Հուլիսի 20-ին ինքնասպան եղավ Linkin Park խմբի ձայնն ու հոգին՝ Չեսթեր Բենինգթոնը: Ողջ համացանցը ողողվեց «R.I.P. Chester Bennington» գրություններով: Շոկայինն և տարօրինակն այն է, որ Չեսթերի մահվանից 2 օր առաջ նույն՝ «R.I.P. Chester Bennington» անվանումով խումբ էր ստեղծվել ֆեյսբուքում՝ կանխագուշակելով, կամ դրդելով, կամ նախագծելով Չեսթերի ինքնասպանությունը: Ո՞վ էր խումբը բացել, ինչո՞ւ՝ պարզ չէ:
Պարզ է միայն, որ դեռ ամիսներ առաջ Չեսթերը խոր ճգնաժամի մեջ էր և մտածում էր հանձնվելու մասին: Այդ մասին է վկայում նրա վերջին հարցազրույցը մայիսին. «Ես կյանքում այնպիսի կետի եմ հասել, որ մտածել եմ, որ ես կարող եմ հանձնվել և, գրողը տանի, մեռնել, կամ էլ, որ ես պիտի պայքարեմ այն ամենի համար, ինչ ես ուզում եմ: Ես որոշեցի պայքարել: Ես ուզում էի լավ հարաբերություններ ունենալ մարդկանց հետ: Ես ուզում էի սիրել ինձ շրջապատող մարդկանց: Ես ուզում էի վայելել աշխատանքս: Ես ուզում էի վայելել հայրությունս, ընկերություն անել մարդկանց հետ և առհասարակ՝ պարզապես արթնանալ առավոտյան: Քանի որ դա ինձ անտանելի դժվար է տրվում», – պատմել է Չեսթերը:
Բենինգթոնի մահվանից օրեր առաջ նրա նակխին կինն իր Tweeter-ում մի նկար էր հրապարակել, որում երևում էր Չեսթերի որդու բացիկը՝ ուղղված հորը. «Պապ, վայելիր փորձերդ, կամ այն, ինչ անում ես այսօր: Սիրիր կյանքը, քանի որ այն «ապակե ամրոց է»»: «Ապակե ամրոց» վերնագրով երգ ուներ Չեսթերը:

Linkin Park-ը պաշտոնապես հայտարարել է արդեն, որ չեղարկում է համերգային շրջագայությունն Ամերիկայով: Պարզ չէ առհասարակ՝ կշարունակի՞ իր գոյությունն այն խումբը, որի հոգին և ձայնն արդեն չկա…
R.I.P. Chester Bennington

