Ինչպես նշում է “The Hollywood Reporter”-ը, 2019 թ. գարնանը Բրոդվեյում կբեմադրվի «Թութսի» ներկայացումը: “Scott Sanders Productions”-ը նշել է, որ ներկայացման համաշխարհային պրեմիերան տեղի կունենա Չիկագոյի Cadillac Palace թատրոնում այս տարվա սեպտեմբերի 11-հոկտեմբերի 14-ն ընկած ժամանակահատվածում:
Գլխավոր դերում հանդես է գալու «Սառցե սիրտը/Frozen» մուլտֆիլմի գլխավոր հերոսներից մեկը՝ Սանտինո Ֆոնտանան: Գլխավոր հերոսը՝ Մայքլ Դորսին դերասան է, ով իր անտանելի և ըմբոստ բնավորության պատճառով չի կարողանում երկարաժամկետ գործ գտնել: Մայքլը գնում է հուսահատ քայլի. նա կերպարանափոխվում է կնոջ, վերցնում է իրեն Դորոթի Մայքլ անունը, և շատ շուտով տարօրինակ կերպով գտնում է իրեն համապատասխան աշխատանք: Սակայն, ինչպես ընդունված է ասել, մետաղադրամն ունի երկու կողմ. Դորոթին բազմաթիվ դժվարություններ է հանդիպում իր ճանապարհին:
Հիշեցնենք, որ 1982 թ. ռեժիսոր Սիդնի Պոլակը հանրության դատին է հանձնել իր «Թութսի/Tootsie» ֆիլմը, որի գլխավոր դերերում են Ջասթին Հոֆմանը, Ջեսիքա Լենգը, Թերի Գարը և այլք: Ֆիլմն արժանացել է մի շարք մրցանակների, որոնց շարքում են «Ոսկե Գլոբուսը»՝ «Լավագույն ֆիլմ», «Լավագույն դերասան» (Ջասթին Հոֆման), «Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի» (Ջեսիքա Լենգ) անվանակարգերում, իսկ դերասանուհի Ջեսիքա Լենգն արժանացել է Օսկարի՝ «Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի» անվանակարգի համար:
Ֆիլմը կարող եք դիտել այստեղ:
Աղբյուր՝ hollywoodreporter.com, kinopoisk.ru:

