Logo

Սիրում էր խաղալ, առավել ևս խաղը շահել…

Հեղինակ
naira-art
00:00 / 02.09.2020ՄՇԱԿՈՒՅԹ
2222 2 - Սիրում էր խաղալ, առավել ևս խաղը շահել...

 

Մեր մեծերի մասին պատմություններն ու հուշերը շատ անգամ օգնում են բացահայտել նրանց ոչ միայն որպես իրենց գործի վարպետի, մշակի, նվիրյալի, այլ նաև որպես սովորական մահկանացուների` իրենց թուլություններով, սխալներով, առավելություններով, բացթողումներով, մարդկային դրական ու բացասական հատկանիշներով։ Այդպիսի մի հուշ-հատված ենք ընտրել Լևոն Հախվերդյանի «Պարույրը» մենագրությունից, որտեղ  հետաքրքիր ու յուրօրինակ կողմից է ներկայացված մեծ բանաստեղծը.

 

hqdefault - Սիրում էր խաղալ, առավել ևս խաղը շահել...
Լևոն Հախվերդյան

 

«Իր կրքերի գերին էր Պարույրը, և թե աշխատասեր էր խելահեղորեն, ապա դա էլ կիրք էր, որին ևս պետք է հանձնվեր գլխովին։ Ուրիշ կերպ չէր ուզում, չէր կարող, ի վիճակի չէր…

Թե ինչքան տարվող, համակվող բնավորություն էր` երևում էր ամեն ինչից, ամեն ինչում։

 

sevak2 - Սիրում էր խաղալ, առավել ևս խաղը շահել...

 

Կարող էր գիշերներ լուսացնել ասենք շախմատի շուրջը։ Քանի-քանի անգամ է պատահել Ղուկասյան փողոցի այն բնակարանում, որ պատկանում էր աներոջը` բժիշկ Վարդան Ավագյանին։ Ձմեռվա մի երեկո, հիշում եմ, այնտեղ գնացինք Աղաբաբյան Սուրիկի հետ, որ շախմատ ավելի լավ էր խաղում, քան ես ու Պարույրը։ Ինչպես միշտ հիանալի ընդունելությունն և՛ Վարդան Մարկիչի, և՛ տիկին Անահիտի կողմից, թեյասեղան, խոսքուզրույց, ինչպես լինում էր սովորաբար…

Հետո անցանք շախմատին։ Մի խաղ, երկուսը, տասը… տնեցիք քուն են մտել մյուս սենյակում, Վարդան Մարկիչը` այս մեկում, ուր խաղում ենք` ծխի քուլաների մեջ, անտրտունջ։ Ուշ ժամին տուն եկավ նաև Ռուբիկը` տան կրտսերը, մեր մեր տարեկիցն էր։ Սա էլ խառնվեց խաղի մեջ, առանց մի խոսք ասելու, որ չի կարելի քնած մարդուն ծխախեղդ անել։ Ժամերը սահում են ժամերի հետևից, իսկ խաղի վերջ չի երևում, քանի որ Սուրիկը հա տանում է, մյուսներս` տարվում, տարվող կողմը խաղին վերջ կտա՞, այն էլ Պարույրը, մի անգամ, էլ, այս մեկն էլ, մինչև որ սկսեց տանել արդեն հալից ընկած Սուրիկին։ Գիշերը վաղուց կես էր եղել։ Ինչքան էլ զգույշ էինք խաղում` շախմատային վեճը մեկ-մեկ բռնկում էր։ Աղմուկի վրա խեղճ տանտերը` հայտնի բժիշկ-թերապևտը, տեղից վեր կացավ, վերստին` անտրտունջ, վերստին մեր արածի հակահիգենիկ և հակակուլտուրական կողմին` անտարբեր։ Ինքն էլ մոլի խաղացող, հենց սպիտակեղենով նստած անկողնում` մեկ փեսային էր քայլ հուշում, մեկ հակառակորդին…

Տուն գնացինք լուսադեմին…

 

f5c4994122fec8 5c4994122ff20 - Սիրում էր խաղալ, առավել ևս խաղը շահել...

 

Ազարտը, բառիս լայն առումով, Պարույրի արյան մեջ էր, խաղը պարզապես դա ակներև էր դարձնում։ Նարդի խաղաղալիս էլ նույնն էր, զառը գցում էր վստահորեն և ասում. «Հիմա կլսեք ծանոթ բացականչություններ…», այսինքն` հակառակորդի հուսահատական կանչերը։ Սա միակ արտահայտությունն էր, որ նա առել էր ինձնից` իր մեծաթիվ դարձվածքների դիմաց…

Սիրում էր խաղալ, առավել ևս խաղը շահել, ինչպես ամենքը, տարբերությունը չափի մեջ էր, իսկ Պարույրը չափ չէր ճանաչում։ Նույն անհագ խառնվածքն էր ամենուրեք, իր բոլոր արարքներում։

 

images - Սիրում էր խաղալ, առավել ևս խաղը շահել...

 

Ասենք, թե ծխելը։ Դա էլ` չափազանց, դարձյալ չափազանց. սիգարետն անպակաս էր բարակ մատների արանքից։ Ծուխը ներս էր քաշում ագահաբար։ Սակավապետ ուտելու մեջ` առավոտները մի բան կուտեր ոչ թե քաղցը հագեցնելու, այլ ծխելու ախորժակը բացելու համար։ Դեպքերից առաջ ընկնելով ասեմ` տարիների ընթացքում այդ մոլությունը խորացավ իր մեջ, նիկոտինի քաղցը հանգիստ չէր տալիս իրեն` տնից դուրս գալիս,- ասում էր,- ունեցածս մի տուփի հետ երկուսն էլ վերցնում եմ, որ հանկարծ չպակսի…

Սաստիկ ծխելն իր ետևից բերում էր և սաստիկ հազը, տևական ու տանջալի այնքան, որ աչքերից արցունք էր հոսում։ Դրանից ազատվելու ելքը գտնում էր առավոտները մի քիչ օղի խմելու մեջ։ Բայց դա էլ ելք չէր։ Դե, էդ անտերը մի քիչ պակասեցրու՛, էլի… Նայում էր արցունքախառն կշտամբանքով` կարծում ես չե՞մ ուզում…

Այդ ժամանակ արդեն համազգային ճանաչման հասած բանաստեղծի համար հատուկ դեղորայք էին ուղարկել, որ խմի ու վերջ տա ծխելուն։ Հարցրի` հը՞, ինչ դառավ։ Ա՛յ տղա, չեղաավ էլի։ Դեղը լավ չէ՞ր։ Դեղը լավն էր, ես պիտի օգնեի իրեն, որ իր գործը տեսներ` չկարողացա…

 


fastnews-ads-banner