Նոյեմբերի 6-ին «Մոսկվա» կինոթատրոնում տեղի ունեցավ «Թանկարժեք տղաները» ֆիլմի մեծ պրեմիերան։
Ֆիլմը հանդիսատեսին է ներկայացնում Sharm Pictures-ը և Mitoyan production-ը՝ խոստանալով հուզիչ ու միաժամանակ կատակերգական պատմություն՝ ընտանեկան արժեքների, ճակատագրական բացահայտումների և իրական սիրո մասին։
Ֆիլմի բեմադրող ռեժիսոր Արշալույս Հարությունյանը ֆիլմը բնութագրում է՝ մարդկայնին ճակատագրերի մասին սիրուն պատմություն, ստեղծագործական թիմից մինչև տեխնակական թիմ փորձել են ամեն ինչ անել, որ կինոթատրոնում լինի լավ տրամադրություն, բոլորը մի քիչ ժպտան, մի քիչ ծիծաղեն, մի քիչ հուզվեն և մի քիչ էլ տխրեն ու այդ ամբողջ էմոցիաները իրենց հետ տանեն.

«Երկար մտածում էինք՝ ինչ ֆիլմ է պետք ու հասկացանք, որ շատ սիրուն ընտանեկան պատմություն է մեզ անհրաժեշտ՝ մարդկային ճակատագրերի մասին: Եվ ամենակարևոր բանը, որ ես այսօր դահլիճում նկատեցի, այն գիծն է, որ բոլոր հերոսները ընթացքում փոխակերպվում են, սկսում են ուրիշ գաղափարներով հանդես գալ, այդ ամենն ուզում էինք, որ զգա հանդիսատեսը ու ինչու ոչ կտրվի առօրյա հոգսերից»:
Ֆիլմը պատմում է, թե ինչպես են տասնյոթ տարի առաջ անհավանական խառնաշփոթի արդյունքում երկու նորածինների փոխում տեղերով։ Չիմանալով դրա մասին՝ ծնողները մեծացնում են նրանց՝ որպես իրենց որդիներ: Տղաներից մեկը մեծանում է հաջողակ բիզնեսմեն Բաբկեն Դարբինյանի ընտանիքում, մյուսը՝ Մովսես Դարբինյանի, որը Բաբկեն Դարբինյանի հակապատկերն է։ Նա իր արկածախնդրության և անպատասխանատվության պատճառով կուտակել է մեծ պարտքեր և իր ընտանիքը հասցրել ծայրահեղ աղքատության։ Մոսոն անսպասելիորեն իմանում է, որ Ավետն իր կենսաբանական որդին չէ․ բացահայտվում է տասնյոթ տարվա վաղեմության շփոթությունը։ Դրա մասին հայտնում են նաև Բաբկեն Դարբինյանին և նրա կնոջը՝ Սյուզանին։ Բացահայտումը հավասարապես ցնցում է երկու Դարբինյան ընտանիքներին՝ վերածելով նրանց կյանքը մի ամբողջ դրամայի։
Ինչպես իր խոսքում նշում է երիտասարդ դերասան Ալեքսանդր Արզումանյանը, որը մարմնավորել է Սամվելի՝ որդիներից մեկի կերպարը, մեծ բավականություն է ստացել նման դերասանական կազմի հետ աշխատելուց.

«Դժվարություններ չեն եղել նկարահանման հրապարակում, միակ դժվարությունը, որ կարող եմ մտաբերել, իմ ջրծաղիկով հիվանդանալն էր, ու ես ստիպված մեկ ամիս բացակայեցի նկարահանումներից։ Առաջին անգամ էի աշխատում և՛ Խորեն Լևոնյանի, և՛ Լուիզա Ներսիսյանի ու Թամարա Պետրոսյանի հետ: Շատ դրական էմոցիաներ եմ զգացել նկարահանումների ժամանակ»:
«Թանկարժեք տղաներ»-ի պրեմիերային երկու հայրերը՝ Խորեն Լեւոնյանն ու Մկրտիչ Արզումանյանը, բացակայում էին։ Պարզվեց՝ աշխատանքի բերումով այլ երկրներում են։
Դերասանուհի Լուիզա Ներսիսյանը ֆիլմում իր ամուսնուն՝ Խորեն Լևոնյանին, արհեստավարժ դերասան է համարում, որի հետ աշխատելուց մեծ բավականություն է ստացել: Ռեժիսորի մասին նա ասում է.
«Արշոյի հետ ֆանտաստիկ է գտնվել նույն նկարահանման հրապարակում: Նա հասկանում է յուրաքանչյուր հերոսի հոգեբանությունը, մեր անելիքն այնպես էր բացատրում, որ էլ կարիք չէր լինում, այսպես ասած, մեր դերասանական երևակայությունն օգտագործելու: Ֆիլմի «գլուխը»՝ Արշոն, գծել է մի հեքիաթ, որի մեջ կարողացել է այնպես անել, որ ունենանք մեր մասնակցությունը և հավատանք այդ հեքիաթին»:
Լուիզան ֆիլմի հերոսների հետ տեղի ունեցող իրավիճակը բացատրում է Լև Տոլստոյի «Աննա Կարենինա» վեպի նախաբանի խոսքերով.
««Բոլոր երջանիկ ընտանիքները նման են իրար, յուրաքանչյուր դժբախտ ընտանիք դժբախտ է յուրովի»: Գործ ունեինք երկու տարբեր ընտանիքների հետ, որոնք ունեն իրենց առանձնահատկությունները: Բայց կա մի կարևոր գիծ, որը միավորում է նրանց՝ ծնող լինելը: Ու կարողացանք ցույց տալ այդ ծնողական սերն ու ջերմությունը: Ֆիլմում բավականին շատ են հուզիչ դրվագները, բայց ուզում եմ առանձնացնել Մկոյի մոնոլոգը, որի ժամանակ բոլորս հուզվել էինք»:

Սիրարփիի կերպարը, որը մարմնավորում էր դերասանուհի Թամարա Պետրոսանը, լիովին տարբերվում է Լուիզայի կերպարից: Դերասանուհին պատմում է՝ առաջին անգամ սցենարը ընթերցելիս հասկացել է, որ գործ ունի բավականին լավ կատակերգության հետ.
«Այսպիսի դերասանական կազմի հետ աշխատելիս, որտեղ Խորենն է, Մկոն, Լուիզան և մյուս երիտասարդները, անհնար է՝ չլինեն զավեշտալի դեպքեր: Ինձ համար ամենածիծաղելին Մկոյի լոբստեր ուտելն էր, ամբողջ անձնակազմով ծիծաղում էինք,- Տոման նշում է, որ երիտասարդ սերունդի հետ բավականին հեշտ էր աշխատելը,- Ես շատ եմ սիրում երիտասարդների հետ աշխատել: Շատ լավ սերունդ է մեծանում, էներգիայով լի: Նրանցից սովորելու բաներ ունենք, գուցե նրանք էլ մեզանից»:
Պրեմիերայից հետո դահլիճում երկար ժամանակ չէին դադարում ծափահարությունները։ «Թանկարժեք տղաները» մի ֆիլմ է, որը հիշեցնում է՝ ամենաթանկ արժեքը մեր կողքին գտնվող մարդիկ են։
Սցենարի համահեղինակներն են Աշոտ Աբրահամյանն ու Ռուբեն Ջաղինյանը, բեմադրող օպերատորը Սուրեն Թադևոսյանն է։ Պրեմիերայից հետո այն կցուցադրվի Հայաստանի բոլոր կինոթատրոններում, ինչպես նաև արտերկրում։







Լուսանկարները՝ Նատալի Բուդաղյանի


