև գրչի մարդու և Հեղափոխությունը նկատած եմ միշտ իբրև զենքի գործ, ես այդ զենքը չեմ
գործածեր, պետք չէ որ մտնեմ զենքով քարոզողներու մեչ»:
1909թ.-ին Լևոն Շանթն անդամագրվեց Դաշնակցությանը: Շաթն այն արվեստագետներից էր, ովքեր մի անգամ մտնելով մշակութային կյանք նաև իրենց պարտքն են համարում հստակ քաղաքական դիրքորոշում ունենալ, լինել հասրակական գործիչ ու մտավորական, բառի ամենատարողունակ իմաստով: Առաջին հանրապետության խորհրդարանի ամենաակտիվ դեմքերից մեկը 1920թ.-ին դեկտեմբերին բանտարկվեց մի շարք ուրիշ հայ մտավորականների հետ: Թեև բանտարկությունը տևեց ընդամենը մի քանի ամիս, սակայն մեծ ազդեցություն թողեց Շանթի վրա:
Գևորգ Բաշինջաղյան,Կոմիտաս, Ղազարոս Աղայան, Վրթանես Փափազյան, Լևոն Շանթ,Ավետիք Իսահակյան, Հովհաննես Թումանյան:
Ազատ արձակվելուն պես Շանթը հեռացավ Հայաստանից… Նրա մի ոտքը Կովկասում էր, մյուսը՝ Եվրոպայում. նա անվերջ փնտրտուքների մեջ էր:
Աշխարհի քաղաքացին
Որքան հայրենասեր ու դաշնակցական էր Շանթը, որքան Գևորգյան ճեմարանի արժանի սան էր, ճիշտ այդքան էլ եվրոպական համալսարանների գեղագիտական ու փիլիսոփայական պատկերացումների կրող: Ասում են՝ Շանթը համայնավարության հակառակորդն էր ու ժողովրդավարական սկզբունքների ջատագովը:
«Իր պայմանագրական կեղծիքի դեմ ըմբոստացումով Նիցշեական էր, իր անխնա ճշմարտության ձգտումով՝ Իբսենական, իր որոնող ու
ձգտող հոգեբանությունով Հայ էր»:
Գ. Իփեկյանը Լևոն Շանթի մասին
Լևոն Շանթին նվիրված ՀՀ փոստային նամականիշ
«Հին աստվածները»
Շանթի գլուխգործոցը՝ «Հին աստվածները» աշխարհիկի ու հոգևորի հավերժական պայքարի մասին է, գուցե դա է պատճառը, որ այն իր արդիականությունը չի կորցրել մինչ օրս: Տասնյակ բեմականացումների հետ մեկտեղ այդ դրաման իր շուրջը բուռն քննարկումներ, մինչև անգամ քննադատություններ է առաջացրել: «Հին աստվածները» դրամաում Շանթը ներկայանում է, որպես առանձնահատուկ սիմվոլիստ՝ ներկայացնելով պատմությունը զուգահեռ զարգացող երկու՝ իրական և երևակայական ուղություններով, Շանթը ստեղծել է սիմվոլիկ կերպարների մի եռյակ՝ Քողավորը, Սպիտակավորը, ճգնավորը: Քողավորը Սեդայի այլաբանական կերպարն էր, այն աբեղայի աշխարհիկ զգացմունքի՝ սիրո սիմվոլն է:
«Հին աստվածները» պիեսի 1999թ.-ի բեմադրությունից
«Դո՞ւն…դո՞ւն…
– Այո, ես, միթե չէիր սպասեր:
– Աստված իմ:
– Մենա՞կ ես:
– Ես… ես մենակ եմ միշտ:
– Այ, եկա քեզի ընկեր, և եկա այսպես կեսգիշերին, որ մինակ ըլլանք ես ու դուն: Դուն, իմ քաջս, իմ արևս, իմ լուղորդս…
– Հերիք է»:
Սպիտակավորը վանահոր խիղճն էր, որը վիճում էր վանահոր հետ, հանդիմանում նրան:
«Ո՞վ ես դուն:
– Այ, սևավոր, ինչո՞ւ ես ժողովեր գլուխդ այդ սևազգեստ ու սևահոգի մարդիկը, ինչո՞ւ ես եկեր այս հինավուրց կղզին:
– Ո՞վ ես դուն:
– Ելիր, ելիր. քշե նորեն դուրս դեպի կյանքը այդ թշվառ ու մռայլ ամբոխը: Ելեք դուրս, դուք, որ զգայարանքները չորցնել կուզեք ու կրքերը մարել: Դուրս այս կղզիեն, դուք, որ թշնամի եք ամեն գեղեցկության, ամեն կյանքի ու շարժումի, ամեն ուժի ու ծնունդի: Դուրս, մի աղարտեք իմ աստվածներուս այս սուրբ դրախտը»:
Շանթը գերակա էր համարում մարդու ազատությունը, նա մարդուն վեր էր համարում ամեն տեսակ պայմանականություններից և իրավասու՝ կոտրելու ազատության ճանապարհին հանդիպող կրոնական ու բարոյական շղթաները: Հետաքրիր է Ճգնավորի կերպարը, նա թողել է բոլոր աշխարհիկ վայելքներն ու զվարճանքները, հոգևորականի սքեմ հագել և իրեն նվիրել ապաշխարությանը, սակայն այդպիսով նա չի հասել իր ակնկալած խաղաղությանը և հանգել նրան, որ միակ ճշմարտությունը այն դատարկությունն է, որին «փոս» է անվանում, որը փորել է սեփական եղունգներով, ուղեղով ու սրտով, որն ավարտ չունի, քանի որ «ինչքան վարես, այնքան ավելի դատարկ կդառնա»: Նույն «Ունայնության փոսը» կարելի է հանդիպել նաև Աբեղայի կյանքում, թեև այստեղ այն լցված է անկարելի երազանքներով և տենչանքներով:
Շանթի «Հին աստվածները» նաև պայքար է բնության ու կրոնի միջև, և թվում է՝ գրողն իր նախապատվությունն, ամեն դեպքում, տալիս է մարդու բնությանը՝ բնական, կենսական մղումներին, մարդկային ցանկություններին ու զգացմունքներին: Աշխարհիկ կյանքն իր հաղթանակն է տոնում, երբ Աբեղան գալիս է Վանահորը հայտարարելու, որ Հին աստվածները մեռած չեն, Հին աստվածները կան:
Շանթը գալիս է այն եզրակացության, որ մեր անազատության պատասխանատուն հենց մենք ենք՝ «Մենք ենք, որ շղթաներու տակ կպահենք անհնազանդ որդին, այն ըմբոստ հոգին, որ ճկվիլ չուզեր Աստծու կամքին»:
«Մարդը մտածող եղեգ մըն է»
Այս համոզմանն էր Լևոն Շանթը մարդու տեսակի մասին: Նա մյուս կաթնասուններից մարդու ամենատարբերիչ հատկանիշն էր համարում նպատակասլացությունը, գրողն այն համոզմանն էր, որ եթե մարդու նպատակը սկիզբ ունի, ապա չունի վերջ: Վանահայրը, ում կերպարի մեջ շատերը տեսնում են նաև Նիցշեի Զրադաշտին, ասում է՝ «Քանի կապրինք՝ շինենք պիտի, պիտի շինենք մեր Աստծուն իր տաճարը, շինենք ու փլի, շինենք ու քանդենք, շինենք ու շինենք միշտ, բայց երբեք երբեք չավարտենք, հենց որ ավարտի ալ տաճար չէ Աստծու,այլ…կռատուն»:
Աղբյուրներ՝ Լևոն Շանթ «Հին աստվածներ», Յուրի Հովականյան «Լևոն Շանթի կենսափիլիսոփայությունը»: