Մարտի 12-ին տեղի կունենա տարվա ամենասպասված կինոիրադարձություններից մեկը` Ամերիկյան կինոակադեմիայի 95-րդ «Օսկար» մրցանակաբաշխությունը։ Առաջին հայացքից միանշանակ ֆավորիտ չկա, այդուհանդերձ, մենք կփորձենք որոշակի կանխատեսումներ անել (բնականաբար, խիստ սուբյեկտիվ)՝ հաշվի առնելով մրցանակաբաշխության վրա ավանդաբար ազդող որոշ հանգամանքներ ու նախորդ տարիների փորձը։
Կխոսենք գլխավոր անվանակարգերում առավել հավանական հաղթողների մասին․
Լավագույն օտարալեզու ֆիլմ

Այս անվանակարգում, կարծես, ամեն ինչ արդեն կանխորոշված է։ Այս տարի ներկայացված է հինգ թեկնածու. Էդվարդ Բերգերի «Արևմտյան ճակատում նորություն չկա» (All Quiet on the Western Front) հակապատերազմական դրաման (Գերմանիա), Սանտիգո Միտրեի «Արգենտինա, 1985» (Argentina, 1985) պատմական դրաման (Արգենտինա), Լուկաս Դոնտի «Մոտ» (Close) դրաման (Բելգիա), Եժի Սկոլիմովսկու «ԷՕ» (EO) ռոդ մուվին (Լեհաստան) ու Քոլմ Բեյրիդի «Լուռ աղջիկը» (The Quiet Girl) դրաման հասունացման մասին (Իռլանդիա)։ Բոլոր ներկայացված թեկնածուներն էլ հրաշալի ֆիլմեր են, սակայն, հաշվի առնելով աշխարհաքաղաքական իրավիճակը, հակապատերազմական տրամադրությունները, բազմաթիվ մրցանակները (այդ թվում` Բրիտանական BAFTA-ի գլխավոր մրցանակը), առավել հավանական թեկնածուն Էրիխ Մարիա Ռեմարկի լեգենդար գրքի հրաշալի էկրանավորումն է` ծայրահեղ մռայլ, դաժան պատմություն` նկարված գերմանացիների կողմից իբրև ապաշխարանքի նշան։
Լավագույն անիմացիոն ֆիլմ

Այստեղ նույնպես կա ակնհայտ ֆավորիտ։ Մեքսիկացի ռեժիսոր Գիլյերմո Դել Տորոն, սկսելով հայրենիքում որպես նրբագույն հորրորների հեղինակ, հետագայում տեղափոխվեց Հոլիվուդ` իր հետ տանելով իր անկրկնելի ոճն ու արագ հայտնվելով ակադեմիկոսների ուշադրության կենտրոնում «Ֆավնի լաբիրինթոսը» (El laberinto del fauno) կոնցեպտուալ հեքիաթով ու արժանանալով գլխավոր մրցանակին «Ջրի ձևը» (The Shape of Water) ֆիլմի համար։ Դել Տորոն տարիներ շարունակ փայփայում էր Կառլո Կոլոդիի «Պինոքիոյի արկածները. Փայտե տիկնիկի պատմությունը» ադապտացնելու միտքն ու դանդաղ աշխատում էր այդ ուղղությամբ։ «Գիլյերմո Դել Տորոյի Պինոքիոն» (Guillermo del Toro's Pinocchio) ցուցադրվեց Netflix-ով նախորդ տարվա վերջին` արժանանալով կինոքննադատների ու հանդիսատեսի հիացմունքին։ Stop motion տեխնիկայով նկարված այս պատմությունը Կոլոդիի հեքիաթի դելտորոյական ինտերպրետացիան է` արժեքների միանշանակ սահմանմամբ, ակնհայտ հակապատերազմական ու հակաֆաշիստական ուղերձով ու Դել Տորոյին հատուկ «լավքրաֆթյան» ոճավորմամբ։ Վստահ ենք, այս անվանակարգում «Օսկարի» արժանանալու գլխավոր թեկնածուն է։
Լավագույն ադապտացված սցենար

Այս անվանակարգում ամեն ինչ շատ ավելի բարդ է, կանխատեսումներ անելն էլ` անշնորհակալ գործ։ Այդուհանդերձ, կարծում ենք, որ Ռեմարկի գրքի էկրանավորումն ունի առավելագույն շանսերը։ Մյուս կողմից, ճապոնացի Կազուո Իսիգուրոյի «Ապրելը» (Living) Ակիրա Կուրոսավայի լեգենդար «Իկիրույի» (Ikiru) վարպետորեն մշակված ռեմեյքն է, որը կարող է պայքարել գերմանացիների հետ։
Լավագույն օրիգինալ սցենար

Այս անվանակարգում ներկայացված սցենարները մեկը մյուսից լավն են, ու բավականին բարդ է միանշանակ կանխատեսումներ անել։ Մի կողմից, իռլանդացի ռեժիսոր ու դրամատուրգ Մարտին Մակդոնայի «Ինիշերինի Բանշին» (The Banshees of Inisherin) ունի հաղթելու բոլոր շանսերը. սա դրամատուրգիական առումով անթերի ստեղծագործություն է մարդկային վարքագծի ու պատերազմի իռացիոնալության մասին` գրված այնքան վարպետորեն, որ պատրաստի պիես է ցանկացած թատրոնում բեմադրելու համար։ Մյուս կողմից, երիտասարդ ռեժիսորներ Դենիել Քվանի ու Դենիել Շեյներթի «Ամեն ինչ, ամենուր, միանգամից» (Everything Everywhere All at Once) պոստմոդեռնիստական դրաման կարող է գրավել ակադեմիկոսների սրտերը դրամատուրգիական խիզախության ու ժանրային կանոնների հետ խաղալու համար։ Քանի որ խոսք գնաց խիզախության մասին, Սթիվեն Սփիլբերգի «Ֆաբելմանները» (The Fabelmans) անկեղծ ինքնակենսագրական պատումը, որի միայն Դեյվիդ Լինչի մասնակցությամբ դրվագն ինքնին սցենարային հրաշք է, կարող է ծանրակշիռ մրցակից լինել առաջին երկուսի համար։ Այնուամենայնիվ, մենք առավել հավանական ենք համարում Մակդոնայի հաղթանակն այս անվանակարգում։
Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի

Այստեղ առավել հավանական թեկնածուն, մեր կարծիքով, Անջելա Բասեթն է` «Սև հովազը. Ընդմիշտ Վականդա» (Black Panther: Wakanda Forever) կինոկոմիքսում Ռամոնդա թագուհու դերի համար։ Ֆիլմն ինքնին ոչ այնքան ֆիլմ է, որքան տապանաքար` կյանքից վաղ հեռացած դերասան Չեդվիկ Բոսմանի հիշատակին, ու, ազնվորեն ասած, Մարվելի կինեմատոգրաֆիկ տիեզերքի ամենաթույլ ֆիլմերից մեկն է։ Սակայն հաշվի առնելով ակադեմիկոսների սենտիմենտալությունն ու այն, որ Բասեթն այս անօգնական ֆիլմում միակ լուսավոր կետն էր, ամենայն հավանականությամբ մրցանակը բաժին կհասնի նրան։
Երկրորդ պլանի լավագույն դերասան

Այստեղ նույնպես կարող է առանց սենտիմենտալության գործը գլուխ չբերվել։ Չինացի Կե Հույ Քուանը, որը հանդիսատեսին հայտնի է 1984-ի «Ինդիանա Ջոնսն ու ճակատագրի տաճարը» (Indiana Jones and the Temple of Doom) արկածային ֆիլմով ու մի քանի փոքր մանկական դերերով 80-ականների վերջին ու 90-ականների սկզբին, վերադարձել է որպես հասուն տղամարդ ու բառի բուն իմաստով հրաշքներ է գործում «Ամեն ինչ, ամենուր, միանգամից» մուլտիվերսյան դրամայում։ Քուանը կարող է ֆավորիտ լինել, սակայն մրցակիցները` փորձված ու իրենց «Օսկարին» վաղուց արժանի դերասաններ, կարող են դրա հետ համաձայն չլինել։ Բրենդան Գլիսոնը «Ինիշերինի բանշիներում» իր դերի համար մյուս ֆավորիտն է, մնացած հավասար պայմաններում մրցանակին շատ ավելի արժանի դերասան, ու հարցն այստեղ մատները կտրելու մեջ չէ։
Լավագույն դերասանուհի

Իհարկե, կարելի էր պնդել, որ «Օսկարի» կրկնակի դափնեկիր Քեյթ Բլանշեթը պիտի դառնա եռակի դափնեկիր` «Թառ» (Tár) հոգեբանական դրամայում դիրիժոր Լիդիա Թառին փայլուն մարմնավորելու համար։ Սակայն այս անգամ Բլանշեթն ունի երկու ուժեղ մրցակից. հիանալի Միշել Յեոն՝ «Ամեն ինչ, ամենուր, միանգամից» ֆիլմում գլխավոր դերի համար, ու սքանչելի Միշել Ուիլյամսը` «Ֆաբելմաններում» կինեմատոգրաֆի ապագա հսկայի մոր դերը խաղալու համար։ Կարող էինք ասել, որ կանխատեսումներ անելն այստեղ անհնար է, սակայն ռիսկի կդիմենք ու մատներս կխաչենք Միշել Յեոյի համար։ Բլանշեթն արդեն ունի երկու«Օսկար», Ուիլյամսի համար ամեն ինչ դեռ առջևում է։ Ծագումով չինացի դերասանուհուն «Օսկար» տալը կարող է նաև հերթական սենտիմենտալ քայլը լինել ակադեմիկոսների կողմից` հաշվի առնելով ամերիկա-չինական ոչ լավագույն հարաբերությունները վերջին տարիներին։
Լավագույն դերասան

Օսթին Բաթլերն ու Բրենդան Ֆրեյզերը` համապատասխանաբար Էլվիս Փրեսլիի ու ճարպակալմամբ տառապող Չառլիի աննկարագրելի դերակատարման համար գրեթե հավասար ֆավորիտներ են։ Սակայն կշեռքի նժարն այստեղ Բրենդան Ֆրեյզերի կողմում է (կներեք կալամբուրի համար). Դարեն Արոնովսկու «Կետում» (The Whale) դերասանը ոչ միայն կարողացել է լուսատարիներով հեռանալ իր սովորական ամպլուայից, այլև երկար տարիների դեպրեսիայից հետո վերադառնալ մեծ կինո ու կրկին արժանանալ հանդիսատեսի սիրուն։ Ֆրեյզերի անձնական դրաման ոչ պակաս հուզիչ ու տպավորիչ է, քան Չառլիինը, հետևաբար` ծայրահեղ անարդար կլինի դերասանին արժանի արձանիկից զրկելը։
Լավագույն ռեժիսոր

Այստեղ երիտասարդ նորեկները պայքարելու են կինեմատոգրաֆի տիտանների հետ, ու բավականին մեծ շանսեր ունեն հաղթելու. լրիվ Դավթի ու Գողիաթի պատմությունն է։ Գողիաթի դերում այստեղ մեծամասամբ Սթիվեն Սփիլբերգն է` արդեն երեք «Օսկարի» դափնեկիր, որը դեմ չէր լինի ստանալու նաև չորրորդը (ի վերջո, «Ֆաբելմանները» ինքնակենսագրական ֆիլմ է, բեղուն գործունեության ամփոփում, ու վատ չէր լինի այդ ամփոփումը դրոշմել ոսկով), իսկ ավելի փոքր առումով` Մարտին Մակդոնան, հիանալի ռեժիսոր, որին ակադեմիկոսները համառորեն անտեսում են։ Սակայն այս պայքարում մենք Դավթի կողմից ենք։ Մենք կարծում ենք, որ 35-ամյա Դենիել Քվանն ու Դենիել Շեյներթը «Ամեն ինչ, ամենուր, միանգամից» ֆիլմում ցուցաբերել են ոչ տրիվիալ ռեժիսուրա ու լրիվ արժանի են հաղթելու տիտանների դեմ մենամարտում։
Լավագույն ֆիլմ

Հաշվի առնելով անվանակարգերի ու ստացած մրցանակների քանակը, ինչպես նաև այլ կարևոր մրցանակաբաշխությունների արդյունքները` մեզ վրա պատասխանատվություն ենք վերցնում հայտարարելու, որ տարվա լավագույն ֆիլմի ամենահավանական թեկնածուն «Ամեն ինչ, ամենուր, միանգամից» կինոֆենոմենն է։ Շատերին այն դուր չի եկել, շատերը անսահման հիացած են (այդ թվում` ձեր խոնարհ ծառան), սակայն սա հիանալի հնարավորություն է Ակադեմիայի համար` թարմություն մտցնելու կարծրացած, գլխավոր մրցանակը միայն լացակումած պատմական ու կենսագրական դրամաներին (ոչ մի դեպքում չստորադասելով լացակումած պատմական ու կենսագրական դրամաները) տալու ավանդույթը փոխելու համար։ Այո, «Օսկարի» պատմության մեջ նման փոքր հեղաշրջումներ էլի են եղել («Ջրի ձևը»՝ որպես վերջին օրինակ), սակայն երիտասարդ հանդիսատեսի ուշադրությունը պահելու համար այս մոտեցումը պիտի շատ ավելի հաճախակի լինի։


