Logo

Վան Գոգի կոդերը

Հեղինակ
Շուշան Մարուքի
00:00 / 26.05.2017ՄՇԱԿՈՒՅԹ
caf terras bij nacht place du forum vincent van gogh 44529 copyright kroller muller museum - Վան Գոգի կոդերը

Աշխարհում ամենահայտնի, սիրված ու կրկնօրինակված նկարիչներից մեկը՝ Վան Գոգ: Հոլանդացի այս պոստիմպրեսիոնիստ նկարիչը ապրել է 37 տարի և միայն կյանքի վերջին 10 տարիներին է զբաղվել նկարչությամբ: Վան Գոգը կյանքի վերջին տարիները մեծ մասամբ անց է կացրել հիվանդանոցում: «Սուր նոպաների արանքում հիվանդը միանգամայն հանգիստ է և մեծ կրքով նկարչությանն է տրվում», – գրել է նրա բժիշկը: Հիմնական ընդունված վարկածի համաձայն՝ նա ինքնասպան է եղել. կրակել է իր վրա, ապա ինքուրույն հասել հիվանդանոց, որտեղ էլ մահացել է:

Վան Գոգի նկարների կրկնօրինակներն ամենուր են՝ մարդկանց տներում, սրճարաններում, շապիկների ու զարդերի վրա: Վան Գոգի գույների խորհրդավոր աշխարհը շարունակում է գրավել ու ներշնչել բոլորին: Ձեզ ենք ներկայացնում նրա «Սրճարանի գիշերային պատշգամբ» (Caféterras bij nacht) նկարի պատմությունը:

15234451_cafe-terrace-at-night-by-vincent-van-gogh_t4fa8067f

Վանգոգյան ևս մեկ գիշերային կտավ է սա՝ նկարված 1888 թ. սեպտեմբերին Առլում: Նկարիչը եղբորը գրում է. «Գիշերն ավելի կենդանի է և գույներով հարուստ, քան ցերեկը»: Հետաքրքիր է, որ գիշեր պատկերող այս կտավում Վան Գոգը ոչ մի գրամ սև ներկ չի օգտագործել: Եվ առհասարակ Առլում արված նկարներին բնորոշ է դեղինի գերակայությունը: «Անկեղծ ասած, շեղվել եմ իմ մնացած բոլոր գործերից և հիմա աշխատում եմ նոր կտավիս վրա, որը ներկայացնում է գիշերային սրճարանի բացօթյա մի հատվածը. տեռասում խմող մարդկանց փոքրիկ պատկերներ, մեծ դեղին լապտերը լուսավորում է այն, տունն ու մայթը, և նույնիսկ որոշ փայլ է տալիս կամրջին, որը ծածկվում է վարդա-մանուշակագույն երանգով: Փողոցի հեռավոր հատվածի շինությունների եռանկյունաձև վերնամասերը աստղերով ծածկված կապույտ երկնքի տակ թվում են մուգ կապույտ կամ մանուշակագույն, այնտեղ նաև կանաչ ծառ կա», – գրում է նա քրոջը:

Վերջերս Ջարեդ Բաքսթեր անունով մեկը ցնցող տեսակետ առաջ քաշեց, ըստ որի՝ այս նկարը Դա Վինչիի «Խորհրդավոր ընթրիքի», ավելի լայն՝ Ավետարանական Վերջին ընթրիքի մոտիվներով է արված: Սրճարանում նստած մարդիկ 12-ն են՝ առաքյալների թվով: Նրանցից մեկը կանգնած է դռների արանքում. ուզում է՝ հեռանա. Հուդան է: Մատուցողն ունի երկար մազեր, սպիտակ, երկար հագուստ՝ ինչպես Քրիստոսը: Ուսումնասիրողը նաև ուշադրություն է հրավիրում մատուցողի թիկունքում գտնվող պատուհանի վրա. խաչ է պատկերված: Խաչ Մատուցող-Քրիստոսի թիկունքում:

Որքան են այս տեսակետի հիմքերն իրական, պարզել հնարավոր չէ: Սակայն վարկածն արժանահավատ հիմնավորումներ ունի:

 

 

 


fastnews-ads-banner