Կոմիտասի պատմական ձայնագրությունից ավելի քան մեկ դար անց հայ մեծանուն երաժշտի ձայնը կրկին հասանելի կլինի ունկնդիրներին։ Պոլսահայ երգչուհի Սիպիլը ներկայացրել է նոր տեսահոլովակ, որի ստեղծման գաղափարը նրա մոտ ձևավորվել էր դեռևս վեց տարի առաջ։
«Արորն ու տատրակը» ստեղծագործության հիման վրա իրականացված նախագիծը միավորում է Կոմիտասի պահպանված ձայնագրությունն ու ժամանակակից երաժշտական մշակումն ու մատուցումը։
Նախագծի հեղինակների խոսքով՝ նախաձեռնության նպատակն է ոչ միայն պահպանել և հանրությանը ներկայացնել Կոմիտասի երաժշտական ժառանգությունը, այլև նրա ձայնը հասանելի դարձնել նոր սերնդին.
«Կան ձայներ, որոնք միայն պատմություն չեն, այլ պատկանում են հավիտենությանը»,- գրել է Սիպիլը ինստագրամյան իր էջում:
Երաժշտության գործիքավորումը կատարել է Վահան Նահապետյանը, միքսն ու մասթերինգը՝ Հմայակ Ռոստոմյանը։ Բլուլի կատարումն իրականացրել է Հասմիկ Մուրադյան-Հարությունյանը, իսկ տեսահոլովակի ռեժիսորը Արտյոմ Աբովյանն է։



