Logo

STARMUS-ը վերջապես Հայաստանում է

Հեղինակ
Աննա Անտոնյան
12:01 / 06.09.2022Երաժշտություն
STARMUS

ՎԵՐՋԱՊԵՍ STARMUS-Ը ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ Է․ ՆՈԲԵԼՅԱՆ ՄՐՑԱՆԱԿԱԿԻՐՆԵՐԸ, ՏԻԵԶԵՐԱԳՆԱՑՆԵՐՆ ՈՒ ԱՇԽԱՐՀԱՀՌՉԱԿ ԵՐԱԺԻՇՏՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԵՆ` ՀԱՆՐԱՅՆԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՄՈՏԵՑՆԵԼՈՒ ԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ

Սթարմուսը սկսում է իր համահաստանյան գիտական արշավը, որին ներգրավված են շուրջ 5 տասնյակ գիտնականներ, այդ թվում՝ Նոբելյան մրցանակակիրներ, աստղագնացներ, արտիստներ ու երաժիշտներ։

«Սթարմուս փառատոնի կայացումը Հայաստանում այլեւս իրականություն է»,—այսպիսի հակիրճ, բայց չափազանց հուզական նախադասությամբ սկսեց իր ելույթը աշխարհահռչակ գիտնական, Սթարմուս փառատոնի համահիմնադիր Գարիկ Իսրաելյանը՝ նվիրված փառատոնի մեկնարկին։

«Հպարտ եմ, որ իմ հայրենի երկրում կարողացանք այսպիսի շքեղ ու իրապես համաշխարհային մասշտաբի իրադարձության նախաձեռնողը լինել։ Ի ուրախություն ինձ՝ STARMUS-ի նման համաշխարհային փառատոնի հեղինակավոր խորհրդի՝ Հայաստանում հաջորդ փառատոնն անցկացնելու որոշմանը նպաստեց երկրի պատմականորեն ամրագրված հարուստ գիտական ժառանգությունն ու ներկայումս՝ զարգացումներն այս ուղղությամբ։ Իսկապես, այսպիսի փոքր երկրում այսքան աշխարհահռչակ գիտնականներ ու հայտնագործություններ են եղել ու շարունակում են իրագործվել։ STARMUS-ն այստեղ է գիտությունը՝ որպես նոր թրենդ, մտածողություն փոխող եւ դեպի ապագան նայող ուղղություն ներկայացնելու համար եւ համոզված եմ՝ երիտասարդության (եւ ոչ միայն) համար ոգեշնչման նոր աղբյուր է հանդիսանալու»,— ասաց Սթարմուս փառատոնի համահիմնադիր Գարիկ Իսրաելյանը։

STARMUS փառատոնը Գարիկ Իսրաելյանը հիմնադրել է լեգենդար Queen խմբի կիթառահար, աստղաֆիզիկոս Բրայան Մեյի հետ, ով նույնպես կպատվի իր ներկայությամբ եւ սեպտեմբերի 7-ին աննախադեպ համերգային ծրագրով հանդես կգա փառատոնի մասնակիցների համար։ Նրան բեմում կընկերակցեն այնպիսի համաշխարհային աստղեր, ինչպիսիք են Սերժ Թանկյանը, Գրեհեմ Գոուլդմանը, Դերեկ Շերինյանը, Սայմոն Ֆիլիպսը, Ռիք Ֆիերաբրաչին, Ռոն Թալ «Բամբլֆութը», Ջեֆ Սքոթ Սոտոն, Մոնսերատ Մարտին, Ջիվան Գասպարյան կրտսերը, Նեմրան, Գոռ Սուջյանը, Տավուշի Թեմի Մանկապատանեկան Երգչախումբը եւ նրանց կնվագակցի Оպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի սիմֆոնիկ նվագախումբը:

STARMUS-ի շրջանակներում առաջիկա մեկ շաբաթը հագեցած ծրագիր է ունենալու՝ օրը մեկնարկելու է Հանրայնացման Ծրագրով բուհերում, ուսումնական հաստատություններում ու կառույցներում եւ շարունակությունն է գտնելու STARMUS-ի հիմնական Կոնֆերանսներով Մարզահամերգային Համալիրի տարածքում։ Այս ամենը համեմված է լինելու բարձրակարգ եւ ամենատարբեր ոճերի երաժշությամբ։ Սեպտեմբերի 8-11-ն էլ Օպերային հարակից Ազատության հրապարակը վերածվելու է գիտության ճամբարի, ուր կլինի բարձրակարգ երաժշտություն, դասախոսություններ ու գիտության շքահանդես՝ փոքրից մեծ բոլորի համար։

Փառատոնի ծրագիրը մանրամասն ներկայացված է կայքում եւ սոցիալական մեդիայի հարթակներն ակտիվորեն ներկայացնելու են փառատոնի շուրջ տեղի ունեցող ամենադիտարժան իրադարձությունները։

STARMUS-1

STARMUS-ի կարեւորագույն իրադարձություններից է Սթիվեն Հոքինգի մեդալի արարողությունը։ Փառատոնի պաշտոնական բացման ժամանակ` SONIC UNIVERSE (թարգմանաբար՝ Երաժշտական տիեզերք) սթարմուսյան ավանդական համերգային ծրագրի ընթացքում մեծ բեմից հայտարարվեցին 2022 թվականի դափնեկիրները, ովքեր գիտության հանրայնացման ուղղությամբ համաշխարհային ներդրում ունեցած գիտնականները։ Նրանք են Queen խմբի լեգենդար կիթառահար Բրայան Մեյը, պոետ եւ նատուրալիստ Դայան Աքերմանը եւ պրիմատոլոգ եւ մարդաբան, NASA-ի հաղորդակցության բաժնի հիմնադիր Ջեյն Գուդոլը։

Sonic Universe համերգային ծրագիրը մեկ բեմում՝ Մարսի շուրջ միավորել էր Ռիք Վեյքմանի, Քրիս Հեդֆիլդի, Sons of Apollo խմբի, Սերժ Թանկյանի, Տիգրան Համասյանի, Անդրեյ Մակարեւիչի պես աշխարհահռչակ երաժիշտների, որոնց նվագակցեց Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը։

STARMUS VI փառատոնի մասին

STARMUS փառատոնը մինչ այս անցկացվել է Թեներիֆեում (Կանարյան կղզիներ, Իսպանիա), Նորվեգիայում, Շվեյցարիայում:

Հայաստանում STARMUS VI գիտության եւ արվեստի փառատոնը անց է կացվելու «STARMUS VI. 50 տարի Մարսի վրա» խորագրով եւ նվիրված է լինելու Մարսի վրա Մարս 3 տիեզերակայանի առաջին վայրէջքի 50-ամյակին: Հատկանշական է, որ Մարս 3-ը տեղափոխել է դեպի Կարմիր մոլորակ հայ մեծանուն ինժեներ Ալեքսանդր Քեմուրջյանի Prop-M (փրոփ-էմ) ռոբոտը։

STARMUS աշխարհահռչակ փառատոնը կապված է Ստիվեն Հոքինգի, Բրայան Մեյի, Ալեքսեյ Լեոնովի եւ աշխարհահռչակ այլ հայտնի անունների հետ, անցկացվում 2011 թվականից եւ միավորում է գիտությունը, կրթությունը, արվեստն ու տեխնոլոգիաները։

STARMUS փառատոնը հիմնադրվել է աստղաֆիզիկոս Գարիկ Իսրաելյանի եւ լեգենդար Queen խմբի կիթառահար, աստղաֆիզիկոս Բրայան Մեյի կողմից՝ դառնալով համաշխարհային ճանաչում ունեցող գիտնականների, Նոբելյան մրցանակակիրների, տիեզերագնացների մտածողների, գիտության մշակույթի ու արվեստի գործիչների միավորող հարթակ, որի շրջանակներում նրանք հանրության հետ կիսվում են իրենց գիտելիքներով, փորձով ու նորագույն հայտնագործություններով։ Նրանց միավորումը մեկ հարթակի շուրջ հնարավոր է դարձնում մեր ժամանակների խնդիրների վերհանումն ու լուծումների շուրջ քննարկումները։

 

Աղբյուրը՝ Սթարմուս VI-ի մամուլի ծառայություն

fastnews-ads-banner