Ապրիլի 11-ին Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում կկայանա Ալեխանդրո Կասոնայի «Ծառերը կանգնած են մահանում» պիեսի հիման վրա բեմադրված ներկայացման պրեմիերան։ Գլխավոր դերում ՀՀ վաստակավոր արտիստ Ջուլիետա Ստեփանյանն է։ Խաղում են նաև Սամվել Բաղինյանը (նաև բեմադրիչն է, - հեղ․), Վարդան Կուղյանոսյանը, Աշոտ Հակոբյանը, Նարինե Սարգսյանը, Հասմիկ Վերդյանը, Սմբատ Ստեփանյանը, Սիրանուշ Եսայանը, Ռուզաննա Հախնազարյանը, Թագուհի Մկրտչյանը, Անահիտ Կարապետյանը, Հովսեփ Անտոնյանն ու Լևոն Մամիկոնյանը։ Ներկայացումը Հրազդանի դրամատիկական թատրոնինն է։ Այս օրերին հյուրախաղերով Երևանում են։
Հրազդանի դրամատիկական թատրոնի տնօրեն Վահագն Մարգարյանի խոսքով՝ իրենց թատրոնն ունի փոխադարձ հյուրախաղեր կազմակերպելու ավանդույթ։ «Որոշ թատրոնների մենք ենք հյուընկալում, նրանք էլ՝ մեզ։ Մարտի 23-ին Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնը մեզ հյուր էր, ապրիլի 11-ին էլ մենք կհյուրընկալվենք։ Նախորդ տարի Սամվել Բաղինյանից և Ջուլիետա Ստեփանյանից առաջարկ ստացանք մեր թատրոնում բեմադրելու «Ծառերը կանգնած են մահանում» պիեսը։ Ներգրավված են Հրազդանի, Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական և Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնների դերասանները։ «Ծառերը կանգնած են մահանում» ներկայացումը Հրազդանում խաղացել ենք 7-8 անգամ։ Բոլորն անցել են լեփ-լեցուն դահլիճներում», - նշեց Վահագն Մարգարյանը։

Ջուլիետա Ստեփանյանը վերհիշեց՝ «Ծառերը կանգնած են մահանում» ներկայացումը ինքն ու ամուսինը՝ Սամվել Բաղինյանը, խաղացել են 28-29 տարեկանում։ Գլխավոր դերակատարներն էին։ «Տատիկի կերպարում Մարգո Բալասանյանն էր։ Երբ նայում էի նրա խաղը, ասում էի՝ Աստված իմ, ինչու ես այս տարիքում չեմ, որ խաղամ այս դերը։ Այսինքն՝ երկար տարիներ ունեի այդ նպատակը։ Սամվելը Լեհաստանում բազմաթիվ բեմադրություններ էր արել։ Որոշեցինք այդքան տարի անց այս պիեսը բեմադրել։ Իհարկե, աշխատում ենք Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում, բայց այս ներկայացման համար դիմեցինք Վահագն Մարգարյանին։ Հրազդանում մեզ ջերմ ընդունեցին և սկսեցինք աշխատել։ Ներկայացման թեման միշտ արդիական է։ Պատահական չէ, որ երկրորդ վերնագիրն է «Անառակ թոռան վերադարձը»։

ՀՀ վաստակավոր արտիստուհին շեշտեց՝ տատիկներ կան՝ շատ ներողամիտ են և փափուկ։ Այս տատիկն իշխանություն ունի։ Աստված չանի ես էլ նման թոռ ունենայի, ես էլ նման կերպ կպվարվեի։ Երեխաներիս միշտ ասել եմ՝ այնպես չլինի, որ ինձ խոր վիրավորեք։ Ներելը շատ լավ երևութ է, բայց երբեք չեմ մոռանա։ Միշտ ասել եմ ներողությունն ու շնորհակալությունը թող միշտ լինի ձեր շուրթերին, բայց այնպես ապրեք, որ ստիպված չլինեք շատ ասել ներողություն», - ընդգծեց դերասանուհին։

Ջուլիետա Ստեփանյանն անկեղծացավ՝ ստեղծագործական կյանքն այնքան հարուստ է, որ նույնիսկ հոգնում է։ «Հաճելի է այս տարիքում ունենալ այսքան նախագծեր և լինել այսքան պահանջված։ Աշխատում եմ Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում, խաղում եմ Նարեկ Դուրյանի ներկայացումներում, ինչպես նաև Հրազդանի դրամատիկական թատրոնում։ Խաղում եմ նոր ներկայացումում, բայց նոր ենք սկսել աշխատել։ Դեռ փակագծեր չեմ բացի։ Ամռանը նկարահանվելու եմ ֆիլմում։ Սեպտեմբերին էլ ունեմ շատ մեծ նախագիծ Մոսկվայում», - բացահայտեց դերասանուհին։


