Հայ նկարիչ Ռուդոլֆ Խաչատրյանը ծնվել է 1937 թ. մարտի 4-ին, Երևանում։ ՀԽՍՀ վաստակավոր նկարիչ, ՀԽՍՀ ժողովրդական նկարիչ, Ռուսաստանի գեղարվեստի ակադեմիայի թղթակից անդամ Ռուդոլֆ Խաչատրյանը մասնագիտական կրթություն չի ստացել։ 1951 թվականին մի քանի ամիս սովորել է Երևանի Գեղարվեստի ուսումնարանում, որտեղից հեռացել է մասնագիտական անհամաձայնությունների պատճառով։ Նրա կյանքում ճակատագրական է եղել հանդիպումը Երվանդ Քոչարի հետ։ Մեծ քանդակագործը պատանի Ռուդոլֆին տեսել է փողոցում ճեպանկարներ անելիս, միանգամից նկատել է նրա տաղանդը ու առաջարկել իր արվեստանոցում շարունակել աշխատել ու կրթվել։ Ռուդոլֆ Խաչատրյանը հետագայում գրել է.
Ես հավերժ շնորհակալ եմ Աստծուն այն բանի համար, որ վաղ հասակում հանդիպեցի մաեստրո Քոչարին։ Սա եղավ ամենամեծ իրադարձությունը իմ կյանքում, որովհետև Երվանդ Քոչարը զարմանալի ինտելեկտուալ էր, անբացատրելի մարդ և ես կարծում եմ նա 20-րդ դարի հայտի նորարար-նկարիչներից մեկն էր։ Նա սկսեց ընկերություն անել ինձ հետ` 15-ամյա տղայի հետ և դա որոշեց իմ ողջ ստեղծագործական կյանքը ու իմ մարդկային ճակատագիրը։
Ռուդոլֆ Խաչատրյանի մասին մշակութաբան Լևոն Աբրահամյանը գրում է.
Ռուդոլֆն ինձ հաճախ ասում էր, որ գոյություն ունի աշխարհը պատկերելու երեք եղանակ: Առաջինը, երբ դու թղթի, կտավի վրա ճշգրտությամբ եւ վարպետորեն արտացոլում ես արտաքին աշխարհը կամ էլ մարմնավորում ես այն քանդակում: Երկրորդ եղանակն է, երբ քեզ հաջողվում է վերարտադրել նաեւ այն հրաշքը, որ արտացոլվող արտաքին աշխարհի հիմքում է ընկած: Եվ, վերջապես, կա երրորդ՝ ամենադժվար հասանելի եղանակ, երբ դու ստեղծում ես գոյություն չունեցող աշխարհ, բայց կարողանում ես նրա մեջ ներշնչել իրական կյանքի հրաշքը:
Ռուդոլֆ Խաչատրյանն իր ողջ կյանքի ընթացքում աշխարհը հավասարաչափ պատկերել է իր նշած երեք եղանակներով էլ։ Այսօր մենք ընտրել նկարչի տասը աշխատանք, որտեղ նա ճշգրտությամբ եւ վարպետորեն պատկերել է հայտնի մարդկանց։
Եվ այսպես տասը հանրաճանաչ մարդկանց դիմանկարներ.











