Logo

Ճանաչենք նրանց. Սյունե Սևադա՝ «Գրելն ինձ համար միշտ տոն է…»

Հեղինակ
melaniesargsian
00:00 / 28.11.2017ՄՇԱԿՈՒՅԹ
Սյունե Սևադա ՎիվառոՆյուզ հարցազրույց

Սյունե Սևադայի հետ հանդիպումը շատ հեշտ ստացվեց. այն իմաստով, որ երիտասարդ գրողն ու ֆեյսբուքահայության ամենավառ ներկայացուցիչներից մեկը, չնայած իր մասին երբեմն պտտվող «գոռոզ մարդ» արտահայտություններին, իրեն պահում էր «շարքային» երիտասարդի պես: Հանդիպելու էինք Կասկադում, սակայն չգիտեինք, թե այնուհետև ուր էինք գնալու հանգիստ զրուցելու համար: Դեռ րոպեներ առաջ խոսել էի նրա հետ հեռախոսով ու արդեն ձայնից հասկացել, որ հարցերիս կպատասխանի իրեն հատուկ աշխուժությամբ:

Սյունեն իրականում արագ է խոսում. սա նա շեշտեց մոտ երկու…երե՞ք…չո՞րս…. չէ, երեք անգամ՝ փորձելով զգուշացնել ու նախապատրաստել ինձ: Նրան հաջողվեց անել դա. պատրաստ էի բոլոր հնարավոր ձևերով. նոթատետրս՝ տեղում, գրիչս՝ նույնպես, ձայնագրիչս՝ անպայման:

Հանդիպելուց հետո արագ կողմնորոշվեցինք ու շտապեցինք Կասկադի տարածքում գտնվող լուսավոր սրճարաններից մեկը մտնել. ես շտապում էի հարցերս տալ, Սյունեն՝ դրանց պատասխանել, քանի որ մոտ մեկ շաբաթ պլանավորում էինք մեր հանդիպումը: Սուրճ պատվիրելուց հետո, երբ Սյունեն ևս մեկ անգամ հիշեցրեց իր արագ խոսելու սովորության մասին (որն, իհարկե, չէի մոռացել), որոշեցի ստուգել, թե որքանով է դա համապատասխանում իրականությանն ու անմիջապես սկսեցի հարցերս տալ: Նա ճիշտ էր. արագախոս է:

– Նկարագրիր Սյունե Սևադա լրագրողին 3 հատկանիշով:

Հետաքրքրասեր, պրպտող, արդյունք ակնկալող:

– Իսկ ԳՐՈՂ Սյունե Սևադային ինչպե՞ս կնկարագրես:

Ընթերցասեր, սահմանափակումներ չսիրող և ներդաշնակ:

Հենց այս երկրորդ Սյունեն էլ մեզ պետք էր այդ օրը:   

– Սյունե գրելը քեզ համար ի՞նչ է: 

Չեմ կարող ասել, որ ապրելուս իմաստն է, կամ նման պաթետիկ մի բան: Գրելն ինձ համար նպատակ է և ինքնադրսևորվելու միջոց:

 – Ի՞նչ ես կարծում, ե՞րբ ու ինչպե՞ս է սկսել զարգանալ գրելու տաղանդդ: 

Ամեն ինչ 7 տարեկանից սկսվեց, երբ պապս, ում հետ չափազանց կապված էի, «ստիպում էր» ինքս հեքիաթներ պատմել՝ տալով դրանց տարբեր վերջաբաններ: Սերը գրականության հանդեպ հենց պապս է իմ մեջ սերմանել: Սակայան 14-15 տարեկանում ձայնս կորցնելուց հետո միայն դիմեցի թուղթ ու գրչին:

– Ինչպե՞ս կորցրիր ձայնդ ու գտար խոսքը: 

Դեռ մանկուց երգում էի «Դոռեմի»-ում: Բոլորն ինձ գովում էին, երես տալիս: Հասունացման տարիքում ոչ ոքի արդեն չէի լսում. ռոք երաժշտություն էի երկրպագում, ռոքեր էի: Եկավ մի պահ, որ ձայնս սկսեց կտրատվել, դիմեցի բժշկի, որն էլ խորհուրդ տվեց առնվազն 3 տարի չզբաղվել երգով: Բայց ես Սյունեն էի, ինչպե՞ս կարող էի այլևս չերգել. չլսեցի նրան ու արդյունքում այլևս չկարողացա երգել: Ցածր գնահատականներով ավարտեցի կյանքիս այդ էջն ու նախանձով նայեցի, թե ավարտական միջոցառմանն ինչպես էր մեկ ուրիշը երգում իմ սիրելի երգը՝ Կոմիտասի «Չինար ես»-ը: Սա ստիպեց, որ ընտրեմ երաժշտությանն ամենամոտ բաներից մեկը՝ խոսքը: Սկսեցի երգել գրելով: Հիմա չեմ ցանկանա երգել, կարծում եմ՝ վերջապես գտել եմ ինձ այնտեղ, որտեղ պետք է լինեի ի սկզբանե:

– Մենք միայն ուրախ ենք, որ քեզ գտար գրականության մեջ, որովհետև գործերովդ այսօր շատ ընթերցասերների օգնում ես լիցքավորվել: Իսկ ինքդ գրելիս սպառվո՞ւմ ես, թե՞ լիցքավորվում:

Լիցքավորվում եմ: Երբ որոշում եմ մտքերս հանձնել թղթին, փորձում եմ կոկիկ լինել, հարդարվել ու ըստ տրամադրության գրել: Գրելիս պիտի ինքս ինձ դուր գամ, ձեռքերս լվանամ, սիրելի օծանելիքս ցանեմ: Գրելն ինձ համար միշտ տոն է:

– Ո՞րն է առաջին գրվածքդ, որ համարում ես հեղինակային մեկնարկդ: 

Իմ կարծիքով հեղինակային մեկնարկս տրվել է «Ավել» պատմվածքով, որ գրել եմ 15 տարեկանում: Նույնիսկ օրն եմ հիշում՝ նոյեմբերի 22-ը: Հենց օրեր առաջ էլ տոնում էի, այսպես ասած, «հեղինակային» 7 ամյակս: Պատմվածքս հենց ավելի մասին էր, ու ընդհանուր միտքն այն էր, որ յուրաքանչյուր մարդ պիտի ավել ու, ժողովրդի լեզվով ասած, սավոկ ունենա, որ կյանքի զիբիլները ավլի, լցնի դաշնամուրի տակ: Սակայն գիտակից ու լուրջ գործը, որն օգնեց գրական նոտաներ տեսնել ստեղծագործություններիս մեջ, անցած տարի «Գրանիշում» հրապարակված «Կախվածություն»-ն է:

– Եղե՞լ է, երբ մուսա չես ունեցել ու որոշել ես գրելուց դադար վերցնել: 

Միշտ ասում եմ, որ գրականության մեջ ես աթեիստ եմ, չեմ հավատում մուսա ասվածին: Կարծում եմ՝ միշտ էլ գրելիք կա:

– Կմտաբերե՞ս մի արտասովոր, տարօրինակ դեպք, որ ոգեշնչել է քեզ գրել: 

Հիշում եմ, որ նախկինում երկար ժամանակ երազումս գայլ էի տեսնում:  Միշտ գնում էի նրա ետևից, սակայն անընդհատ սպանում էին ու չէի կարողանում հասնել նրան: Իրականում սկսեցի գրել հենց այն օրը, երբ բռնեցի գայլի թաթն ու չթողեցի, որ սպանեն:

– Հիմա փորձիր մտաբերել նման արտասովոր մի վայր, որտեղ սկսել ես արագ գրառումներ անել: 

Վա՜յ, անկեղծ ասած, գրում եմ անընդհատ ու ամենուր՝ ավտոբուսում, մետրոյում, ասուլիսների ժամանակ… գիտեմ մասնագիտական խախտում է, բայց… Առաջ ձեռքերիս մեջ էի գրում (զարմացած դեմքս տեսնելով փորձում է հաստատել). հա՛, հա՛, ձեռքերս միշտ թանաքոտ էին: Հիմա սովորել եմ՝ գրիչ, տետր, հեռախոսներ եմ պահում պայուսակիս մեջ:

– Համացանցում շատ լավ երևում է, թե որքան մարդ է փորձում խրախուսել քեզ, որ շարունակես գրել: Ո՞րն է ստացածդ ամենատպավորիչ մեկնաբանությունը, որ մինչ այսօր հիշում ես: 

Այդպիսի մեկնաբանություններ իրոք շատ եմ ստանում, բայց ինձ համար յուրահատուկ էր Դավիթ Մաթևոսյանի՝ Հրանտ Մաթևոսյանի որդու գրածը: Ասում էր, որ գրելն ինձ մոտ լավ է ստացվում:

– Վատ մենկաբանություններ էլ ես ստանում, չէ՞: 

Անշուշտ:

– Հիշո՞ւմ ես ստացածդ բացասական մենաբանություններից մեկը, որ տպավորվել է: 

Մի անգամ մեկը գրել էր. «Չե՞ք տեսնում, որ գեշ ա, ո՞նց եք կարդում գրածները»: Անկեղծ ասեմ՝ չէի վիրավորվել, ուղղակի հետաքրքիր էր՝ ո՞նց են մարդիկ կարողանում գրականությունը նույնականացնել անձի հետ: Այդպես էլ չհասկացա:

image 8 - Ճանաչենք նրանց. Սյունե Սևադա՝ «Գրելն ինձ համար միշտ տոն է...»

– Կա՞ մի կենդանի, որի բնավորությունը համապատասխանում է քո տեսակին: 

1 2

fastnews-ads-banner