Արտյոմ Մանուկյանը, որ բազմաթիվ երաժշտասերների սրտեր է հասցրել գերել իր թավջութակի գեղեցիկ ու հուզառատ ձայնով, մեր իրականության ամեագունեղ երաժիշտներից մեկն է: Գեղեցիկի, երաժշտությունը մարմնով ու հոգով զգալու, ամեն նոտայի հետ նորովի ինքդ քեզ վերապրելու մասին է նրա արվեստը:
Մանուկյանը ծնվել 1983 թ. Երևանում: 2005 թ. ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան ու այդ տարիների ընթացքում հասցրել է վերապատրաստվել Ռուսաստանում, Գերմանիայում ու Հունաստանում: Երիտասարդ երաժիշտը 2006-ին նվագել է “Armenian Navy Band”-ում, նույն տարում նա միացել է «Կատուներ» խմբին: Մանուկյանը 2008 թ. ստեղծված “Nooz band”-ի համահիմնադիրն է: 2009-ին Նարեկ Հովսեփյանի (A. Chilla) հետ համատեղ սկիզբ են դրել “NewPeople” նախագծին: Նախագիծը զբաղվում է տեղական ու արտասահմանյան ռեփ արտիստների ձայնագրմամբ: 2010 թ. երաժիշտը տեղափոխվել է Լոս Անջելես՝ կենտրոնանալով միայն երաժշտության վրա: Մանուկյանը հասցրել է համագործակցել նաև Տիգրան Համասյանի և գիթարիստ Վահագնի հետ:
Երեկ՝ հունիսի 8-ին տեղի ունեցավ Արտյոմ Մանուկյանի և Արման Ջալալյանի (թմբուկ) ու Արթուր Գրիգորյանի (սաքսոֆոն) համատեղ ելույթը ՀԲԸՄ-ում (AGBU): Արտյոմ Մանուկյանին Երևանը շատ էր կարոտել, այդ պատճառով էլ դահլիճը լեփ լեցուն էր:
Միջոցառման ավարտից հետո երաժիշտը զրուցեց Vivaro News-ի մեր լրագրողի հետ:
-Երաժշտությունն ի՞նչ տեղ է զբաղեցնում Ձեր կյանքում:
-Ամենամեծ: Ամեն ինչից վեր, որովհետև երաժշտությունն ինձ համար ամենուր է, ամեն ինչում է: Ապրելակերպ է, ամեն ինչ է, ոգեշնչում է:
-Ի՞նչն է Ձեզ ոգեշնչում ստեղծագործելիս:
-Ամեն ինչը: Little things՝ ինչպես ասում են: Ինձ քաղաքներն են շատ ոգեշնչում (“Citizen” ալբոմը դրա վառ օրինակն է), կյանքն իր որջ գեղեցկությամբ, այս վերջին 3-4 տարիներին երեխաս՝ (“Waltz for Maya” երաժշտությունը գրվել է հատուկ դստեր համար): Մի խոսքով`կյանքը, ճանապարհորդությունները. շատ եմ ճանապարհորդում:
-Հայրենիք մշատապես վերադառնալու մտադրություն ունե՞ք:
-Ունեմ, բայց ոչ հիմա: Պետք է գնաս, կարոտես ու ետ գաս, ու ինչքան գնում գալիս ես, այդքան փոխվում ես: Ես աշխատում եմ ինձ վրա, որովհետև այնտեղ մրցակցությունը շատ մեծ է, և ամեն մեկը ջանք չի խնայում այդ մրցակցության մեջ իրենն ասելու համար:
-Դուք Ձեզ ինքնառեալիզացված համարո՞ւմ եք:
-Գիտեք, կյանքում հաճախ է լինում, որ թվում է՝ գտել ես քոնը ու ամեն բան այնպես է, ինչպես, որ պետք է լինի: Բայց հաջորդ վայրկյանին նոր բան է բացվում մեջդ, ու հասկանում ես, որ զրոյից ամեն բան նորից պետք է սարքվի, և այդպես էլի ու էլի …: Չեմ կարծում, որ մի տեղ ավարտվելու է այդ ընթացքը: Միշտ աճելու տեղ կա, անդադար:
-Ո՞րն է Ձեր կյանքի կարգախոսը:
-Առանձնահատուկ կարգախոս չունեմ: Իմ կարծիքով պետք է սիրես այն, ինչ անում ես: Դա ամենամեծ կարգախոսը կարող է լինել:
-Այս այցելության ընթացքում էլ ի՞նչ պլաններ ունեք:
-Վաղը հանդիպում ունեմ TUMO-ում, գուցե այս տարվա վերջ workshop-երի համար գամ էլի TUMO՝ երեխաներին դասավանդելու:
-Իսկ ի՞նչ հաճախականությամբ եք գալիս Հայաստան:
-Փորձում եմ գալ որքան հնարավոր է հաճախ. տարին մեկ կամ երկու անգամ:
Լուսանկարները և հարցազրույցը՝ Մարիամ Սուքիասյանի:
- 5






