Վերջերս մեծ էկրան բարձրացած «Ոսկե դուբլ» ֆիլմը հայտնվել է հանրության և կինոաշխարհի ներկայացուցիչների ուշադրության կենտրոնում:
Բազմաթիվ բացասական և դրական կարծիքներ ողողել են համացանցը: Դերասանուհի Ելենա Բորիսենկոն ինստագրամյան իր էջում վիդեոհոլովակ է հրապարակել, որտեղ անդրադարձել է «Արարատ 73»-ի մասին պատմող ֆիլմին.
«Ռեժիսորի նկատմամ ունեմ իմ սուբյեկտիվ վերաբերմունքը, քանի որ շատ տարիներ առաջ ինքս եմ մասնակցել նրա ֆիլմի քասթինգին, իսկ նա անգամ առաջադրանք չտվեց՝ տեսնելու ինչպիսի դերասանուհի եմ ես, քանի որ «սերիալի դերասան» կնիքն, այսպես ասած, ինձ հետ էր... Ասելիքս կայանում է նրանում, որ ֆիլմը նկարահանել է ռեժիսորը, բայց մոնտաժել է մեկ ուրիշը: Ռեժիսորն է ունենում հստակ պատկերացումը ֆիլմի մասին, նա է մասնակցել նկարահանումներին: Օրինակ Ռուսաստանում ընդունված է ունենալ մի քանի ռեժիսոր՝ նկարահանման, մոնտաժի և այլն: Այս ֆիլմը ներկայացվել է ռուսաստանյան հանդիսատեսին և ես կուզենայի, որ մրցակցային ֆիլմ լիներ, իսկ այն կարող էր լինել, որովհետև պոտենցիալ տեսնում էի»,- անկեղծացել է Բորիսենկոն և վերջում շնորհակալություն հայտնել իր վաղեմի ընկեր, օպերատոր Արտո Խաչատուրյանին գեղեցիկ կադրերի համար:
Ֆիլմի մասին քննադատության ալիք է բարձրացել այն ժամանակ, երբ ֆիլմում նկարահանված շատ դերասաններ վերջնական ֆիլմից դուրս են մնացել: Այդ մասին շեշտել է Բորիսենկոն և շնորհավորել բոլորին, առանձնապես Արաքսյա Մելիքյանին, ում անգամ չի զգուշացվել, որ չի լինելու ֆիլմում:

Ֆիլմի ռեժիսոր Մհեր Մկրտչյանն անպատասխան չի թողել դերասանուհու քննադատական ուղերձը: Նա ֆեսբուքյան իր էջում Արտո Խաչատուրյանի հետ համատեղ նկար է հրապարակել և կից գրել.
«Լենա, Դուք ճիշտ եք` երբ նոր էի եկել Հայաստան, ունեի ընդգծված բացասական վերաբերմունք սերիալային դերասաններին: Երբեմն իմ վերաբերմունքը վիրավորել է մարդկանց: Սպիտակ մազերի գալով հասկացել եմ, որ սիրուն չեմ վարվել...
Շնորհակալ եմ, որ հիշատակեցիք Արտոյին: Ինքը իմ շատ հին ու լավ ընկերն էր: «Արարատ 73»-ի լիարժեք բեմադրող օպերատորներից մեկը: Ֆիլմի լավ պատկերը նաև Արտոյի մեծ ներդրումն է և կարծում եմ դա կհաստատի մյուս տաղանդավոր օպերատոր Արթուր Ղարայանը:
Հիմա քննադատության մասին: Այո, նկարելուց միայն ռեժիսորը գիտի ինչպես է մոնտաժելու, քանի վայրկյան հետո դերասանի դեմքին կհայտնվի կարևոր էմոցիան, որ երաժշտությունը ոչ թե կպայթեցնի և կվերցնի իր վրա, այլ կբարձրացնի հերոսի ապրած էմոցիան և կհուզի հանդիսատեսին:
Ես չգիտեմ ավելի լավ թե ավելի վատ կինո կստացվեր եթե այդ ամենը անեի ես: Գուցե ավելի վատ, բայց ուրիշ)))...»,-շեշտադրել է ռեժիսորը:
Նա հավելել է նաև, որ «Արարար 73» ֆիլմն արդեն ապրում է ինքնուրույն կյանքով: Հանդիսատեսն իրավունք ունի սիրելու կամ չսիրելու, գովալու կամ քննադատելու:



