Արմավիրի մարզի Մեծամոր խոշորացված համայնքի համայնքապետարանի «Վերելք» դրամատիկական թատրոնի խաղացանկը կհամալրվի նոր ներկայացմամբ: Հանդիսատեսը կդիտի Սաթենիկ Գասպարյանի առաջին ռեժիսորական աշխատանքը՝ Ռոբեր Տոմայի պիեսի հիման վրա բեմադրված «Սիրագորով կանայք» դետեկտիվ կատակերգությունը: Գործողությունները ծավալվում են ամառանոցում։ Ընտանիքը երեկույթ է կազմակերպում Անգլիայից ժամանած դստեր համար: Հավաքույթի ժամանակ ընտանիքի հորը գտնում են սպանված: Պետք է պարզել՝ ով է մարդասպանը։ Այս իրադարձությունն ամբողջ ընթացքում ուղեկցվում է հումորով: Սաթենիկն ընդգծում է՝ իրականում ներկայացումը քաոսի մասին է։ «Մարդասպանին գտնելուց բացի, ընտանիքի անդամները հարաբերություններ են պարզում, բացահայտում միմյանց մասին մի շարք գաղտնիքներ: Այսինքն մարդիկ համակերպվում են քաոսի հետ և շարունակում ապրել՝ առանց այն զգալու: Ցանկացել եմ հանդիսատեսին փոխանցել այն միտքը, որ բոլորիս կյանքում քաոսը սկսվում է աղճատված հարաբերություններից, միմյանց չլսելուց, չհասկանալուց, և սեփական «ես»-ը անտեղի առաջ մղելուց», - խոստովանում է ռեժիսորը։
Ըստ բեմադրիչի՝ իր ամենակարևոր առաքելությունը համայնքային թատրոնի գոյությունն ու զարգացումն է։ Նրա խոսքով՝ Արմավիրը խիտ բնակեցված մարզ է, հետևաբար պետք է ունենա թատրոն, և բնակիչներին ներգրավի մշակութային կյանք: Սաթենիկը հուսով է, որ թատրոնը կդառնա ցանկալի վայր համայնքի բնակիչների համար և կձևավորի նոր աշխարհայացք ու մշակույթ:
Սաթենիկ Գասպարյանն ավարտել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտը, բեմադրիչ, դերասան Դավիթ Հակոբյանի կուրսը: Առաջին ներկայացումը բեմադրելիս՝ Սաթենիկը հիշել է վարպետի ամենակարևոր խորհուրդը. «Դավիթ Հակոբյանն ասում էր՝ ինչ էլ անենք, անենք լրջությամբ, իսկ հումորի պարագայում լրջությունը հաջողելու լավագույն տարբերակն է»: Ըստ նրա՝ պետք է ոչ թե ծիծաղել քո հումորի վրա, այլ թույլ տալ, որ դա անի հանդիսատեսը։ Պետք է կարողանալ լրջության մեջ վարպետորեն փոխանցել հումորը: Ըստ նրա՝ այս ամենը հանդիսատեսը կտեսնի իր նոր ներկայացմանը։
Սաթենիկ Գասպարյանը
«Վերելք» թատրոնը հիմնադրվել է Մեծամոր խոշորացված համայնքի ղեկավար Վահրամ Խաչատրյանի, Նորապատ համայնքի վարչական ղեկավար Սարգիս Արշակյանի և ռեժիսոր Արամ Նալբանդյանի ջանքերով՝ 44-օրյա պատերամիզմից հետո՝ 2021 թվականին։ Թատրոնի անվանումը ևս պատահական չէ։ Պատերազմից հետո պետք էր նոր շունչ հաղորդել համայնքային մշակույթին: Հիմնադրումից ի վեր «Վերելքը» ներկայացել է մի շարք ներկայացումներով՝ նախատեսված մեծահասակների, դպրոցականների ու երեխաների համար: