Ռուս ռեժիսոր և հեռուստահաղորդավար Տիգրան Քեոսայանը կլինիկական մահ է տարել և այժմ կոմայում է։ Տեղեկությունը «Telegram»-ում հայտնել է նրա կինը՝ Մարգարիտա Սիմոնյանը։ «Տիգրանը, ինչպես շատերը գիտեն, վաղուց սրտի հետ լուրջ խնդիրներ ունի։ Տիգրանի մայրը, ինչպես և իմը, մեզ հետ են ապրում։ Անհնար է նկարագրել մի կնոջ վիճակը, ով 2 տարի առաջ կորցրեց իր ավագ որդուն (ռեժիսոր, սցենարիստ և պրոդյուսեր Դավիթ Քեոսայանը մահացել է 2022 թվականի հոկտեմբերին՝ 61 տարեկանում) և այժմ ամբողջ ուժով սպասում է, որ Տերը ողորմի կրտսեր որդուն։ Ովքեր սիրում են Տիգրանին, խնդրում եմ, աղոթե՛ք նրա համար», - գրել է Սիմոնյանը։
«Baza» հրատարակության տվյալով 59-ամյա հեռուստահաղորդավարը հոսպիտալացվել է դեկտեմբերի վերջին։ Բժիշկները նրա վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր։
Քեոսայանը նախկինում սրտի 2 կաթված է տարել։ 2008 թվականի հունվարին Տիգրան Քեոսայանը հոսպիտալացվել է նախաինֆարկտային վիճակում։ Բակուլևի անվան սրտանոթային վիրաբուժության գիտական կենտրոնում ստենտ են տեղադրել՝ արյան նորմալ հոսքը վերականգնելու համար: 2 տարի անց՝ 2010 թվականին, Քեոսայանին կրկին հոսպիտալացրել են՝ սրտամկանի սուր կաթված ախտորոշմամբ։ Այս անգամ բժիշկները կատարել են ստենտավորման կրկնակի կուրս՝ արյան շրջանառությունը բարելավելու և սրտի հետագա խնդիրների ռիսկը նվազեցնելու համար։