Logo

Սկանդալային «Վթարը»` Երևանում. «Ոսկե ծիրանը» մեծ էկրանին ցուցադրեց Քրոնենբերգի էրոտիկ գլուխգործոցը 

Հեղինակ
Արման Գասպարյան
17:27 / 12.07.2023• Վերլուծություն
Բացառիկ
Դեյվիդ Քրոնենբերգ-Վթար

«Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի «Ծուռ ծիրան» ծրագրի շրջանակում Երևանում մեծ էկրանին ցուցադրվեց կանադացի ռեժիսոր Դեյվիդ Քրոնենբերգի «Վթար» (Crash) հոգեբանական (էրոտիկ) թրիլլերը։ Շուրջ 27 տարի առաջ էկրաններ բարձրացած աղմկահարույց ֆիլմը հատկապես ակտուալ է մեր ժամանակներում, երբ տեխնոլոգիաներն այնքան սերտ են միախառնվել մարդկային կյանքի բոլոր ոլորտներին, որ արդեն անհնար է դառնում պատկերացնել մեկն առանց մյուսի։ 

Քանի որ ֆիլմի մասին անցած տարիների ընթացքում ասվել է ամեն ինչ, կամ, գրեթե ամեն ինչ, կփորձենք 2023թ-ի իրականության պրիզմայով հասկանալ, թե ինչու է այն ակտուալ հատկապես հիմա։ 

Ջեյմս Բալլարդը


Ֆիլմը հիմնված է բրիտանացի գրող Ջեյմս Գրեմ Բալլարդի համանուն վեպի վրա, որը լույս է տեսել 1973թ-ին։ Բալլարդը 20-րդ դարի երկրորդ կեսի անգլիական գրականության խոշորագույն դեմքերից է, որը հիմնականում գրում էր գիտական ֆանտաստիկայի ժանրում, սակայն մարդկային հոգեբանության խորը իմացությունը թույլ էր տալիս նրան ուսումնասիրել գիտակցության մութ անդունդները նաև այլ ժանրերում։ «Վթարն» էրոտիկ թրիլլեր է, որում Բալլարդը կենտրոնանում է մի խումբ մարդկանց տարօրինակ սեքսուալ դևիացիայի` ավտովթարներից սեքսուալ բավարարվածություն ստանալու վրա։ Հեղինակի խոսքով` ավտոմեքենան, այդ ստեղծագործական էլեմենտը, այդ գործող անձը, օգտագործվում է գրքում ոչ միայն որպես սեքսուալ նկարագիր, այլև որպես ժամանակակից հասարակության մեջ մարդու տեղի մետաֆորա, երբ լուսավորված, դյութիչ ու բրուտալ մեքենան ավելի ու ավելի է քաշում մեզ դեպի տեխնոլոգիական համայնապատկերի խորքերը։ 

Գիրքն ինքնին բավականին աղմկահարույց էր 70-ականների համար, սակայն բարձրացված աղմուկը բացարձակ համեմատելի չէ մոտ քառորդ դար հետո նկարված էկրանավորման աղմուկի հետ։ 

Կանադացի Դեյվիդ Քրոնենբերգն ունիկալ ստեղծագործող է։ Իր ֆիլմերում ռեժիսորն ուսումնասիրում է մեծ եռամիասնության` գիտակցության, ֆիզիոլոգիայի ու տեխնոլոգիաների միջև հարաբերություններն ու կապը` գիտակցությունը դիտարկելով որպես ֆիզիոլոգիայի, իսկ տեխնոլոգիաները՝ որպես գիտակցության ուղիղ ու անխզելի շարունակություն։ Ընդ որում, Քրոնենբերգի ֆիլմերում սահմանը ֆիզիոլոգիայի ու գիտակցության, գիտակցության ու տեխնոլոգիաների, տեխնոլոգիաների ու ֆիզիոլոգիայի միջև մշուշոտ է, հաճախ այդ սահմանն ընդհանրապես գոյություն չունի, անցումները մեկից մյուսը սահուն են, առանց կտրվելու ու առանց հատման կետերի` միահյուսված մեկը մյուսի հետ։ 

Դեյվիդ Քրոնենբերգ

Դեյվիդ Քրոնենբերգը 


Քրոնենբերգի «Վիդեոդրոմը» (Videodrome), «Ճանճը» (The Fly), «Մերկ լանչը» (Naked Lunch), «Էքզիստենցիան» (eXistenZ) ուսումնասիրում են այս կապը` տարբեր սոցիալական իրողությունների կոնտեքստում. մեդիայի ազդեցությունն ու իշխանությունը, գիտության առաջընթացն ու տարիքի հետ մարդու հոգեբանական պրոֆիլի անխուսափելի փոփոխությունները, թմրանյութերի ազդեցությունը հասարակական կյանքի վրա և այլն։ «Վթարը» նույնն անում է սեքսուալության, մահվանը ձգտելու (կենդանիից անկենդանի անցումը սակրալացնելու), մահը որպես կյանքի բնականոն շարունակություն ընկալելու, ու, ամենակարևորը, տեխնոլոգիաներից կախվածության կոնտեքստում։ 

Այսօր, երբ թվային տեխնոլոգիաներն ու սմարթֆոնները վերածվել են ոչ թե ուղղակի կյանքի անբաժանելի մասերի, այլ նոր օրգանների, ուղեղի հերթական շերտի, «Վթարն» առանձնահատուկ կարևոր ստեղծագործություն է։ Ժամանակակից տեխնոլոգիաները փոխում են մարդուն, նրա հոգեբանությունն ու սեռական կյանքը։ Քրոնենբերգը նկատում է, որ տեխնոլոգիաների զարգացումը թույլ է տալիս արդեն տեսակի շարունակությունն ապահովել արհեստական եղանակով, առանց սեքսի, հետևաբար` սեքսի ու մարդկանց մերձեցման իմաստը նոր ժամանակներում նույնպես փոխվում է։ Ինչպես գրքում, այնպես էլ ֆիլմում կառուցված աշխարհը` միաժամանակ ծայրահեղ իրական ու ոչ իրական, մելանխոլիկ ու չար երգիծանքով լի, օտարացած ու միմյանցից հեռացած մարդկանցով, թույլ է տալիս մարդկային շփում միայն ու միայն համատեղ տրավմատիկ փորձի միջոցով։ Այսօր էլ սոցիալական ցանցերում ու տարբեր մեդիա հարթակներում միասնական դառնալու, մերձենալու կատարսիսը տեղի է ունենում միայն համատեղ տրավմատիկ փորձի` դժբախտ պատահարի, տարերային աղետի, պատերազմի ու այլ տիպի ողբերգական դեպքերի տեսքով խթանի միջոցով, իսկ մնացյալ ժամանակ մարդը միայնակ է։ 

Դեյվիդ Քրոնենբերգ-Վթար-2

Կադր «Վթար» ֆիլմից 


Միավորելով մահն ու սեքսը, անկենդանն ու կենդանին` Քրոնենբերգը հայտնաբերում է այն աննշմարելի միջուկը, այն հիմքը, որի վրա կառուցվում է մարդկային գիտակցությունը. շրջապատող անկենդան աշխարհի առաջ սեփական կենդանության, անկենդանից այդքան խիստ տարբերվելու ամոթխածությունն ու ձգտումը՝ որքան հնարավոր է արագ վերադառնալ անգիտակից, անկենդան վիճակի։ 

«Վթարի» ցուցադրությունը մեծ սկանդալի առիթ դարձավ, հատկապես այն բանից հետո, երբ ֆիլմն արժանացավ Կաննի կինոփառատոնի հատուկ մրցանակի։ Քրոնենբերգն ինքը գիտակցում էր վտանգը` նախօրոք հայտարարելով, որ սա վտանգավոր ֆիլմ է շատ իմաստներով։ Արդյունքում, հանդիսատեսն ու քննադատները բաժանվեցին երկու ճամբարի։ Մի կողմում նրանք էին, ովքեր պահանջում էին անհապաղ արգելել ֆիլմի ցուցադրությունը, մյուս կողմից նրանք, ովքեր համարում էին, որ «Վթարը» հանճարեղ այլաբանական կտավ է, որն առաջ է անցել իր ժամանակից։ Ինքը` ռեժիսորը, հասկանում է քննադատներին. մարդիկ շփոթվում են` տեսնելով հոլիվուդյան ֆիլմ, որն իր հիմքում բացարձակ հոլիվուդյան չէ, օտար է ցանկացած հոլիվուդյանի, անորոշ է ու ոչ մի հուշում չի տալիս, թե ինչպես իրեն պետք է պահի հանդիսատեսը։ Այս իրավիճակում դիմադրելը ցանկացած կենդանի օրգանիզմի բնական ռեակցիան է։

Կարող եք կարդալ նաև մեր մյուս ռեվյուները՝

Գրողի ծոցն ուղարկելով բոլոր տաբուները. Կիտանոյի «Վիզը» վերանայում է Ճապոնիայի պատմությունը

Խելահեղ էքսպերիմենտ. Դեյմոն Լինդելոֆի «Տիկին Դեյվիսը»` պոստմոդեռնիստական սերիալ ժամանակակից խնդիրների մասին

Անհնար է ապրել մշտական վախի մեջ. Ասթերի «Բոն վախենում է» ֆիլմը գիտի, թե որտեղ է ծնվում սարսափը

Air. Բեն Աֆլեքի սպորտային դրաման, որում շնչելու օդ չկա

 

fastnews-ads-banner