Մայիսի 6-ին Նկարիչների միությունը վերածվել էր արվեստի յուրօրինակ կենտրոնի: Տեղի ունեցավ «Սասունցի Դավիթ» պատկերապատման (կոմիքսի) շնորհանդեսը: Հեղինակները կարճ ֆիլմի միջոցով ավելի քան 200 հյուրերին ներկայացրին պատկերապատման ստեղծման պատմությունը: Ելույթ ունեցավ «Կայթ բենդը»: Նրանք մշակել էին էպոսի երաժշտական տարբերակն ու հատուկ այդ օրվա համար կատարեցին «Սասունցի Դավիթ» հատվածը:
«Սասունցի Դավիթ» պատկերապատումը հայ ժողովրդական էպոսի 3-րդ ճյուղի թումանյանական մշակումն է: Սա եզակի նախաձեռնություն է, որը հայ երեխային կծանոթացի իր ազգային ժառանգությանը, հայ մշակույթի ամենավառ հերոսներից մեկի միջոցով նրան կփոխանցի արժանապատվության, անարդարության դեմ ազնվորեն պայքարելու հերոսական կերպարի օրինակ: «Սասունցի Դավիթ» պատկերապատման նախագծի տնօրեն Գոհար Գասպարյանը Vnews Culture-ի հետ զրույցում պատմեց, որ կոմիքսի գաղափարը տվել են երեխաներն ու նրանց ծնողները: «2 տարի առաջ մենք ստեղծեցինք «Հայկ և Բել» պատկերապատումը: Երբ երեխաները գալիս էին, լսում ընթերցումները, ավարտին հարցնում էին, թե երբ է լինելու «Սասունցի Դավիթը»: Նրանք տեսնում էին՝ ինչպես է Հայկը պայքարում Բելի դեմ և ցանկանում էին այդ դերում տեսնել նաև Դավթին: Երեխաների չդադարող հարցերը հիմք հանդիսացան, որպեսզի սկսենք այս նախագիծը: Շատ բարդ, ծավալուն և պատասխանատու աշխատանք էր, քանի որ Հովհաննես Թումանյանի գործերին պետք է վերաբերես մանրակրկիտ և զգուշորեն մոտենաս», - անկեղծացավ Գոհարը:
«Սասունցի Դավիթ» պատկերապատումը նախաձեռնել են Գոհար Գասպարյանն ու իրավաբան, նախագծի պրոդյուսեր Նարեկ Վան Աշուղաթոյանը: Նկարիչը բազմաթիվ պատկերապատումների հեղինակ Տիգրան Մանգասարյանն է, ձևավորմամբ զբաղվել է Մարիամ Մալխասյանը: Տեքստը մշակել է թումանյանագետ Անի Եղիազարյանը: Հենց նա է Գոհարին ու թիմակիցներին վստահեցրել, որ Թումանյանի «Սասունցի Դավիթը» շատ հեշտ կարելի է փոխարկել կոմիքսի, քանի որ երկխոսությունները շատ են: Արդյունքում առաջին անգամ Հովհաննես Թումանյանի ստեղծագործությունը վերածվեց պատկերապատման: Ստացվեց ծավալուն՝ 116 էջանոց, հաստ կազմով և հարյուրավոր նկարներով կոմիքս: Աշխատանքն իրականացնելու համար պահանջվեց 2-2.5 տարի: Գոհարի խոսքով՝ ամենաբարդը Դավթի կերպարը ստանալն էր: «Կոմիքսում մենք տեսնում ենք 3 տարիք՝ փոքր, պատանի և երիտասարդ, տաքարյուն Դավթին, որտեղ նա 16-18 տարեկան է (Թումանյանի էպոսում, երբ Դավիթը հաղթում է Մելիքին, ևս 16-18 տարեկան էր): Նախկինում շատ արվեստագետներ անդրադարձել են Դավթի կերպարին, բայց միշտ նրան պատկերել են տարիքն առած, գրեթե 40-ին մոտ:
Կոմիքսը չունի տարիքային սահմանափակում: Այն 0-100 տարեկանների համար է: Հենց դա էլ պատկերապատման առանձնահատկությունն է: Ըստ Գոհարի՝ Տիգրան Մանգասարյանը նկարները նկարել է ձեռքով՝ թղթի վրա, ապա դրանք մշակվել են համակարգչով: «Մեր նպատակն է, որ մեր սերունդը, մեր երեխաները ունենան իրենց հայկական հերոսին՝ իրենց գրադարանում, իրենց ձեռքի տակ: Իսկ նման հերոսները գալիս են մեր պատմությունից, մեր արմատներից: Նրանք հայ ժողովրդի խտացված կերպարն են», - ընդգծեց նախագծի տնօրենը:
«Սասունցի Դավիթը» արդեն հասցրել է դառնալ «ՌեԱնիմանիա» անիմացիոն ֆիլմերի և պատկերապատման արվեստի միջազգային փառատոնի մրցանակակիր: Բացի այդ ԿԳՄՍ նախարարությունը այս պատկերապատումը երաշխավորվել է որպես ուսումնաօժանդակ նյութ:
Կոմիքսի նկարներով Գոհարն ու թիմակիցները ստեղծել են նաև «Գտի՛ր և ներկի՛ր» ինտերակտիվ գիրքը, որտեղ երեխան կարող է գտնել նկարների միջև տարբերությունները և օգնել Դավթին լաբիրինթի միջոցով հասնել օրինակ Ձենով Օհանին: Հեղինակները պատրաստել են նաև պիտակներ (ստիկեր)՝ համեմված էպոսի տողերով: Նպատակն է, որ երեխաները այդ պիտակներն օգտագործելիս մեխանիկորեն անգիր սովորեն որոշ հատվածներ: