Logo

Վարանը 9-րդ ֆուտբոլիստն է, որ խաղալու է թե՛ «Ռեալում», թե՛ «Յունայթեդում»․ ովքե՞ր են նախորդ ութը

Հեղինակ
Արամ Սահակյան
00:00 / 30.07.2021ՍՊՈՐՏ
Բացառիկ
as14a5s5da5sd - Վարանը 9-րդ ֆուտբոլիստն է, որ խաղալու է թե՛ «Ռեալում», թե՛ «Յունայթեդում»․ ովքե՞ր են նախորդ ութը

Ամառային տրանսֆերային պատուհանի ամենախոշոր ու հնչեղ գործարքներից մեկը Ռաֆայել Վարանի տեղափոխությունն էր «Ռեալից» «Մանչեսթեր Յունայթեդ»։ Շատ շուտով ֆրանսիացի խաղացողը կդառնա պատմության իններորդ ֆուտբոլիստը, որը խաղացել է թե՛ «Ռեալի», թե՛ «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում։

Նախկինում արդեն 8 խաղացող պաշտպանել է թե՛ «Արքայական ակումբի», թե՛ «կարմիր սատանաների» գույները։ Նրանցից գրեթե բոլորը «Ռեալից» եկել են «Մանչեսթեր Յունայթեդ», կամ էլ հակառակը։ Միայն մեկ խաղացողի դեպքում է, որ երկու ակումբների կազմում խաղալու ժամանակահատվածում այլ ակումբում էլ է եղել։

Լորի Կանինգեմ (1979-1984 թթ․՝ «Ռեալ», 1983 թ․՝ վարձակալությամբ՝ «Մանչեսթեր Յունայթեդ»)

Լորի Կանինգեմին քչերն են հիշում։ Նա պատմության առաջին ֆուտբոլիստն էր, որը խաղաց թե՛ «Ռեալում», թե՛ «Մանչեսթեր Յունայթեդում»։ Անգլիացի այս խաղացողը 1979 թվականին «Վեսթ Բրոմվիչում» երկու տպավորիչ մրցաշրջան անցկացնելուց հետո տեղափոխվեց Մադրիդ։ Կանինգեմը «Ռեալի» պատմության մեջ առաջին անգլիացի խաղացողն էր։ Հատկանշական է, որ մադրիդյան թիմում երբևէ խաղացած առաջին անգլիացին սևամորթ էր։ 1979-1980 թվականների ընթացքում Կանինգեմը վեց անգամ խաղացել է նաև Անգլիայի հավաքականի կազմում։

Gallery: How Liverpool have never failed to beat Real Madrid | Goal.com

1983 թվականին «Ռեալում» նրան որոշեցին վարձակալությամբ այլ ակումբ ուղարկել։ Այդ մրցաշրջանը Կանինգեմն անցկացրեց «Մանչեսթեր Յունայթեդում»։ Մեկ տարի «կարմիր սատանաների» գույները պաշտպանելուց հետո նա նորից վարձակալությամբ տեղափոխվեց այլ ակումբ՝ այս անգամ Խիխոնի «Սպորտինգ»։ Լոնդոնում ծնված այս ֆուտբոլիստը երիտասարդ տարիներին մերժում էր ստացել «Արսենալից»։ Սակայն իր կարիերայի ընթացքում կարողացավ խաղալ թե՛ «Ռեալում», թե՛ «Մանչեսթեր Յունայթեդում»։

Դևիդ Բեքհեմ (1992-2003թթ․՝ «Մանչեսթեր Յունայթեդ», 2003-2007թթ․՝ «Ռեալ Մադրիդ»)

«Մանչեսթեր Յունայթեդի» ու Մադրիդի «Ռեալի» միջև մեգատրանսֆերների պակաս չի եղել։ Առաջին խոշորագույն գործարքը տեղի ունեցավ 2003 թվականին, երբ Դևիդ Բեքհեմը 37,50 միլիոն եվրոյի դիմաց «Մանչեսթեր Յունայթեդից» տեղափոխվեց «Ռեալ»։ Այդ տարիներին «Արքայական ակումբի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը ծրագիր ուներ Մադրիդում հավաքելու մոլորակի ուժեղագույն ու աստղային բոլոր խաղացողներին։ Լուիշ Ֆիգուի, Ռոնալդոյի, Զինեդին Զիդանի, Ռաուլի կողքին հայտնվեց նաև Դևիդ Բեքհեմը։

David Beckham gives verdict on Manchester United manager Ole Gunnar Solskjaer

Միլիոնավոր եվրոներն ու «Ռեալում» խաղալու գայթակղությունը ստիպեցին Բեքհեմին փոխել իր սիրելի անգլիական ակումբը «Ռեալի» հետ։ Եթե նայենք զուտ թվերին, ապա ակնհայտ է դառնում, որ անգլիացու կարիերան «Օլդ Թրաֆորդում» ավելի լավ ընթացք ուներ, քան «Սանտիագո Բեռնաբեուում»։ Ի դեպ, կա հետաքրքիր տեղեկություն, որ 2003 թվականին «Մանչեսթեր Յունայթեդն» իսկապես պատրաստ է եղել հրաժարվել Դևիդ Բեքհեմի ծառայություններից։ «Կարմիր սատանաները» որոշել են վաճառել նրա տրանսֆերը «Բարսելոնային»։ Երկու ակումբներն արդեն համաձայնության են հասել։ Սակայն ի վերջո Բեքհեմը միացել է «Ռեալին»։

Ռուդ Վան Նիստելրոյ (2001-2006թթ․՝ «Մանչեսթեր Յունայթեդ», 2006-2010թթ․՝ «Ռեալ Մադրիդ»)

2006 թվականին «Ռեալը» ուժեղացրեց հարձակման գիծը՝ ձեռք բերելով «Մանչեսթեր Յունայթեդի» ու Նիդերլանդների հավաքականի աստղային հարձակվող Ռուդ վան Նիստելրոյին։ «Ռեալի» երկրպագուների համար այս տրանսֆերը բավականին զարմանալի էր։ Թիմի հարձակման գծում խաղում էին Ռաուլն ու Ռոնալդոն։ Ճիշտ է, նախորդ տարիներին «Ռեալը» հաջողություններ չուներ, սակայն հասկանալի չէր, թե որտեղ է խաղալու վան Նիստելրոյը։ «Արքայական ակումբը» 30-ամյա նիդերլանդցու համար վճարել էր 15 միլիոն եվրո։

Real Madrid: Ranking the five best No. 9's in club history

Վան Նիստելրոյը մինչև 2010 թվականը խաղաց «Ռեալում»։ Նրա տրանսֆերն իսկապես կարելի է հաջող գործարք համարել «Ռեալի» համար։ Վան Նիստելրոյը մեծ դերակատարում ունեցավ «Ռեալի» երկու չեմպիոնություններում 2008 և 2009 թվականներին։ 2010-ին նա հեռացավ թիմից։ Տարիքն արդեն իրենն ասում էր, թիմում էլ արդեն կային Գոնսալո Հիգուայինն ու Կարիմ Բենզեման։ Նիդերլանդների հավաքականի երբեմնի առաջատարը գնաց «Համբուրգ», իսկ հետո վերադարձավ Լա լիգա՝ «Մալագա», ու հենց այդտեղ էլ ավարտեց կարիերան։

Գաբրիել Հայնցե (2004-2007թթ․՝ «Մանչեսթեր Յունայթեդ», 2007-2009թթ․՝ «Ռեալ Մադրիդ»)

Գաբրիել Հայնցեն 2004 թվականին ՊՍԺ-ից տեղափոխվեց «Մանչեսթեր Յունայթեդ»։ Նա շատ արագ կարողացավ դառնալ թիմի հիմնական ձախ պաշտպանը։ Երկրպագուներն արդեն առաջին մրցաշրջանում Հայնցեին ճանաչեցին տարվա լավագույն խաղացող։ Հաջորդ մրցաշրջանի մեկնարկում Հայնցեն վնասվածք ստացավ ու երկար ժամանակով դուրս մնաց շարքից։ Արդյունքում «Մանչեսթեր Յունայթեդը» պայմանագիր կնքեց Պատրիս Էվրայի հետ, որը, Հայնցեի բացակայության ընթացքում, վստահությամբ հաստատվեց թիմի մեկնարկային կազմում ։

Manchester United vs Liverpool: When Gabriel Heinze tried to force Anfield transfer in 2007

Վնասվածքից ապաքինվելուց հետո Հայնցեն որոշակի խաղաժամանակ ստանում էր պաշտպանության կենտրոնում, քանի որ թիմում վնասվածքները շատ էին։ Ամեն դեպքում Հայնցեն քիչ էր խաղում ու արդյունքում կոնֆլիկտ ունեցավ Սըր Ալեքս Ֆերգյուսոնի հետ։ 2007 թվականի ամռանը Հայնցեն նույնիսկ պահանջեց ակումբին վաճառել իր տրանսֆերը «Լիվերպուլին»։ Սակայն, բոլորս գիտենք, որ այս երկու թիմերի միջև գործարքներ չեն կայանում։ Արդյունքում եկավ լավ առաջարկ «Ռեալից», ու Հայնցեն գնաց Մադրիդ։ Այդ ժամանակ Մարսելոն արդեն «Ռեալում» էր, Հայնցեն հիմնականում խաղում էր պաշտպանության կենտրոնում։ Երկու մրցաշրջան «Արքայական ակումբում» անցկացնելուց հետո նա տեղափոխվեց Մադրիդ։

Մեր ընտրանին․

Մայքլ Օուեն (2004-2005թթ․՝ «Ռեալ Մադրիդ», 2009-2012թթ․՝ «Մանչեսթեր Յունայթեդ»)

Հենց Մայքլ Օուենն է այն խաղացողը, որն այս երկու թիմերի կազմում խաղալու ժամանակահատվածում եղել է նաև այլ ակումբում։ Օուենը «Ռեալին» միացավ 2004 թվականին։ Մեկ տարում նա ոչ մի կերպ չկարողացավ գտնել իր տեղը թիմի մեկնարկային կազմում։ 2005 թվականին անգլիացի հարձակվողը որոշեց վերադառնալ Անգլիա՝ «Նյուքասլ» ու խաղաժամանակ ստանալ 2006-ի աշխարհի առաջնությունից առաջ։ Նացանկանում էր լինել իր ազգային թիմի մեկնարկային կազմում։ «Ռեալը» չհրաժարվեց Օուենին վաճառելու մտքից։

Michael Owen Reveals He 'Cried All the Way to the Airport' When Leaving Liverpool for Real Madrid | 90min

2009 թվականին Օուենը, չորս մրցաշրջան «Նյուքասլում» անցկացնելուց հետո, եկավ «Մանչեսթեր Յունայթեդ»։ Նա այն հազվադեպ ֆուտբոլիստներից է, որը խաղացել է թե՛ «Լիվերպուլում», թե՛ «Յունայթեդում»։ Սակայն նրա՝ մանչեսթերյան ժամանակաշրջանը ամենաանհաջողներից էր։

Կրիշտիանու Ռոնալդու (2003-2009թթ․՝ «Մանչեսթեր Յունայթեդ», 2009-2018թթ․՝ «Ռեալ Մադրիդ»)

Սըր Ալեքս Ֆերգյուսոնի խնդրանքով ու պահանջով 2003 թվականին «Մանչեսթեր Յունայթեդը» գնեց Լիսաբոնի «Սպորտինգի» 18-ամյա պատանուն, որը համարվում էր մոլորակի ամենահեռանկարային խաղացողներից մեկը։ Ռոնալդուն Ֆերգյուսոնի թիմում աներևակայելի առաջընթաց գրանցեց, մի քանի տարում դարձավ Պրեմիեր լիգայի լավագույն խաղացողներից մեկը, մի քանի անգամ հաղթեց Պրեմիեր լիգայում, նվաճեց Չեմպիոնների լիգան ու դարձավ «Ոսկե գնդակի» դափնեկիր։ Կրիշտիանու Ռոնալդուն ապացուցեց իր կարգավիճակը շատ կարճ ժամանակահատվածում։

Cristiano Ronaldo's comments about Manchester United re-emerge

2007 թվականից սկսեցին տրանսֆերային շշուկները, որոնք Ռոնալդուին ուղարկում էին Մադրիդ։ Ի վերջո 2009 թվականին «Արքայական ակումբը» ռեկորդային՝ 94 միլիոն եվրոյի դիմաց գնեց Ռոնալդուի տրանսֆերը։ Մնացածն իսկապես պատմություն է։ Ռոնալդուն դարձավ «Ռեալի» պատմության մեջ լավագույն ռմբարկուն, լավագույն խաղացողը։ Անցկացրած 438 խաղում նա 450 գոլ էր խփել։ Այս տրանսֆերից շահեցին բոլորը, բայց գերազանցապես հենց «Ռեալը»։

Չիչարիտո (2010-2015թթ․՝ «Մանչեսթեր Յունայթեդ», 2014-2015թթ․՝ վարձակալությամբ «Ռեալ Մադրիդ»)

Չիչարիտոն «Մանչեսթեր Յունայթեդում» հայտնվեց բավականին բարդ ժամանակահատվածում։ 2010 թվականին ՄՅՈՒ-ի հարձակման գծում խաղում էին անփոխարինելի ու անկասելի Ուեյն Ռունին ու Դիմիտար Բերբատովը, որն իր կարիերայի պիկում էր գտնվում։ Չնայած այսպիսի մեծ մրցակցությանը՝ Չիչարիտոն հիանալի ֆուտբոլ էր ցուցադրում ու կարողանում էր մրցել հիմնական կազմում տեղ ունենալու համար։ 2012 թվականին՝ Բերբատովի հեռանալուց հետո, մեքսիկացի հարձակվողն սկսեց վայելել Սըր Ալեքս Ֆերգյուսոնի վստահությունը։

On This Day In 2015: Chicharito Sends Real Madrid To The Champions League Semi-finals With A Late Winner Vs Atletico - Managing Madrid

2014 թվականին իրավիճակը փոխվեց։ Ֆերգյուսոնը հեռացավ, նրան փոխարինեց Լուի վան Գալը։ Նա այլևս շանս չէր տալիս Չիչարիտոյին։ Մեքսիկացին որոշեց այլ ուղիներ փնտրել իր կարիերայի շարունակության համար։ Ու այդտեղ եկավ «Ռեալը»։ «Արքայական ակումբը» մեկ տարով վարձակալեց մեքսիկացուն՝ հետագայում տրանսֆերը գնելու իրավունքով։ Մեկ մրցաշրջան Էրնանդեսը խաղաց «Ռեալում»։ Նա վատ ֆուտբոլ չէր խաղում։ Չիչարիտոն նույնիսկ խփեց Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչում «Ատլետիկոյի» դեմ պատասխան խաղի միակ ու հաղթական գնդակը։ Անչելոտին նրան վստահում էր։ Սակայն, ի վերջո, մրցաշրջանը վատ ավարտվեց «Ռեալի» համար, Անչելոտին հեռացվեց, իսկ Չիչարիտոն վերադարձավ ՄՅՈՒ, որտեղ այդպես էլ այլևս չխաղաց։ Նա կարիերան շարունակեց «Բայերում»։

Անխել դի Մարիա (2010-2014թթ․՝ «Ռեալ Մադրիդ», 2014-2015թթ․՝ «Մանչեսթեր Յունայթեդ»)

2014 թվականին՝ Չեմպիոնների լիգայի հաղթական եզրափակիչից հետո, ոչինչ չէր հուշում, որ դի Մարիան հնարավոր է հեռանա։ «Ատլետիկոյի» դեմ պատմական եզրափակիչում նա հանդիպման լավագույն խաղացողն էր ճանաչվել։ Այո՛, հենց նա, ոչ թե Սերխիո Ռամոսը։ Դի Մարիան կերտեց «Ռեալի» հաղթական գնդակն ու իսկապես ֆանտաստիկ հանդիպում անցկացրեց։ Սակայն արդեն այդ ժամանակ ակումբի հետ նրա հարաբերությունները լավ չէին։ 2014-ի ամռանը դի Մարիան հեռացավ «Ռեալից»՝ տեղափոխվելով «Մանչեսթեր Յունայթեդ»։

Angel di María's first goal for Manchester United was incredible | For The Win

«Կարմիր սատանաները» «Արքայական ակումբին» 75 միլիոն եվրո վճարեցին դի Մարիայի համար։ Նա դարձավ «Ռեալի» պատմության ամենախոշոր վաճառքը։ 2018 թվականին «Յուվենտուսը» 117 միլիոն եվրո վճարեց Ռոնալդուի համար՝ գերազանցելով դի Մարիայի ցուցանիշը։ Սակայն դի Մարիան ընդամենը մեկ մրցաշրջան խաղաց «Մանչեսթեր Յունայթեդում»։ 63 միլիոն եվրոյի դիմաց նա տեղափոխվեց ՊՍԺ, որտեղ խաղում է մինչև հիմա։ Դի Մարիայի վաճառքից «Ռեալը» զգալիորեն շահեց ու կարողացավ մի քանի լուրջ ձեռքբերումներ ունենալ, որոնք օգնում են թիմին մինչև հիմա։

Ռաֆայել Վարան (2011-2021թթ․՝ «Ռեալ Մադրիդ», 2021-ից՝ «Մանչեսթեր Յունայթեդ»)

Raphael Varane: Man Utd confirm they have reached agreement with Real Madrid for defender | Football News | Sky Sports

Եվ, իհարկե, Ռաֆայել Վարանը։ Ֆրանսիացին, տասը տարի «Ռեալում» խաղալուց հետո, գալիս է «Մանչեսթեր Յունայթեդ»։ Նախադեպերը ցույց են տալիս, որ ավելի հաջողված են լինում այն տրանսֆերները, որոնք Մանչեսթերից Մադրիդ են, այլ ոչ թե հակառակը։ Վարանը ունի շանս այս կարծրատիպը կոտրելու։

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


fastnews-ads-banner
fastnews-ads-banner
fastnews-ads-banner