Logo

Շերի նախկին ընկերը կամ պարզապես «Թոփ գան. Մավերիք» և «Բեթմեն» ֆիլմերի աստղը․ ընկերները՝ մահացած Վել Քիլմերի մասին

00:55 / 03.04.2025Լուրեր
null

65 տարեկանում Լոս Անջելեսում մահացել է Վել Քիլմերը: Ըստ «The New York Times»-ի՝ ամերիկացի դերասանի մահվան պատճառը թոքաբորբն է: Նրա դստեր՝ Մերսեդես Քիլմերի խոսքով՝ հայրը 2014 թվականին կոկորդի քաղցկեղ է ունեցել, ապաքինվել է, բայց ամբողջությամբ կորցրել է ձայնը:
Ռեժիսորներ Ռոն Հովարդը, Ֆրենսիս Ֆորդ Կոպոլան և Մայքլ Մանը հարգանքի տուրք են մատուցել Քիլմերին: Կոպոլան նրան նկարագրել է որպես «հրաշալի մարդ աշխատանքում»։ Նաև նշել է, որ ուրախ է նրան ճանաչելու համար։ «Վել Քիլմերը ամենատաղանդավոր դերասանն էր, երբ սովորում էր ավագ դպրոցում։ Հետագայում այդ տաղանդն ավելի մեծացավ»: Իսկ Հովարդը գովաբանել է Քիլմերի «հիանալի դիապազոնը որպես դերասան»։ Մայքլ Մանն էլ «Instagram»-ում գրել է․ «Վելի հետ աշխատելիս միշտ զարմանում էի նրա մասնագիտական բազմազանությամբ։ Նա արագորեն յուրացնում էր կերպարներն ու գերազանց արտահայտում նրանց հույզերը»։ 

1980-ականներին Վելը և Շերն ընկերություն էին անում։ Հայազգի երգչուհին դերասանից մեծ էր 13 տարով, բայց դա չէր խանգարում նրանց հարաբերություններին։ Քիլմերի մահից հետո Շերը ևս խոսել է նրա մասին․ «Վելուս, կկարոտեմ քեզ։ Դու զվարճալի էիր, խենթ, իսկական ընկեր, հոգատար հայր, փայլուն ինչպես Մարկ Տվենը։ Դու նաև համարձակ իր քո հիվանդության ժամանակ»։

Վել Էդվարդ Քիլմերը ծնվել է 1959 թվականի դեկտեմբերի 31-ին։ Մեծացել է Լոս Անջելեսի միջին խավի ընտանիքում: Նրա ծնողները քրիստոնյա գիտնականներ էին: 17 տարեկանում նա դարձավ այն ժամանակվա ամենաերիտասարդ աշակերտը, ով ընդունվեց աշխարհի ամենահեղինակավոր դրամատիկական կոնսերվատորիաներից Նյու Յորքի Ջուլիարդ դպրոց։

Քիլմերը ճանաչվեց 1984-ի «Top Secret» կատակերգությամբ։ 1 տարի անց նկարահանվեց «Real Genius» ֆիլմում, ապա դարի խոշորագույն ֆիլմերում, այդ թվում՝ «Թոփ գան. Մավերիք» և «Բեթմեն»։ Իսկ «The Doors»-ում մարմնավորում էր լեգենդար Ջիմ Մորիսոնին։ «Willow» և «Kill Me Again» ֆիլմերում նկարահանվեց Ջոան Ուոլլիի հետ, ով հետագայում դարձավ Քիլմերի կինը։ Զույգն ունի 2 երեխա։ 

Քիլմերի ֆիլմերը համաշխարհային մակարդակում հավաքել են ավելի քան 3.7 միլիարդ դոլար։ 1992 թվականին կինոքննադատ Ռոջեր Էբերտն ասել է. «Եթե կա մրցանակ իր սերնդի ամենաանհավանական և արժեքավոր դերասանի համար, Քիլմերը պետք է ստանա այն»։

fastnews-ads-banner