Logo

Սիմոն Աբգարյանի «Էլեկտրան թշվառների աշխարհից» ներկայացումը՝ երևանյան բեմում

11:10 / 28.11.2024Լուրեր
null

Երևանյան միջազգային թատերական փառատոնի հատուկ հյուրն այս տարի ֆրանսահայ աշխարհահռչակ դերասան և բեմադրիչ Սիմոն Աբգարյանն է։ Աշխարհահռչակ արվեստագետի «Էլեկտրան թշվառների աշխարհից» ներկայացումը Գ․ Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում կցուցադրցի դեկտեմբերի 5-ին և 6-ին, ժամը 19-ին։ Ներկայացումը մեծ հաջողություն է ունեցել ոչ միայն Ֆրանսիայում՝ դառնալով Ֆրանսիական ազգային թատրոնի «Մոլիեր» (համարժեք է «Սեզարին» կամ «Օսկարին») մրցանակի եռակի դափնեկիր, այլև շրջագայել է աշխարհի տարբեր քաղաքներում։ Փառատոնի կայացմանն ու ներկայացումը Հայաստան բերելուն աջակցել են ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանությունն ու Հայաստանում ֆրանսիական ինստիտուտը։ «Արվեստը՝ ի դեմս թատրոնի, պետությունն ավելի ամուր է դարձնում։ Թատրոնն ուշիմություն և ուժ է տալիս ժողովրդին: Ուրախ եմ իմ հայրենիքում՝ Հայաստանում, ևս աշխատելու հնարավորության համար, ինչպես Ֆրանսիայում և Լիբանանում: Թատրոնն ազգություն չի ճանաչում, հակառակը՝ միավորում է տարբեր ազգերի ու քաղաքացիների», - նշել է Սիմոն Աբգարյանը։ 

Ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն Վարդան Մկրտչյանի խոսքով՝ «Էլեկտրան թշվառների աշխարհից» ներկայացումը Եվրոպայի վերջին տարիների տիտղոսակիր ներկայացումներից է։ Նա վստահ է՝ այն իրապես տոն կպարգևվի թատերասեր հանրությանը: «Գ․ Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի որդեգրած քաղաքականությունում առանձնակի տեղ ունի միջազգային գործակցությունը, հետևաբար՝ այս հյուրախաղերը ոչ միայն մեկանգամյա գործակցություն են, այլև միտված են թատերական արվեստում փոխանակումներին։ Դա մեր հիմնական նպատակներից է» ,- նշել է Վարդան Մկրտչյանը։

Ըստ Դանիել Դանիելյանի՝ նման նախաձեռմությունները փորձի փոխանակման հնարավորություններ են։ «Կարևոր է հայկական բեմից հայ հանդիսատեսին «Էլեկտրան թշվառների աշխարհից» բեմադրության թատերական արժեքը ներկայացնելը: Սա եզակի ներկայացում է, որը մեծ արձագանք է ունեցել ինչպես Ֆրանսիայում, այնպես էլ դրա սահմաններից դուրս։ Այսպիսի ներկայացումները մեր թատերական աշխարհին դինամիկա կհաղորդեն: Ուրախ եմ, որ հայ հանդիսատեսը, ուսանողներն ու թատերական գործի մասնագետները կդիտեն այսպիսի բարձրորակ ներկայացում, որում կերևա, թե որքան մեծ է բեմադրիչի դերը»,- ընդգծել է ԿԳՄՍ նախարարի տեղակալը:

Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության մշակույթի և գործակցության հարցերով խորհրդական Քսավիե Ռիշարը նշել է, որ երկրորդ անգամ անցկացվող Երևանյան միջազգային թատերական փառատոնն արդեն իր ուրույն տեղն ունի Հայաստանի մշակութային կյանքում: Նա հիշեցրել է, որ նախորդ տարի փառատոնի շրջանակում երևանյան բեմում հանդես է եկել փարիզյան հայտնի «Օդեոն» թատրոնը: «Փառատոնը հայ հանդիսատեսին թույլ է տալիս բացահայտելու համաշխարհային տարբեր թատերախմբերի ներկայացումները: Այս տարի պատիվ ունենք հյուրընկալելու Սիմոն Աբգարյանին։ Սա շատ կարևոր և խորհրդանշական իրադարձություն է, քանի որ նա Հայաստանն ու Ֆրանսիան իրար է կապում պատմական և բարեկամական խոր կապով»,- ասել է Քսավիե Ռիշարը:

«Էլեկտրան թշվառների աշխարհից» ներկայացումը հունական հնագույն առասպելի հզոր վերաիմաստավորումն է: Արգոսի ամենաաղքատ շրջանում ծավալվող այս հուզիչ ներկայացումն ամբողջապես վերափոխում է վրեժխնդրության դասական պատմությունը: Էլեկտրան՝ նախկին արքայադուստրը, իսկ այժմ հասարակաց տան սպասուհին, այրվում է զայրույթից և հուսահատությունից՝ սպասելով իր եղբոր՝ Օրեսթեսի վերադարձին։ Նրանք միասին կդիմակայեն իրենց մոր՝ Կլիթեմնեստրայի բռնակալությանը։

Ներկայացումն ուղեկցվում է «Howlin' Jaws» խմբի աշխույժ ռոք-ն-ռոլով, ցնցող խորեոգրաֆիայով և ձայների խմբերգով, որոնք կյանք են հաղորդում յուրաքանչյուր տեսարանին։

 

fastnews-ads-banner