Logo

«Ճպուռն ու մրջյունը» 30 տարի անց կրկին բեմում է

19:51 / 16.03.2025Լուրեր
null

Կոմպոզիտոր, դաշնակահար Ստեփան Լուսիկյանի «Ճպուռն ու մրջյունը» բալետային ներկայացումը 30 տարի անց վերադարձել է Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բեմ: Մարտի 15-ին ներկայացման առաջնախաղն էր։ Բեմադրությունում ընդգրկված է պարարվեստի քոլեջի ավելի քան 70 սան: Այն բեմադրվել է 2 ոճով՝ ժամանակակից պար (մրջյուններ) և բալետ (ճպուռներ, բզեզներ, անտառի բնակիչներ):

«Ճպուռն ու մրջյունը» բալետային ներկայացումն Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի՝ 2025 թվականի առաջին առաջնախաղն է։ Ստեփան Լուսիկյանի երաժշտությամբ այս ներկայացումը դեռ 90-ականներին բեմադրել է անվանի բալետմայստեր Մաքսիմ Մարտիրոսյանը: 30 տարի անց մաեստրո Դուրգարյանի նախաձեռնությամբ այն նորից բեմ է վերադարձել՝ արդեն նոր շնչով: 2 գործողությամբ այս բալետի կոմպոզիտորը Ստեփան Լուսիկյանն է, երաժշտական ղեկավարը և դիրիժորը՝ ՀՀ վաստակավոր արտիստ Կարեն Դուրգարյանը։ Դիրիժորներն են նաև Աթանես Առաքելյանը և Ռաֆֆի Միքայէլեանը։ Բեմադրող բալետմայստերը և լիբրետոյի հեղինակը Դավիթ Գալստյանն է, բեմադրող նկարիչը՝ ՀՀ վաստակավոր արտիստ Ավետիս Բարսեղյանը, զգեստների նկարիչը՝ Ռուբինէ Հովհաննիսյանը։ Լուսային ձևավորումը կատարել է Եվգենի Գանզբուրգը, 3D անիմացիան՝ Վահան Հովհաննիսյանը։

Երևանի պարարվեստի պետական քոլեջի տնօրեն, բեմադրող բալետմայստեր և լիբրետոյի հեղինակ Դավիթ Գալստյանի խոսքով՝ այն ամբողջովին նոր ներկայացում է Ստեփան Լուսիկյանի երաժշտությամբ. «Կարծում եմ՝ շատ գեղեցիկ մանկական բալետային ներկայացում է ստացվել, որը նոր շունչ է հաղորդելու մեր բալետային կյանքին և իր ուրույն տեղն է ունենալու Օպերայի և բալետի թատրոնի խաղացանկում: Բեմի ձևավորումը, զգեստները, 3D անիմացիան մեզ և մեր փոքրիկներին տանելու են հեքիաթային աշխարհ», - նշել է Դավիթ Գալստյանը:

fastnews-ads-banner