Logo

Վավերագրություն Քենիայում. «Լամուի արձագանքները» ֆիլմի նկարահանման ընթացքն ու բացառիկ մանրամասներ

14:19 / 04.11.2025ՄՇԱԿՈՒՅԹ
Բացառիկ
null

Fastex-ի և AKNEYE-ի համագործակցությամբ ապրիլին Քենիայի Լամու կղզում նկարահանվել է «Լամուի արձագանքները» (Echoes of Lamu) վավերագրական կարճամետրաժ ֆիլմը:

Ֆիլմը պատմում է Քենիայում բնակվող հայտնի ինքնուս նկարիչ Ալֆա Օդիամբոյի (Alpha ODH) պատմությունը: Արվեստագետը ժամանում է Լամու կղզու Ուբունիֆու արվեստի կենտրոն՝ բացահայտելու տեղացի երեխաների տաղանդները. իր յուրօրինակ արվեստով ներշնչելու նրանց: Ֆիլմը բացահայտում է Ալֆայի արվեստի ուղին։ Ալֆան դառնում է մի խումբ երեխաների մենթորը և ստեղծագործական գործընկերը։

Ֆիլմի ստեղծման աշխատանքների մասնակիցներ Նարե Հարությունյանը, Տիգրան Պետրոսյանը, Միքայել Մայսուրյանը, Պատո Զոհրաբյանը, Անաստասիա Դաուսոնը, Եսայի Պետրոսյանը և Արծրուն Մանուկյանը վստահեցնում են, որ աշխատանքը դյուրին չի եղել, սակայն իրենց համառության և աշխատասիրության շնորհիվ հասել են ցանկալի արդյունքի: Անձնակազմի գլխավոր  նպատակն էր օգնել Լամու կղզու երեխաներին «կտրվել» իրականությունից՝ երևակայելով, պատկերելով և ստեղծագործելով։

«Լամուի արձագանքները» Ֆիլմի ռեժիսորն է Արշակ Խաչատուրյանը: «Ֆասթ Մեդիայի» ռեժիսորը պատմում է՝ աֆրիկական կղզում անցկացված տասը օրերը բացառիկ էին.

«Էմոցիաները շատ տարբեր են: Լամուն, որտեղ իրականացրել ենք նկարահանումները, Քենիայի մշակութային կենտրոններից է, բայց դրան զուգահեռ սոցիալական մակարդակը բավականին ցածր է: Մենք հանդիպել ենք ընտանիքների, որոնք ապրում են ծղոտե խրճիթներում՝ շատ ծանր պայմաններում, բայց այդ պայմանները չեն ստիպել նրանց չարանալ: Նրանց համախմբվածությունը մեզ մոտիվացնում էր»:

Ռեժիսոր Արշակ Խաչատուրյանը

Ֆիլմի սցենարիստ և կրեատիվ պրոդյուսեր Նարե Հարությունյանը նշում է՝ ֆիլմում ներկայացված են AKNEYE-ի, Ալֆայի և Լամու-ի Ուբունիֆու արվեստի կենտրոնի համագործակցության ամենաներդաշնակ պահերը. արվեստագետի և համայնքի կապը, երիտասարդ սրտերում ծնվող ստեղծագործական կայծը և արվեստի շնորհիվ պայծառ ապագայի խոստումը։

 «Այն պարզապես վավերագրական ֆիլմ չէ, այլ վկայություն այն մասին, թե ինչպես կարող են արվեստն ու միասնականությունը փոխակերպել իրականությունը նրանց, ովքեր պատրաստ են երազել»։

Նարե Հարությունյանը Քենիայի Լամու կղզու երեխաների հետ

Ֆիլմը ցույց է տալիս՝ ինչպես կարող է արվեստը կյանքեր փոխել մի վայրում, որտեղ հնարավորությունները քիչ են, բայց երազանքները՝ մեծ։ Երեխաները, որոնցից շատերն առաջին անգամ էին ծանոթանում եռաչափ արվեստին, իրենց պատմություններն ու հույսերը փոխանցել են Ակնուլունք խորհրդանշական քանդակներին․ Լամուի բնապատկերներն ու գույները դարձել են նրանց ներշնչանքը։ Մինչ երեխաները զարդարում էին խորհրդանշական Ակնուլունքները (ակնանման փոքրիկ քանդակներ), Ալֆան ստեղծում էր սեփական AKNEYE քանդակը՝ ազգային նախշերով՝ ցույց տալով Լամու կղզու մշակութային յուրահատկությունները։ Գյուղի տեսարանները, մարդկանց կերպարներն ու երեխաների երազանքները բացահայտում են հակադրություններով լի մի աշխարհ, և Ալֆայի ստեղծագործությունը վերածվում է հայելու, որն արտացոլում է այն ճանապարհը, որը բոլորը միասին անցնում են։ Ալֆան իր աշխատանքը նվիրել է Լամուի Ուբունիֆու արվեստի կենտրոնին: Եվ այս ամենն ամբողջացել է «Լամուի արձագանքներ» ֆիլմում։

Ֆիլմի բեմադրող օպերատոր Միքայել Մայսուրյանը

«Լամուի արձագանքները» (Echoes of Lamu) վավերագրական կարճրամետրաժ ֆիլմի նկարահանումների ժամանակ

Ֆիլմը ընդգրկում է նաև Լամու կղզու տեղական բնակիչների կյանքը և պատմությունները՝ փոխանցելով Լամուի ոգին:

Նշենք նաև, որ ֆիլմը միջազգային կինոփառատոնների դափնեկիր է ՝ Hong Kong Independent Film Festival (Չինաստան), Festival International de Cinéma de Marseille (Ֆրանսիա), Festival de Cine de L’Alfas del Pi (Իսպանիա): Փառատոնների շրջանը շարունակվում է:

Հեղինակ՝ Վարդուհի Մազմանյան

Լուսանկարները՝ ֆիլմի ստեղծագործական անձնակազմի անձնական արխիվից

fastnews-ads-banner