Logo

Թառով տղան. Միքայել Ոսկանյան

Հեղինակ
Շուշան Մարուքի
00:00 / 27.09.2017Հարցազրույցներ
միկկկկ 1 - Թառով տղան. Միքայել Ոսկանյան

Թառահար, կոմպոզիտոր, Միքայել Ոսկանյանը հեղինակել է 100-ից ավելի երգեր, 70 գործիքային ստեղծագործություններ, մի շարք երաժշտական նախագծեր. «Colors of Music», «Միքայել Ոսկանյան և ընկերներ», <Voices of Peace» ևն: 
Երաժշտի հետ զրուցել ենք թառի, երաժշտության և նրա նոր նախագծերի մասին:

Թառը՝ հայկական ազգային նվագարան

Ինչպես բոլոր այն նվագարանների հարցում, որոնք մենք էլ, մեր հարևան ժողովուրդներն էլ ունենք, թառի ազգային պատկանելության հարցում էլ վեճեր կան: Մենք ասում ենք՝ մերն է, պարսիկներն ասում են՝ իրենցն է: Իրականում մերն ու պարսկականը տարբերություններ ունեն: Հայկական թառը պատրաստվում է թթենու (մարմին) և ընկուզենու (գրիֆ) փայտերից, իսկ կաշվի հատվածը հորթի սրտի մշակված մեմբրան է: Պարսկականը մի փոքր տարբերվում է իր պատրաստման տեխնիկայով և նվագելու եղանակով: Ամեն դեպքում, թառը նախ հայերն են ունեցել, թե պարսիկները, էական չէ: Էականն այն է, որ այդ նվագարանը դեռ վաղ միջնադարից մինչ օրս լայն կիրառություն ունի մեզանում:

Թառը՝ մենակատար գործիք

Թառը միշտ անսամբլային գործիք է եղել: Բայց ես հենց սկզբից զգում էի՝ այն չափազանց ուժեղ և ինքնուրույն նվագարան է: Ես միշտ տարբեր երաժշտություններ եմ նվագել դրանով՝ ջազ, ռոք, փոփ, ֆոլկ. ամեն տեղ թառը հրաշալի է զգում իրեն: Այդպես էլ ինքնըստինքյան եկա այն համոզման, որ թառը մենակատար գործիք է: Դրանում արդեն մի քանի տարի է՝ համոզվել են նաև բոլորը: Թառը ճկուն է, կարող է ամեն ոճի մեջ էլ հնչել: Նույնիսկ սիմֆոնիկ երաժշտության մեջ:

Զոմա-Զոմա, Քամին Զանա

Հայկական մաքուր, ազգային-ժողովրդական, նաև ծիսական նշանակություն ունեցող շատ երգեր կան՝ սիրուն և ուրախ: «Զոմա-զոման» այդպիսինն է և շատ սիրվեց: Նոր կյանք է պետք տալ մեր ֆոլկ երգերին: Հենց դրանով էլ զբաղվում ենք հիմա: Նոր ձայնասկավառակ ենք պատրաստվում թողարկել՝ ժողովրդական հայտնի և անհայտ երգերի ժամանակակից մշակումներով: Նման երգերը վերակենդանացնելը կարևոր է: Մարդիկ կսկսեն լսել մեր մաքուր հայկականը և՛ խնջույքների ժամանակ, և՛ առհասարակ ամենուր: Մաքուր երաժշտություն է պետք մեզ: Պարզապես նման բաները կապված են մեծ ծախսերի հետ: Տեսահոլովակներն էլ են չափազանց ծախսատար: Իսկ մենք ամեն բան անում ենք մեր թիմով և առանց հովանավորների:

Նոր ֆորմատ, նոր համերգ

Աշնանը մեծ համերգ ենք պատրաստում: Այն սովորական համերգ չի լինելու, այլ՝ երաժշտական մեծ բեմականացում, լուսային, պարային, վիզուալ շոու: Երաժշտությունն արդեն ամբողջությամբ կա՝ իմ հեղինակային երաժշտական շարքն է՝ «Nightology» – «Գիշերաբանություն»: Համագործակցելու ենք հնարավորինս շատ արվեստագետների հետ ամենատարբեր ոլորտներից. նկարիչներ, պարողներ, դերասաններ, բեմադրիչներ: Մեծ նախագիծ է, որի շուրջ մեկուկես տարի է՝ աշխատում ենք: Համագործակցելու ենք «Հովեր» պետական կամերային երգչախմբի հետ: Այստեղ այլևս թառը չէ գլխավոր դերում, այլ պարզապես որակյալ և լավ երաժշտությունը, որով ամբողջական պատմություն ենք ներկայացնելու, որն ունենալու է սկիզբ, կուլմինացիա, սյուժետային տարբեր գծեր:  Նոր ֆորմատ, նոր համերգային տեսակ:

Համերգից ձայնասկավառակ և ցուցահանդես

«Nightology» համերգի շրջանակներում նախատեսում ենք նաև ցուցահանդես: Շատ նկարիչներ են իրենց ցանկությունը հայտնել մեր ձայնասկավառակի շապիկը նկարել: Եվ քանի որ բոլոր նկարներն էլ լավն են, մտածել ենք չընտրել մեկը, այլ տարբեր նկարներով անել շապիկը, ամեն մեկն իր ճաշակով կընտրի: Այդ նկարներով որոշել ենք ցուցահանդես կազմակերպել համերգի շրջանակներում:

Ակումբային համերգների առավելությունները

Առավելությունները շատ են. համերգն ավելի ինտերակտիվ է, ավելի մտերմիկ և ջերմ: Էմոցիաները ավելի ոգեշնչող ու զգալի՝ բեմից դահլիճ, դահլիճից բեմ: Ճանաչում ձեռք բերելու տեսանկյունից էլ ակումբային համերգները լավ սկիզբ են:

Ամենատպավորիչ ելույթը

Հայաստանի երիտասարդական նվագախմբի հետ պատիվ եմ ունեցել նվագել իմ «Լուսինե» ստեղծագործությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանի մեծ համերգասրահում՝ Փարիզում: Դա երևի իմ ամենատպավորիչ ելույթն էր: Սիմֆոնիկ նվագակցությամբ էլ թառը ֆանտաստիկ լավ հնչեց:

Արվեստաբան թառահարը

Արվեստաբանությունն օգնում է մարդուն ձևավորել ճաշակի զգացողություն ընդհանուր առմամբ: Այս մասնագիտությունն ինձ հնարավորություն տվեց ծանոթանալ բարձր արվեստի հետ՝ գեղանկարչություն, երաժշտություն, քանդակագործություն, ճարտարապետություն: Իսկ այդ ամենի ճանաչողությունը ժամանակի հետ մեջդ խմորում է լավ ճաշակ և գեղագիտական հայացք:

1 2

fastnews-ads-banner