«Թէատրոն» կատարողական արվեստների ֆրանկոֆոն միջազգային փառատոնը, որն անցկացվում է հոկտեմբերի 22-ից նոյեմբերի 3-ը Կապանում, Գորիսում, Գավառում և Երևանում, իր շուրջ է համախմբել լայն ճանաչում ունեցող ֆրանսիացի պարուսույցներին, Հայաստանի ոլորտի մասնագետներին և հետաքրքրասեր արվեստասերներին։ Փառատոնի ընթացքում անցկացվում են վարպետության դասեր, աշխատարաններ, սպասվում են բացառիկ պարային ներկայացումների ցուցադրություններ և այլ հետաքրքիր նախաձեռնություններ։
«Թէատրոն»-ի երևանյան բացմանը, որը տեղի կունենա հոկտեմբերի 31-ին Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում, արվեստասերները հնարավորություն կունենան դիտել Մուրադ Մերզուկիի «Պիկսել» պարային ներկայացումը: Երևանի քաղաքապետարանը «Թէատրոն» փառատոնի անցկացման համար տրամադրել է 20 մլն դրամ։
«Թէատրոն»-ի համահիմնադիր, տնօրեն Սաթէ Խաչատրյանը 2016 թվականից երազել է Հայաստանում անցկացնել ֆրանկոֆոն միջազգային փառատոն, որը կհամախմբի աշխարհի նշանավոր ֆրանկոֆոն արվեստագետներին.
«Երևանը վերջին տարիներին մշակութային մայրաքաղաք է դարձել, քանի որ բավականին շատ ու լուրջ միջոցառումներ են անցկացվում այստեղ: Հույս ունեմ, որ այս նախաձեռնությունը շարունակական կլինի, քանի որ մեր նպատակն է ստեղծել հարթակ, որտեղ կլինեն նորանոր համագործակցություններ և հնարավոր կլինի հյուրընկալել ծանրակշիռ արտիստների, իսկ հետագայում մեր արտիստները կկարողանան մեկնել արտերկիր ու մեր գործընկեր երկրների հետ ստեղծել նորանոր համագործակցություններ»:
Փառատոնի շրջանակում Հայաստան են ժամանել ֆրանսիացի հանրահայտ պարուսույցներ Մուրադ Մերզուկին, Յոան Բուրժուան և Կադեր Ատուն։ Նոյեմբերի 3-ի երեկոյան 19:00-ին Կասկադի Գաֆէսճեան քանդակների պարտեզում Յոան Բուրժուային կցուցադրի իր «Կախման կետին մոտենալու փորձեր.» պերֆորմանսը:
Փառատոնի կազմակերպիչներն են ֆրանսիական «Սաթէ-աթղը» թատերական միությունը և «Արտ-իմաժ» մշակութային հասարակական կազմակերպությունը։


