Logo

Հայ մեծերի թարգմանությունների շարքից

Հեղինակ
Դինա Սամվելյան
16:35 / 06.10.2022ՄՇԱԿՈՒՅԹ
null

Թարգմանչաց տոնը հայ ժողովրդի ազգային-եկեղեցական հնագույն տոներից է, նշվում է հոկտեմբերին: Խորհրդանշում է հայոց գրերի գյուտը 5-րդ դարում, Աստվածաշնչի հայերեն առաջին թարգմանությունը, թարգմանչաց շարժումն ու հայ դպրության սկիզբը։ 

Հայ առաքելական եկեղեցին տոնը նվիրում է հայոց գրերի և մշակույթի նվիրական գործիչներին՝ հարգելով թարգմանիչների՝ Մեսրոպ Մաշտոցի ու նրա  աշակերտների՝ Եղիշեի, Մովսես Խորենացու, Դավիթ Անհաղթի, ինչպես նաև Գրիգոր Նարեկացու և Ներսես Շնորհալու հիշատակը:

Ձեզ ենք ներկայացնում օտար գրողների՝ հայերեն թարգմանված ստեղծագործությունները․

 

Ալեքսանդր Պուշկին «Ձեզ չեմ ափսոսում, իմ գարնա՛ն տարիք…»

Թարգմանությունը՝ Հովհաննես Հովհաննիսյանի

Ձեզ չեմ ափսոսում, իմ գարնա՛ն տարիք,
Որ անցաք ունայն սիրո ցնորքով.
Ոչ ձե՚՛զ. գիշերվան վայելքնե՛ր գաղտիկ,
Որ երգել եմ ես հեշտաձայն սրնգով.

Ձե՛զ չեմ ափսոսում, նենգո՛տ ընկերներ,
Պըսակ ու թասե՛ր անհոգ խրախճանի
Եվ ոչ ձե՛զ. մատաղ կույսե՛ր գեղանի.—
Մտքիս հետ ընկած՝ չունիմ զբոսանքներ։

Բայց ո՞ւր դուք արդյոք, հոգեզմայլության,
Մատաղ հույսերի խաղաղ րոպենե՛ր.
Ո՞ւր է հուրն ու խանդ ոգևորության…
Ա՜խ, եկե՛ք կրկին, իմ գարնան օրեր։

 

*****

Ջորջ Բայրոն «Մնաս բարյավ»

Թարգմանությունը՝ Հովհաննես Թումանյանի [սևագիր թարգմանությունների շարքից]

Մնաս բարյավ, և թե կուզես՝
Դե հավիտյան մնաս բարյավ․
Որքան լինիս դու անիրավ
Վեր չի կենալ սիրտս քո դեմ։

Օ՜, թե կուրծքս ես բանայի,
Ուր գլուխդ դրել ես դու՝
Այժմ արդեն անդառնալի
Կորած քնով՝ հանգել ես դու—

Նորա ներքև կարենայիր
Գաղտնի մտքերըս որոշել,
Այն ժամանակ կիմանայիր,
Որ շատ խիստ ես դու ինձ պատժել։

Աշխարհքն, այո՛, գովում է քեզ,
Ծափ է հարում քո արարքին,
Բայց այդ գովքը պարսավ է քեզ
[Բայց այդ] ծաղր է իմ տանջանքին։

Իմ մեղքն, [իրավ], ինձ խորտակեց,
Սակայն մի՞թե այլ զենք չըկար.
Եվ այն ձեռքը, որ ինձ գըգվեց,
Նա պետք է այս հարվածը տար։

Ոհ, մի՛ խաբվիր ունայն հուսով—
Կըթարշամի սերը կամաց,
Բայց դժվար է կամքի ուժով
Սիրտը սրտից պոկել հանկարծ։

Քո սիրտն [այնպես] զարկում է դեռ,
Իմն էլ թեև [միշտ] ցավատանջ,
Խոր կեղեքված ու կարեվեր—
Դողում է դեռ ինչպես առաջ...

Էս խոսքերը վիշտ են ամբողջ
Մեծ, քան վիշտը սգավորի,
Մենք երկուսս էլ կենդան ու ողջ
Ու ապրում ենք— ինչպես այրի։

Արդյոք երբ դու ուզես հրճվել
Թոթովանքով մեր աղջըկա,
Կըսովորցնե՞ս «հայրիկ» կանչել,
Երբ նրա մոտ հայրիկ չըկա։

Կամ նա երբ որ քեզ համբուրի,
Փարի քնքուշ թաթիկներով—
Պիտի հիշե՞ս— ով էր գերի
Ու երջանիկ լոկ քո սիրով։

Գուցե հանկարծ հիշես մեկին
Քեզնից հեռո՜ւ, արհամարհված
Ու տըրոփե սիրտըդ կրկին.
Ինչպես երբեմն— ինձ նվիրված։

Իմ հանցանքն էլ գուցե հիշես—
Որոնք միայն քեզ են հայտնի,
Տանջանքներս էլ հիշիր նույնպես,
Եվ հույսերըս [անդառնալի]։

[Զգացմունքներս ողջ խորտակված
Գոռոզությունս, որ ընկճեցիր,
Նույնիսկ հոգիս քեզնից լքված
Թողնում է ինձ— անշունչ մի իր․․․]

Ողջ անցել է։ Զուր են խոսքերն,
Եվ իմ խոսքից զուրը— չըկա.
Բայց [վրդովված միտքն՝ ապստամբ]
Դուրս է հորդում նա ակամա։

Մնաս բարյավ։ Այսպես կըտրած
Իմ հարազատ կապերն ամեն,
Մերժված, մենակ, սիրտըս կոտրած,
Էլ ի՜նչ մահ է ինձ [հարկավոր]։

 

*****

Վ. Գյոթե «Վարդը»

թարգմանությունը՝ Հովհաննես Թումանյանի

Փոքրիկ տղան մի վարդ տեսավ,
Տեսավ մի վարդ դաշտի միջին.
Վարդը տեսավ, ուրախացավ,
Մոտիկ վազեց սիրուն վարդին.

Սիրուն վարդին, կարմիր վարդին,
Կարմիր վարդը դաշտի միջին։

Տղան ասավ.— Քեզ կպոկեմ,
Ա՛յ կարմիր վարդ դաշտի միջին։
Վարդը ասավ.— Տե՜ս, կծակեմ,

Որ չմոռնաս փշոտ վարդին.
Փշոտ վարդին, կարմիր վարդին,
Կարմիր վարդը դաշտի միջին։

Ու անհամբեր տղան պոկեց,
Պոկեց վարդը դաշտի միջին.

Փուշը նրա ձեռքը ծակեց,
Բայց էլ չօգնեց քընքուշ վարդին.
Քնքուշ վարդին, կարմիր վարդին,
Կարմիր վարդը դաշտի միջին։

*****

Մաքսիմ Գորկի «Վալախական լեգենդ»

թարգմանությունը՝ Եղիշե Չարենցի

Անտառում ապրում էր փերին,
Գետում լողում էր անվերջ.
Մի անգամ անզգույշ գտնըվեց—
Եվ ընկավ ձկնորսի թոռի մեջ։

Ձկնորսները խիստ վախեցան,
Բայց այդտե՛ղ էր պատանի Մարկո՛ն.
Նա գրկեց փերուն համարձակ,
Սկսեց համբուրել կրքոտ։

Իսկ փերին, ճկուն ճյուղքի պե՛ս,
Թևերում նրա գալարվում էր,
Նայում էր Մարկոյին անվերջ
Եվ ինչ-որ բանի ծիծաղում էր...

Ամբողջ օրը գուրգուրեց Մարկո՛յին,
Բայց իջավ գիշերը հենց—
Չքացավ ծիծաղկուն փերին,
Մարկոյի հոգին տխրեց ․․

Զօր-գիշեր Դանուբի ափերին
Թափառում, կանչում է Մարկոն հե՛ք,
Հառաչում է. «Ո՞ւր է փերին».
Ալիքներն ասում են․— «Չգիտե՛նք։»
Բայց ճչաց նա նրանց․ «Խաբո՛ւմ եք,
Ինքնե՛րդ եք նրա հետ պարում․․․։»

Եվ նետեց իրեն հիմարը
Դանուբի՛ մեջ, որ գտնի փերուն։
Լողում է փերին Դանուբում,
Ինչպես և Մարկոյից առաջ,
Իսկ Մարկո՛ն էլ չկա... Բայց, տեսե՛ք,
Իր մասին գոնե ե՛րգն այս մնաց․․․
.    .    .    .    .    .   
Իսկ դուք աշխարհում կապրեք
Որդերի նման կույր ու սին,—
Ձեր մասին ո՛չ զրույց կասեն,
Ո՛չ երգեր կերգեն ձեր մասին... 

*****

Իլյա Ճավճավաձե «Էլեգիա»

Թարգմանությունը՝ Հովհաննես Թումանյանի

Լուսինն աղոտ լույս է փըռում
Իմ աշխարհին մայրենի,
Կուչ է գընում կապույտ հեռվում
Ճերմակ շարքը լեռների։

 

Ձեն չի գալիս ոչ մի կողմից,
Վրաստանը մութն ու լուռ.
Վըրացին է հաղթված քընից,
Տընքում տանջված ու տխուր։

Մենակ եմ ես։ Քընած է նա,

Քընած շուրջըս ու հեռու...
Ա՜խ, աստված իմ, քընա՜ծ, քընա՜ծ,
Ե՞րբ է արդյոք զարթնելու...

*****

Ի. Գրիշաշվիլի «ՍԵՎ ՇՈՐԸ»

Թարգմանությունը՝ Ավետիք Իսահակյանի

Սև ագռավին գուցե դու ես խիստ հետևել և կամ նա քեզ, 

Որ հագել ես այդ սև շորը, այդ սևերով զարդարվել ես.

Թե՞ մեռել է քո սերերից գուցե մեկը, ի՞նչ գիտեմ՝ ո՞վ,

Որ զուգվել ես թանաքագույն այդ կախարդիչ ծանըր սևով:

 

Գուցե... սակայն հարցիս վրա ծիծաղում եմ, քո ա՜րևը,

Սակայն պարզ է, որ սազում է, այնպե՜ս սազում քեզ այդ սևը.

 

Դեռ չի եղել այնպես գիշեր՝ խավարակուռ ու մթնասքող, 

Որ քո շորից խավար լինի, լույս-մարմնիդ պես փայլատակող:

 

Միայն կուզեմ գաղտնի ասել, միայն կուզեմ խնդրել գաղտնի,

Որ դո՜ւ չհանես, երբեք չհանես այդ սև շորը սքանչելի,

Երնեկ մեռնիմ, արժանանամ գերեզմանին խավարամած,

Որ ինձ ողբաս, իմ վրա լաս, ա՜խ, այդ ծանըր սևը հագած:

*****

Մ․ Լերմոնտով «Ես չեմ ուզում մարդ իմանա»

Թարգմանությունը՝ Հովհաննես Թումանյանի

Ես չեմ ուզում մարդ իմանա
Իմ անցքերը խորհրդավոր—
Սերս ու վիշտս, որոնց վերա
Խիղճս և աստված են դատավոր։

Նրանց կըտա սիրտս հաշիվ
Եվ նրանցից կըհայցե գութ,
Եվ թող ինձ նա միայն պատժի,
Ով ցավերիս տվեց սնունդ։

Նախատինքը անմիտների
Չի խռովիլ բարձըր հոգին,–
Որքան ծովը գոռա, փրփրի։
Ժայռը կանգնած է վերստին։

Նրա ճակատը, բարձրացած,
Ամպերումն է մշտամռայլ,
Եվ մրրկից, որոտից զատ
Միտքը ոչ ում չի հավատալ։

 

fastnews-ads-banner