ՀԽՍՀ վաստակավոր արտիստ, պարուհի, պարուսույց, դերասանուհի Սոֆի Դևոյանն այսօր նշում է ծննդյան 75-ամյակը:
Սոֆի Դևոյանը 1961-1967 թվականներին սովորել է Երևանի պարարվեստի ուսումնարանի դասական պարի բաժնում։ 1967-1990 թվականներին՝ Հայաստանի Պարի պետական անսամբլի պարուհի, մենակատար է եղել։ 1986 թվականից աշխատել է Պարի պետական համույթում՝ որպես պարուսույց։ Ելույթներ է ունեցել աշխարհի տարբեր երկրների բեմերում՝ Օլիմպիա, Գրանդ օպերա, Մետրոպոլիտեն օպերա, Կարնեգի Հոլլ և այլն։ 1993 թվականին հիմնադրել է «Սոֆի Դևոյանի «Հոգու և պարի թատրոնը»»։
Սոֆի Դևոյանի «Սամսարա» պարը` Լոզանի միջազգային փառատոնում արժանացել է բարձր գնահատականի: 1995թ. ստեղծել է նոր ոճ, որտեղ չկա զգեստ, դեմք, կան միայն ոտքեր և ձեռքեր: Այդ ոճի մեջ արտացոլվում է հայկական մանրանկարչությունը և փիլիսոփայությունը:
Նկարահանվել է «Կամոյի վերջին սխրանքը» ֆիլմում: 2009թ.-ից համագործակցել է «Արմենիա» հեռուստաընկերության հետ, որտեղ խաղացել է մի քանի հեռուստասերիալներում` «Կյանքի գին 1, 2», «Վերադարձ»: